Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ներկայացուցիչները

27.02.2019

 Մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակին նվիրված, «Թումանյանը մեզ հետ է» խորագրով հանդիսություն էր կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի գրադարանի մեծ դահլիճում, որտեղ բացվել էր գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքների «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Մինչ այդ հոբելյանական հանձնաժողովի նիստ էր տեղի ունեցել Հովհ. Թումանյանի Թբիլիսիում գտնվող տանը, ուր բացվել էր գրողի հուշարձանը:
Գրադարանում ներկայացվեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կրթության, գիտության և մշակույթի հարցերով խորհրդական Կոնստանտին Նացվլիշվիլու, Թումանյանի ծոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի շնորհավորական ուղերձները: Շնորհավորանքի խոսք ասացին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնիշվիլին և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջույնի խոսք ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Նա ասմունքեց նաև Թումանյանի քառյակներից:
«Հովհաննես Թումանյան - բարեկամության ոսկե օղակ» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը: Հովհ. Թումանյանի «Վրաց բանաստեղծներին» գործը (թարգմանությունը՝ Իոսեբ Գրիշաշվիլու) կարդաց բանաստեղծ, թարգմանիչ Գարի Ղալամքարովը: «Անուշ» պոեմից հատվածներ կարդաց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Նանո Պողոսովան: Օրհնության և շնորհավորանքի խոսք ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հարուստ էր նաև միջոցառման երաժշտական հատվածը: Վերջում հուշամեդալներ հանձնվեցին Ա. Հարությունյանին, Դ. Ճիճինաձեին և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Ամիրխանյանին:
Հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, ապա` Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ գրողին և ծաղիկներ խոնարհելով Թումանյանի գերեզմանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17