Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը». Մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

03.06.2019

Մայիսի 31-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով՝ ներկայացնելով իր՝ որպես մարզպետ պաշտոնավարման օրից մինչ այսօր իրականացված աշխատանքների հաշվետվությունը, և պատասխանեց լրագրողների կողմից առաջադրված հարցերին:
Անդրադառնալով առողջապահության ոլորտին մարզի ղեկավարը, որպես կարևոր ձեռքբերումներ առանձնացրեց մարզային բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների և միջին բուժանձնակազմի թափուր հաստիքների մրցույթների թափանցիկության բարձրացումը և օբյեկտիվ ընտրությունը, նոր երիտասարդ բժիշկների ներգրավումը, բուժանձնակազմի վերապատրաստումների ակտիվացումը, ուռճացված հաստիքացուցակների կրճատումը:
- Բանակցությունների արդյունքում ստացել ենք դիալիզի պարագաների 20 տոկոս զեղչ (մոտ 13մլն դրամ): Մարզի բժշկական կենտրոններում բավականին նվազել է ստվերային դրամաշրջանառությունը և ավելացել են վճարովի ծառայությունների գումարները, որոշ տեղերում դրանք կրկնապատկվել են,օրինակ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վճարովի ծառայության մուտքերը նախորդ տարվա համեմատ 20-24մլն-ից դարձել են 47-52 մլն դրամ:
Խիստ վերհսկողություն է սահմանվել քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի ու մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու առումով: Նկատողության է արժանացել ոլորտի 12 աշխատակից, այդ թվում թվով 4 տնօրեն, 1 բաժնի պետ, 6 բուժքույր և 2 բժիշկ: Այսօր կարող ենք արձանագրել, որ ոլորտից քաղաքացիների դժգոհությունները կտրուկ նվազել են,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա նաև նշեց, որ մարզային բուժհաստատությունների կենտրոնացված դեղորայքի տեղափոխման գները նվազեցվել են 50 տոկոսով: Կարևոր է նաև, որ մարզի շտապօգնության կայանները համալրվել են գծային ռեանիմոբիլներով՝ ընդհանուր առմամաբ 16 մեքենայով:
Խիստ վերահսկողություն է սահմանված ուղեգրող հանձնաժողովների աշխատանքի նկատմամբ, բարձրացել է ուղեգրերի տրամադրման հասցեականությունը:
Համագործակցություն է սահմանվել մի շարք այլ բուժհաստատությունների հետ, ձեռք են բերվել բժշկական գույք և պարագաներ, որոնք կնպաստեն աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն:
Սոցիալական ապահովության ոլորտում Ընտանեկան նպաստի համակարգում մարզն ունի շուրջ 385 մլն դրամի տնտեսում: Ներմուծվել է աշխատանքային նոր ձևաչափ. պարբերական այցելություններ են կատարվում մարզի համայնքներ կամ վարչական տարածքներ՝ աշխատանքային խմբով իրականացնելով ամբողջական ուսումնասիրություններ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների շրջանում:
Կրթության բնագավառում վերացել է ոլորտի համակարգային կոռուպցիան: Մարզի կրթական հաստատությունների տնօրենների ու ուսուցիչների մրցույթները դարձել են թափանցիկ ու արդար, ինչի արդյունքում գրանցվել է դիմողների աճ: Արդար ու թափանցիկ ընտրությունները հանգեցնում են նրան, որ աշխատանքի են անցնում լավագույնները, ինչն էլ բերելու է կրթական որակի բարձրացման:Դպրոցներում ևս վերանայվել են ուռճացված հաստիքները: Արդյունքում դպրոցներն ունեցել են գումարի խնայողություն ու կարողացել են հասնել ֆինանսական կայուն վիճակի, ապահովել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, դպրոցներում իրականացնել շինաշխատանքներ:
Ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները ոչ պատշաճ կատարելու համար որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ, ըստ կարգի, կիրառվել են կարգապահական տույժեր:
Առաջիկայում սպասվում է մանկավարժների աշխատավարձերի բարձրացում շուրջ 10 տոկոսի չափով:
