Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի ուղերձը համայնքների ղեկավարներին հստակ էր. «Եթե ձեր պարտականությունները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել»

11.03.2019

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և Լոռու մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը ներկայացրեց տեղեկատվություն մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նա հայտնեց, որ ըստ համայնքներից ստացված տեղեկատվության շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների թիվը 11 751 է, իսկ միջոցառման մասնակիցների կանխատեսվող թիվը՝ 11 722: Շաբաթօրյակի ընթացքում նախատեսվում է օգտագործել 253 անուն տեխնիկա և 6766 գործիք: Մարզում առկա է 112 աղբանոց, միջոցառման ընթացքում նախատեսվում է փակել դրանցից 85-ը:
Ի լրումն ասվածի՝ մարզպետ Ա. Ղուկասյանը հանձնարարեց աշխատանքներն սկսել հենց այսօրվանից, որպեսզի մինչև համապետական շաբաթօրյակի օրն աշխատանքների մեծ մասն ավարտված լինի: Նա կարևորեց նաև մաքրության հետևողական պահպանությունը և կանխարգելիչ գործողությունների իրականացումը ողջ տարվա ընթացքում:
-Ի տարբերություն նախորդ շաբաթօրյակների, այն առավել մասշտաբային է լինելու: Մասնակցելու ենք բոլորս, և կոչ ենք անում նաև քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, իրավաբանական անձանց՝ բոլոր-բոլորին ևս ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում: Ինչպես մեր տան մաքրությունն է մեր նկարագրի մասին վկայում, այնպես էլ՝ մեր քաղաքի ու մարզի մաքրությունը: Այն մաքրելն ու մաքուր պահելը մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է,-ասաց Ա. Ղուկասյանը:
Համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա հայտնեց, որ Լոռու մարզի համայնքներից միայն 19 համայնք է հանդես եկել սուբվենցիոն հայտով՝ ներկայացնելով 39 ծրագրային հայտ: Ծրագրերի ընդհանուր արժեքը 2 մլրդ 700 մլն դրամ է, համայնքների ներդրումը՝ 1 մլրդ 145 մլն դրամ:
Մարզի ղեկավարն անընդունելի համարեց որոշ համայնքների կողմից ցուցաբերվող պասսիվությունը՝ ընդգծելով, որ այդ կերպ նրանք իրենց համայնքների բնակիչներին զրկում են համայնքներում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու հնարավորությունից:
Ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների նկատմամբ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 16.04.2009թ. N 06 հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով ներկայացված պահանջների կատարման ուսումնասիրությունների և դրանց արդյուքում իրականացված քայլերի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկան պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը և մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյան: Նշվեց, որ Լոռու մարզում 39 վարչական վարույթ է հարուցվել և ընդամենը 4 տնտեսվարողի մոտ չի հայտնաբերվել խախտում, ևս մեկ տնտեսվարող շուտով կավարտի վերջնական կարգավորումները, մնացածների նկատմամբ տուգանք կկիրառվի: Նրանց կտրամադրվեն նաև կարգադրագրեր խախտումները վերացնելու համար: Ժամկետը լրանալուն պես կրկին ուսումնասիրություններ կանցկացվեն: Մարզպետը հարցի առնչությամբ նշեց, որ տնտեսվարողներին գործընթացի վերաբերյալ բազմիցս իրազեկվել է, և բավականին երկար ժամանակ է տրված եղել խնդիրը կարգավորելու համար, մինչդեռ նրանք չեն օգտվել ընձեռված հնարավորությունից: Ա. Ղուկասյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորեց հետևողականություն ցուցաբերել այս հարցում և անընդհատ բացատրական աշխատանքներ իրականացնել:
Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին անդրադարձավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նա նշեց, որ 2018թ. սեփական եկամուտների կատարողականը եղել է 97,6 տոկոս, 23,5 տոկոսով ավելի, քան 2017թ.: Այս տարվա երկու ամիսների ընթացքում տարեկան պլանի դիմաց սեփական եկամուտների կատարողականը կազմել է 14,6, իսկ երկու ամսվա պլանի համեմատ՝ 102, 8 տոկոսոս: Նա անդրադարձավ նաև 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություն ունեցող քաղաքացիների և իրավաբանական անձնաց նկատմամբ կիրառվելիք իրավաչափ գործողությունների անհրաժեշտությանը:
Անդրեյ Ղուկասյանը անընդունելի համարեց համայնքների ղեկավարների կողմից պարտադիր լիազորությունների որ պատշաճ իրականացումը:
-Որևէ համայնքում արտոնյալներ չեն կարող լինել: Եթե ձեր պարտականություները չեք կարողանում լիարժեքորեն իրականացնել, ապա ձեր տեղը զիջեք նրանց, ովքեր կկարողանան դա անել,- ասաց մարզի ղեկավարը՝ շեշտելով, որ անգործություն և առավել ևս՝ որևէ օրինազանցություն չի հանդուրժելու:
Տարածքային սոցիալական ծառայություններ քաղաքացիների կողմից ներկայացվող փաստացի բնակության վայրի մասին համայնքների կողմից տրամադրվող տեղեկանքներին առնչվող հարցին անդրադարձավ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Հարցի վերաբերյալ մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հորդորեց բնակիչներին «լավության» նկատառումներով կեղծ տեղեկանքներ չտրամադրել:
-Մեր նպատակը նպաստառուների թվի նվազեցումը չէ, այլ որ դրանք լինեն հասցեական: Այս համակարգը պետք է ամբողջությամբ մաքրվի,-ասաց Ա. Ղուկասյանը:
Համայնքներում զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառման կազմակերպման և իրականացման մասին հարցի վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Քննարկվեցին նաև այլ օրախնդիր հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը Կանանց միջազգային օրվա առթիվ ծաղիկներ նվիրեց մարզի միակ կին համայնքապետին՝ Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14