Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լավագույն գյուղատնտեսներն արժանացան պարգևների

22.10.2018

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ(ծրագիրն իրականացվում է ՌԴ ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ) հոկտեմբերի 20-ին Վանաձորի Հայքի հրապարակում հանդիսավորությամբ նշվեց «Բերքի տոն-2018» տոնահանդեսը:
Տոնակատարությունը համախմբել էր մարզի համայնքների հարյուրավոր բնակիչների, հյուրերի հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և արտերկրից: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, Լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը, ձեռքի աշխատանքներ:
Մասնակիցների թվում էին համայնքների պատվիրակություններ, ագարակատերեր, մեղվաբույծներ, ձկնաբույծներ, գյուղմթերքների վերամշակողներ (պանրագործներ, հացահատիկ աղացողներ և օղեգործներ, հացագործներ), մարզում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, արտադրողներ: Այս տարի առաջին անգամ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով միջոցառմանը մասնակցում էր Մարտակերտի վարչական շրջանի պատվիրակությունը: Վերջինս «Բերքի տոնին» սեփական տաղավարով էր ներկայացել:
Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի ջանքերով Վանաձորի Հայքի հրապարակում ստեղծվել էր իսկական գյուղական միջավայր՝ յուրօրինակ ձևավորմամբ:
Թատերականացված տեսարաններով ներկաներին ողջունում էին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, գեղարվեստական կատարումներով, ուրախ երգ ու պարով հյուրերին ուրախ տրամադրություն էին հաղորդում մարզի համայնքների գեղարվեստական խմբերը, անհատ կատարողներ:
Գյուղախմբերի միջև մթերքների փոխադարձ նվիրատվություն և հյուրասիրություն էր կատարվում:
Աշխույժ երգ-երաժշտության մթնոլորտում բեմահարթակ բարձրացան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, փոխմարզպետներ Արամ Խաչտարյանը, Սերգեյ Սարուխանյանը, Արշակ Հովսեփյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի «Լոռի» մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, պատվարժան հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
-Թանկագի՛ն բարեկամներ, ամբողջ տարվա ընթացքում մեզանում չկա մի տոն, որում չլինի ձեր մասնակցությունը՝ ձեր արդար աշխատանքի բերք ու բարիքներով: Այսօր էլ, ահա, ձեր տոնն է, և պատահական չէ, որ այն նշվում է աշնան ամենագունեղ այս օրերին, երբ բնությունն առատաձեռն վարձահատույց է եղել ձեզ՝ ձեր տքնաջան աշխատանքի դիմաց: Զուր չէ, որ հնուց ի վեր ձեր տքնանքի արդյունքը ժողովուրդը բնորոշում է «ապրել» իմաստով՝ այն անվանելով ԱՊՐՈՒՍՏ: Ուստի, շնորհավորանքի հետ, Լոռու բնակչության անունից ձեզ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ մեր լեռնաստանում դուք քարն ու ապառաժն արտի ու այգու վերածելով՝ ապրուստ եք ստեղծում ոչ միայն ձեր ընտանիքների, այլև բոլորիս համար,-ասաց մարզպետը:

Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության ու բարեմաղթանքի խոսքից ու տերունական աղոթքից հետո տոնախմբության մասնակիցներին և հյուրերին ողջունեցին նաև ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, Մարտակերտի վարչական շրջանի գյուղատնտեսության բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը: Ա. Վալեսյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ պատրաստակամ են միջոցառմանն աջակցելու նաև հաջորդ տարի:
Ապա, ընդունված կարգի համաձայն, ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին և անհատներին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ:
«2018թ. ընթացքում գյուղատնտեսական ցուցանիշներով առավելագույն մակարդակ ապահոված մարզի լավագույն համայնք» ճանաչվեց Մեծ Պարնի համայնքը (համայնքի ղեկավար` Գագիկի Պալյան):
«2018թ. ընթացքում գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովված լավագույն կազմակերպություն» ճանաչվեց «Սուսան Ղազարյան» ԱՁ-ն (տնօրեն՝ Սուսան Ղազարյան):
«2018թ. ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները բարեխիղճ պահպանելու համար մարզի լավագույն մեխանիզատոր» ճանաչվեց Կառլեն Պողոսյանը (գ. Լոռի Բերդ):
«2018թ. ընթացքում մեղվաբուծության բնագավառում մեղվաընտանիքները զարգացնելու, առողջ պահպանելու և բերքի բարձր ցուցանիշներ ապահովելու համար մարզի լավագույն մեղվաբույծ» ճանաչվեց Արամ Ոսկանյանը (գ. Մեծ Պարնի):
«2018թ. ընթացքում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար լավագույն անասնաբույժ» ճանաչվեց Նարինե Շիրոյանը (ք.Սպիտակ):
«Գյուղատնտնեսական մշակաբույսերի արտադրության գործում երկարամյա և արգասաբեր ավանդ ունենալու համար 2018թ. մարզի լավագույն հողագործ» ճանաչվեց Վարդգես Դավթյանը (գ. Գյուլագարակ):
«Բերքի տոն» տոնակատարությանը ամենամյա մասնակցության և գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները ցուցադրելու համար լավագույն համայնք» ճանաչվեց Լերմոնտովո համայնքը (համայնքի ղեկավար` Էդիկ Չախալյան):
2018թ. ընթացքում մսի և կաթնամթերքի արտադրության բարձր ցուցանիշեր ապահովելու համար պարգևատրվեց Ասատուր Հարությունյանը (ք. Տաշիր):
«Լավագույն ֆերմեր» անվանակարգին արժանացավ Աղասի Գևորգյանը (գ. Սարամեջ), 2018թ. ընթացքում մեղվաբուծական մթերքների վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ ապահոված լավագույն արտադրող ճանաչվեց Հարություն Զաքարյանը (ք. Վանաձոր):
Մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը՝ «Բերքի տոն-2018» տոնակատարության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար, «Լոռի» ՋՕԸ տնօրեն Կարեն Ոսկանյանը՝ 2018թ. ոռոգման աշխատանքները բարեխղճորեն կազմակերպելու, ոռոգման համակարգերի պահպանման միջոցառումները ժամանակին կատարելու համար, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի «Լոռի» մասնաճյուղին (կառավարիչ Ա. Դավթյան)՝ Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունների հետ սերտ hամագործակցելու և «Բերքի տոն» մարզային տոնակատարության կազմակերպմանն ու անցկացմանը պարբերաբար աջակցելու համար, Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանը (վարչակազմի ղեկավար` Էդգար Հարությունյան) Լոռու մարզային «Բերքի տոն-2018» տոնակատարությանն ակտիվորեն մասնակցելու և գյուղատնտեսական մթերքների ցուցադրման «Լավագույն տաղավար» ձևավորելու կապակցությամբ: Արժեքավոր նվերներ հանձնվեցին նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի «Լոռի» մասնաճյուղի կողմից:
Տաղավարներով շրջայցի ընթացքում որոշվեցին լավագույն ցուցանմուշներ ներկայացրած համայնքները` Լոռի Բերդը, Մարգահովիտը, Դսեղը և Մարտակերտի վարչական շրջանը, որոնց ևս հանձնվեցին շնորհակալագրեր:
Տոնակատարության ընթացքում տեղի ունեցան նաև մարզական միջոցառումներ, որոնց հաղթողներն արժանացան մրցանակների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00