Գյուղտնտեսության ոլորտում կարևորվեց այն, որ պահուստային հողերի աճուրդը դարձել է բաց և հրապարակային: Նախորդ տավա համեմատ Լոռի ՋՕԸ-ի և ջրօգտագործողների միջև կնքվող պայմանգրերի թիվն ավելացել է 259-ով՝ կազմելով է 2509: Վերջին մեկ տարում մարզում հակակարկտային կայանների թիվն ավելացել է 5-ով՝ դառնալով 46: Առաջին անգամ մարզպետարանը հանդիսացել է կապող օղակ մթերող մասնավոր ձեռնարկության և գյուղացու միջև՝ օգնելով թե՛ գյուղացուն՝ պահանջված գյուղմթերք մշակելու, թե՛ արտադրողին՝ անհարժեշտ քանակի ու որակյալ մթերք մթերելու հարցում:
Գարնանացանն ավելացել է շուրջ 1200 հա-ով՝ կազմելով 11.200 հեկտար: Գյուղատնտեսական ներդրումային ծրագրերն ավելացել են 3.5 անգամ. 2017-2018թթ. իրականացվել է թվով 8 ծրագիր, 2018-2019թթ.՝ 28 ծրագիր: Անդրադարձ կատարվեց նաև պետական աջակցությամբ իրականացովող թվով 9 ծրագրի: Ի դեպ, այս ծրագրերին դիմելու առումով մարզը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Մարզպետն անդրադարձավ նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է մարզում ներ դնել 100-150 մլն. դրամ: Շարունակվում են մասնավոր ընկերությունների կողմից ոլորտում իրականացվող ներդրումները: Միջազգային ու այլ ծրագրերի շրջանակներում ևս մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում:
Ֆինանսատնտեսական բնագավառ: 2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 9.5 տոկոսով կամ եկամուտները ավելացել են 203.4 մլն. դրամով:
Իրավաբանական բաժին: Հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն մեծացել է դիմում-բողոքների հոսքը, ինչը վկայում է, որ բնակիչները սկսել են վստահել մարզպետարանին և մարզպետին:
- Հեղափոխոխությունը մարդկանց արդարության վերականգնման հույսեր է ներշնչել և նրանք աստիճանաբար դուրս են գալիս նախկին վախի ու անարադարության մթնոլորտի ճնշման տակից,-ասաց Ա. Ղուկասյանը:
Աուդիտի բաժին: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 90 աուդիտ, որից 78-ը ծրագրային, 12-ը՝ ար¬տա¬ծրագ¬րային: Արդյունքում կայացվել են համապա¬տասխան որո¬շում¬ներ, որոնց հիման վրա խախտում թույլ տված մեկ ՊՈԱԿ-ի տնօրեն ազատվել է աշխատանքից, երկուսը ենթարկվել են կար-գապահական տույժի` ստացել են խիստ նկատո¬ղություն, ևս երկուսը՝ «նկատողություն»:
Արձա¬նագրվել են 95.6մլն. դրամի տարաբնույթ խախտումներ, որից 78.26 մլն դրամի խախտումը հայտնաբերվել է՝ 2018-ի հոկտեմբերից 2019-ի մայիսն ընկած ժամանակահատվածում:
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին: Իրականացվել են ներդրումների ներգրավման ինտենսիվ աշխատանքներ: Կազմակերպվել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ֆորում և ԷՔՍՊՈ տեղական արտադրանքի ցուցահանդես։ Արդյունքում մշակվել է համայնքային և բիզնես 50 ներդրումային ծրագիր, որոնք ներկայացվել են պոտենցիալ ներդրողներին։ Աշխատանքներ են տարվում այս ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Աշխատանքներ են տարվում արտաքին կապերի շրջանակներում՝ ակտիվացնելու Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնի, Ռումինիայի Հարգիտա նահանգի, Չինաստանի Շանսի նահանգի հետ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգի և այլ երկրների տարածքային միավորումների հետ նոր համագործակցություն ստեղծելու ուղղությամբ:
Սուբվենցիոն ծրագրեր: 2018թ.-ին 28 ծրագրային հայտ է ներկայացվել ՀՀ ՏԿԶՆ, որից ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացել է 13 համայնքներից ստացված 20 ծրագիր (ընդհանուր արժեքը՝ 506 մլրդ 475մլն դրամ): 2019թ.-ին մարզի թվով 22 համայնքներից 54 ծրագրային հայտերի ամբողջական փաթեթներ են ներկայացվել ծրագրի 2-րդ փուլի հաղթահարման համար(ծրագրային արժեքը 2մլրդ 286մլն դրամ է):
