Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սիրելի' լոռեցիներ, հարգելի' գործընկերներ, լրագրողներ

15.10.2018

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը՝ այս պատասխանատու և միևնույն ժամանակ անչափ պարտավորեցնող պաշտոնն ինձ վստահելու համար: Այն ես համարում եմ ոչ թե սոսկ պաշտոն, այլ առաքելություն, որը ծառայեցնելու եմ ի նպաստ մեր մարզի զարգացման: Այս մոտեցմամբ եմ ես ընդունել իմ՝ Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկն ու այս մտայնությամբ եմ առաջնորդվելու պաշտոնավարման ողջ ընթացքում՝ անկախ մարզպետի պաշտոնում լոռեցիներին ծառայելու ժամկետներից, դժվարություններից, խոչընդոտներից:
Ծառայելու, որովհետև վերջին վեց ամիսներին ու այսուհետ ժողովուրդն է իրական իշխանությունը, ժողովուրդն է իրական ընտրողը և ժողովրդի կամքն անբեկանելի է ցանկացած իրավիճակում: Դա են վկայում մինչ և հետհեղափոխական բոլոր զարգացումները: Դա են վկայում «թավշյա հեղափոխությունը» վավերագրող լուսանկարներն ու տեսանյութերը: Դրանցից մեկն այսուհետ փակցված կլինի Լոռու մարզպետարանի դահլիճում՝ որպես հայ ժողովրդի հզոր կամքի, արդար պայքարի, արժանապատվության ու վաղվա հույսի հավաստիք:
Հենց այս իրական իշխանության կարծիքը պետք է գերակա համարենք մեր բոլոր որոշումները կայացնելիս: Սա է լինելու թե՛ իմ, թե՛ ողջ մարզպետարանի, Լոռու մարզի բոլոր համայնքների, մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցների ղեկավարների ու աշխատակիցների մոտեցումն աշխատանքում:
Լոռեցին պետք է շատ կարճ ժամկետներում զգա դրական փոփոխություններն իր մարզում՝ նախ վերաբերմունքի, մոտեցումների, ապա և գործուն քայլերի տեսքով: Այս հարցում լինելու եմ չափազանց պահանջկոտ ինքս իմ, հետո նաև բոլորիդ նկատմամբ:
Իմ երազանքն է տեսնել Լոռին՝ զարգացած, լոռեցուն՝ հպարտ ու բարեկեցիկ կերպարով: Այս նպատակին հասնելու համար չեմ խնայելու ո՛չ ջանք, ո՛չ եռանդ, ոչի՛նչ:
Մարզի ցանկացած կառույցում յուրաքանչյուր խախտում, վրիպում, բողոք, կոռուպցիոն ցանկացած դրսևորում համարելու եմ նախ և առաջ իմ բացթողումը և ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դրանք վերացնելու, ինչպես նաև այդ շղթաներում ներգրավված անձանց օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկելու համար:
Պետք է անենք ամեն ինչ մարզպետարանում, համայնքապետարաններում, մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցներում կոռուպցիոն ամենատարբեր դրսևորումները բացառելու համար:
Մարզի տարածքում իմ ուշադրության կենտրոնում են լինելու թափուր աշխատատեղերի բոլոր մրցույթները՝ անկախ ոլորտներից, անկախ կառույցի մարզային ու համայնքային ենթակայության լինելու հանգամանքից:
Խոշորացույցի տակ են լինելու մարզպետարանի, մարզային ենթակայության կառույցների, համայնքապետարանների ու համայնքապատկան կառույցների ֆինանսական բոլոր հոսքերը:
Մարզի տարածքում ու մարզպետարանում գործելու է կադրային քաղաքականության մեկ մեխանիզմ. գիտելիքի, կրթական ցենզի, փորձառության ու աշխատանքի որակի մեխանիզմը: Բացառվելու է ծանոթ-խնամի-բարեկամի մեխանիզմով, անձնական կապերի հաշվին կամ մտերմության աստիճանով տարաբնույթ հարցերի կարգավորման ու աշխատանքի տեղավորման տարբերակը:
Մեր աշխատանքում հաջողելու համար պետք է ռադիկալ փոփոխությունների ենթարկվի մարզպետարանի աշխատելաոճը: Տարբեր գերատեսչությունների հետ օրինակելի փաստաթղթաշրջանառությունից զատ մենք պետք է սկսենք ձևական գործելաոճը վերածել իրական՝ տեսանելի, ակտիվ աշխատանքի:
Վերջին 3-4 ամիսներին մարզպետարանում իմ աշխատանքային գործունեության արդյունքում կարող եմ արձանագրել, որ այս կառույցը, ի թիվս իրենց աշխատանքի գիտակ մարդկանց, ունի նաև զգալի թվով ոչ կոմպետենտ, ոչ արդյունավետ աշխատողներ: Սա համարում եմ շռայլություն՝ պետբյուջեի միջոցների հաշվին:
Մենք պետական միջոցներն անարդյունք մսխելու ու ժամավաճառության դիմաց աշխատավարձեր վճարելու իրավունք չունենք: Մենք լոռեցուն անտարբեր դեմքով ու անգործությամբ հուսախաբ անելու իրավունք չունենք: Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի, և մենք պետք է արդարացնենք նրա բոլոր հույսերը:

........................
Հեղափոխությունը պետք է հասնի Լոռի, հեդափոխությունը պետք է տեսանելի լինի բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն:
Առողջապահության ոլորտում փոփոխությունները պետք է սկսենք բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումներից: Պետք է ապահովենք ոլորտի շարունակական զարգացում՝ բուժսպասարկման որակի բարձրացման, մասնագետներով համալրման ու վերապատրաստումների, դրամարկղից դուրս դրամաշրջանառության բացառման ու թափանցիկ գործելաոճի հաշվին:
ժողովրդական թավշյա հեղափոխությունը մեզ ընձեռել է բացառիկ հնարավորություն առողջապահական, կրթական ու մյուս բոլոր ոլորտները քաղաքականացված կաղապարներից, ընտրակեղծարարների պիտակից մաքրազերծելու համար:
Կրթական ոլորտը, որտեղ կուսակցականացումը տարիներ շարունակ համատաած բնույթ է կրել, պետք է ձերբազատվի որևէ կուսակցության աշխատանքներում նեգրավվված լինելու պարտավորությունից: Դպրոցը, տնօրենը, մանկավարժը պետք է ունենա մեկ գերխնդիր. ապահովել որակյալ կրթություն, կրթել արժանապատիվ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր վաղը կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները, ասել է թե իրենց համայնքը, մարզը, իրենց երկիրը ու հող հայրենին:
Քաղաքաշինության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է լինեն համակարգված, իրավասու վարչությունների ու ոլորտների պատասխանատուների վերահսկողության տակ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան:
Մենք բոլորս քաջատեղյակ ենք, թե մինչ այժմ ինչպես են անցկացվել քաղաքաշինական ու այլ՝ տարաբնույթ ծրագրերի մրցույթների գոնե մի զգալի մասը: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կազմակերպությւնների, վերահսկոկղություն իրականացնողների ու պատվիրատուների միջև մրցույթի մասնակացության ու արդյունքների հետ կաված նախնական պայմանավորածութուններ չլինեն: Հակառակ պարագայում, նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում իմ մոտեցումը լինելու է կոշտ ու կտրուկ:
Գյուղատնտեսության ոլորտը Լոռու մարզում զարգացման առաջնահերթությունների առաջին եռյակում է: Այն նոր մոտեցումների, նոր լուծումների կարիք ունի: Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում, կաթիլային համակարգով ոռոգում, առավել շահութաբեր մշակաբույսերի մշակում, մշակաբույսերի մշակման առումով համայնքային ընդհանուր մոտեցումներ:
Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք Լոռին պոտենցիալ ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այս առումով հսկայական անելիք ունի մարզպետարանի զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժինը: Լոռու մարզպետարանը պետք է աշխատի ոչ միայն մարզի համայնքներում զարգացման ծրագրերի կազմման աջակցելու, այլև դրանք հնարավորինս մեծ թվով հարթակներում ներկայացնելու ու կազմված ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ:
«Պետություն» նշանակում է արժանապատվություն: Եթե այն չկա, ուրեմն ոչ թե պետություն է, այլ վարչական մեքենա»: Լրատվական ոլորտի փորձագետներից մեկը վերջերս նման միտք էր արտահայտել:
Լիովին կիսելով հնչեցված տեսակետը, պետք է հիշեցման կարգով հավելեմ, որ, մարզպետարանները հանդիսանալով պետական կառավարում իրականացնող մարմիններ, իրագործելով Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, պետք է լինեն այդ արժանապատվության կրողները:
Եվ մենք պարտավոր ենք անընդհատ հիշել ու հիշեցնել, որ
-ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին
-որ մեր երկրում Մարդը բարձրագույն արժեք է
-որ Մարդու արժանապատվությունն անխախտելի է:
-որ բոլորը հավասար են օրենքի առջև:
......................................................................................................................................................
ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն: Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն՝
- Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
- Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը:
- Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:
- Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
- Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:
..........................................................................................................................................

ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածը, որով կարգավորվում է Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը, արձանագրում է՝ Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:Եվ ես, որպես այդ քաղաքականության կրողն ու իրագործողը, պետք է ձեռնարկեմ հնարավոր ու անհնար բոլոր քայլերը հաջողելու ու խոսուն արդյունքներ գրանցելու համար:


Շնորհակալություն:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09