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:
Քաղաքաշինության բնագավառ: 2018թ. քաղաքաշինության, տրանսպորտի և ճանապարհաշինության, բնակարանային և ենթակառուցվածքների ոլորտում մարզում իրականացվել են շուրջ 16896.7 մլն դրամի շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ քաղաքաշինության ոլորտում փաստացի իրականացվել են 4842.6 մլն դրամի շինարարական աշխատանքներ: 2019թ. քաղաքաշինության, տրանսպորտի և ճանապարհաշինության, բնակարանային և ենթակառուցվածքների ոլորտում մարզում նախատեսվել են շուրջ 24741,4 մլն դրամի շինարարական աշխատանքներ (2019թ-ին նախատեսվող աշխատանքների աճը 2018 թ. համեմատությամբ կազմել է 5,1 մլրդ դրամ, այսինքն՝ 26 տոկոս):
Քաղաքաշինության ոլորտում նախատեսված են շուրջ 4 030.71 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:
Հատկանշական է, որ 2019թ. Լոռու մարզում նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ներառված 3 դպրոցի՝ Վանաձոր քաղաքի թիվ 19 նոր դպրոցի կառուցում, Ալավերդու թիվ 2 դպրոցի հիմնանորոգում,Օձունի թիվ 2 դպրոցի հիմնանորոգում:
2019 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է նախագծել մոդուլային տիպի հանրակրթական նոր դպրոցների շենքեր փոքր թվակազմով աշակերտների համար: Կառուցապատման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Մեդովկա և Հագվի համայնքներում՝ 2020թվականին:
ՀՀ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում բնակապահովման խնդիրների վերաբերյալ մարզպետը նշեց, որ 2018թ. ՀՀ կառավարության 12.04.2018թ. թիվ 424-Ն որոշմամբ հաստատված, հավելված թիվ 1-ում ընդգրկված 198 գույքը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ և սնանկության հարցերով կառավարչից ընդունվել է և ՀՀ անվամբ գրանցվել է սեփականության իրավունք 197 գույքի նկատմամբ: Նշված հավելվածից, ըստ պատրաստականության աստիճանի, ընտրվել է 44 գույք և պետական բյուջեից հատկացված 460 մլնդ. դրամ գումարի հաշվին պետք է ավարտվեն բնակելի տները և սեփականության իրավունքով հանձնվեն շահառու ընտանիքներին: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետին հանձնարարվել է կնքել պայմանագիր «Ֆուլեր տնաշինական կենտրոն» հասարակական բարեգործական ընկերության հետ 2019թ. մարտի 10-ից մինչը դեկտեմբերի 1-ը ավարտել 44 տների շինարարական աշխատանքները և հանձնել շահառու ընտանիքներին:
Ճանապարհաշինության ոլորտում 2018թ.-ին փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 8.51 մլրդ դրամ: 2019թ-ին նախատեսվում է իրականացնել 13.4 մլրդ դրամի աշխատանքներ:
2019 թվականին ջրամատակարարման բնագավառում նախատեսվում են ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանն ուղղված 4 229,1 մլն դրամի աշխատանքներ: «ԲԷՑ» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի կողմից՝ 2,763.7 մլն. դրամի աշխատանքներ:
Մարզի ղեկավարին ուղղված հարցերը բազմաբնույթ էին և վերաբերում էին տարբեր ոլորտներին:
Մասնավորապես «Ֆորտունա» հեռուստաընկերության այն հարցի՝ «Ո՞ր խնդիրներն եք առաջնային համարում», Ա. Ղուկասյանը ասաց.
-Առաջնային և կարևոր են բոլոր խնդիրները և դրանք բազմաթիվ են: Ես կխոսեմ սկզբունքների և աշխատաոճի մասին: Ցանկացած բնագավառ իր խնդիրներով հանդերձ կարելի է բերել նորմալ վիճակի և դնել զարգացման ուղու վրա: Այն համակարգային պայմանները, որոնք ստեղծված են այժմ, լիարժեք տալիս են այդ հնարավորությունները: Կոռուպցիոն դրսևորումները, հովանավորչությունը վերացված է, ինչը կարևոր նախապայման է ցանկացած ոլորտի զարգացման համար: Անլուծելի խնդիրներ չկան,-մասնավորապես նշեց նա:
Կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հարցին՝ մարզի ղեկավարը մասնավորապես պատասխանեց.
-Մարզի դպրոցները այժմ գտնվում են հնարավորինս անկախ վիճակում: Նրանք որևէ այլ պարտավորվածություն չունեն, քան կրթության որակի ապահովումն է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը, հայտնելով իր հստակ դիրքորոշումը, նաև նշեց, որ այն տնօրենները, ովքեր կատարել են ապօրինի գործողություններ, պետական միջոցներն օգտագործել են այլ նպատակներով, եթե անգամ փոխհատուցում են պետությանը հասցված վնասը, դեռ չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն շարունակել պաշտոնավարելը:
Միջհամայնքային տրանսպորտի անմխիթար վիճակին վերաբերող հարցին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ մոտ ապագայում հավանաբար բոլոր երթուղիները կսպասարկվեն մեկ օպերատորի կողմից, ինչը խնդրի արդյունավետ լուծման նպաստավոր տարբերակ է:
Factor.am-ի՝ «Վանաձորի բժշկական կենտրոնում նախատեսվում է ինվազիվ սրտաբանության ծառայություն իրականացնել, կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ» հարցին՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ այդ բաժանմունքում նախնական կլինի երկու մասնագետ, առաջինը՝ Վանաձորի բժշկական կենտրոնից, ով վերապատրաստում է անցել և երկրորդը՝ մայրաքաղաքի բուժհաստատություններից, ով աստիճանաբար իր գիտելիքները և հմտությունները կփոխանցի տեղի մյուս մասնագետներին:
Գազի չափման միավորի փոփոխությամբ պայմանավորված ցույցերի կազմակերպման հետ կապված հարցի վերաբերյալ մարզպետը հայտնեց նույն դիրքորոշումը, ինչը օրեր առաջ (տես՝ http://lori.mtad.am/news/item/2019/05/24/news60/):
«Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանի այն հարցին՝ Դեբեդ գետի վրա «ՇնողՀԷԿ»-ի կառուցման դեպքում աղետալի վիճակ կստեղծվի տարածաշրջանի համար(սրա հետ կապված «Լոռու մարզը» բաց նամակ է հրապարակել), մարզպետը հայտնեց իր հստակ դիրքորոշումը.
-Մարզային իշխանությունները ցանկացած հարցում քաղաքացիների կողքին են: Մինչև ՀԷԿ- ի կառուցումը կլինեն հանրային լսումներ և որևէ աշխատանք, առանց բնակիչների համաձայնության և մասնագետների հիմնավորման, այլևս չի կարող կատարվել,-ասաց Ա. Ղուկասյանը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի՝ Վանաձորի բժշկական կենտրոնում նախկինում կուտակված պարտքի և հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցին, մարզպետը պատասխանեց, որ գործը քննության փուլում է, և ինքը զերծ կմնա մեկնաբանություններից.
-Միայն մի բան կփաստեմ, որ վճարովի ծառայությունների մուտքերն ավելացել են 2.5 անգամ ու այնպես չէ, որ մարդիկ սկսել են ավելի շատ վճարել: Դա կարող է վկայել, որ բուժհաստատությունում եղել է ապօրինի դրամաշրջանառություն: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բժշկական կենտրոնում կուտակված պարտքը արհեստական էր: Այս բուժհաստատությունը ճիշտ աշխատելու դեպքում կարող էր պարտքեր չկուտակել, հիմա փոխվել են մոտեցումները և բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել,-ասաց նա:
Մարզպետը պատասխանեց նաև լրատվամիջոցների այլ հարցերի ևս՝ մասնավորապես նշելով.
- Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ առաքելությունն եմ համարում արդարության և օրինականության վերականգնումը, ունեմ իմ սկզբունքները, որոնք բնականաբար կարող են ոմանց դուր չգալ: Վերջիններս, տարբեր կոալիցիաներ ստեղծելով, երբեմն փորձում են վատաբանել ինձ: Իմ սկզբունքները արդարացի են և դրանցից հրաժարվել ես չեմ պատրաստվում: Վստահ եմ, որ հասարակության մեծ մասն իմ աշխատանքը դրական է գնահատում, իսկ կեղծ, իրականությանը չհամապաասխանող լուրերի տարածումը դատապարտված է ձախողման:
Որևէ պարագայում չեմ հանդուրժելու անօրինականություն: Բոլոր նախկին պաշտոնյաները, ովքեր խրված են եղել կոռուպցիայի մեջ, պետք է փոխհատուցեն պետությանը հասցված վնասը: Հասարակությունը պետք է տա նրանց իրական գնահատականը, նրանք պետք է շրջեն գլխիկոր, այլ ոչ թե հպարտությամբ: Սա համարում եմ իմ առաքելության կարևոր բաղկացուցիչ մասը,-ասաց մարզի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-14 16:15:09