Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կարճ ժամանակ անց Վանաձորը վերականգնելու է իր երբեմնի կանաչ, բարեկարգ ու հյուրընկալ քաղաք լինելու համբավը». տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը

15.02.2018

 Այսօր անցկացվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այս տարվա առաջին մամլո ասուլիսը, որին մասնակցում էին տեղական և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնյաներ: Ասուլիսը վարում էր մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:
Մինչ հարցուպատասխանին անցնելը մարզի ղեկավարը ներկայացրեց 2017 թվականին նախաձեռնված բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերի, դրանց կատարման ժամկետների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ համառոտ հաշվետվություն (ամբողջական հաշվետվությունն այստեղ՝ http://lori.mtad.am/files/docs/30794.pdf):
Մարզի ղեկավարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
«Անկյուն+ 3» հեռուստաընկերություն, Մերի Մակարյան
-Պարոն Նալբանդյան, 2017թ.-ին որքանո՞վ է ավելացել աշխատատեղերի թիվը:
-Ըստ վիճակագրական տվյալների, 2017թ.-ին 2016թ.-ի համեմատությամբ աշխատատեղերի թիվն ավելացել է 700-ով: Բայց 2018թ.-ին, ցավոք, «Թեղուտ» ՓԲԸ-ում սպասվող կրճատումների պատճառով մենք այս առումով խնդրի առաջ կկանգնեն:
-Վառելիքի թանկացումը և անոմալ եղանակային պայմանները, Ձեր կարծիքով, կարող են ազդել ցանքատարածությունների նվազման վրա:
-Ըստ մեր նախնական վերլուծությունների, նվազման միտումներ չկան, փոքր-ինչ խնդիրներ կարող են առաջանալ ոռոգման ջրի սակավության հետ կապված, քանի որ տարին, կարծես թե, տեղումնառատ չէ: Եղանակի հետ կապված առայժմ ցանքատարածությունները որևէ վնաս չեն կրել: Մենք գիտակցում ենք, որ գյուղատնտեսությունն ամենառիսկային ոլորտներից է, բայց պետական աջակցության ծրագրերը շարունակվում են, և գյուղատնտեսների կողմից ներկայացված սերմացուի, դիզվառելիքի և պարարտանյութի հայտերն ընդհանուր առմամբ՝ չեն նվազել:
«Ֆորտունա» հեռուստաընկերություն, Անահիտ Կարապետյան
- Ինչպիսի՞ն են տնտեսական զարգացման հեռանկարները 2018թ.-ին:
-Նախորդ տարեվերջին 2018թ.-ին հետ կապված շատ ավելի լիահույս էինք ու վստահ, որ այս տարի տնտեսական շատ բարձր ցուցանիշեր ենք ապահովելու: Սակայն «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցման հետևանքով, որի մասնաբաժինը մարզի մակրոտնտեսական ցուցանիշների մեջ մեծ է, անկումն անխուսափելի է ու անգամ ակնկալվող ներդրումները չեն կարող էականորեն ազդել ստեղծված իրավիճակի վրա:
-Հաջորդ հարցը վերաբերում է Վանաձորի բժշկական կենտրոնին: Այն շուտով շահագործման կհնաձնվի, մասնագետների կամ բժշկական սարքավորումների պակաս չի՞ զգացվի:
-Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը ևս համարում եմ կարևոր ձեռքբերում: Այն շահագործման կհանձնենք գարնանը: Կենտրոնը տարածաշրջանում եզակի բուժհաստատություն է լինելու՝ հագեցած ամենաժամանակակից բուժսարքավումներով, տեխնիկական միջոցներով: Մենք այստեղ ունենալու ենք ամեն-ամեն ինչ և պատահական չէ, որ 2018թ.-ին նախատեսել ենք վճարովի ծառայություններն ավելացնել 15 տոկոսով՝ ի հաշիվ նաև նոր ծառայությունների: Կենտրոնը նաը նոր մասնագետներով է համալրվելու: 2017թ.-ին 11 մասնագետ ենք ընդունել՝ երիտասարդ և խոստումնալից բժիշկներ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:


«Հետք» էլեկտրոնային թերթ, Գայանե Սարգսյան
-Պարոն մարզպետ, «Թեղուտի» աշխատակիցներն անհանգստացած են կրճատումների կապակցությամբ և մարդիկ տարակուսում են՝ ինչպե՞ս են մեղմելու ստեղծված սոցիալական վիճակը:
-Վերագործարկվելու դեպքում, աշխատողները նույն քանակով կվերականգնվեն, բայց ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության, հունվարի 31-ի դրությամբ ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։ Այնուամենայնիվ, ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողներին, որպեսզի ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։
«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է կոլեկտիվի առավելագույնս պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։
Ինչ վերաբերում է Ձեր նշած սոցիալական խնդիրներին, ապա, ցավով պետք է նշեմ, որ հատկապես Թումանյանի տարածաշրջանում մենք կունենանք սոցիալական խնդիրներ, որոշ չափով նաև արտագաղթ:
-Անցած տարի ակտիվորեն քննարկվում էր «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ գազաբալոնների և կարբոնի գործարանի հիմնադրման հարցը, բայց կարծես թե գործընթացը կանգնել է:
-Նման բան չկա, ուղղակի բանկային գործարքների հետ կապված ընկերությունը մի փոքր հապաղում ունի, բայց ներդրողը խոստացել է կարճ ժամանակում սկսել և ավարտել շինարարական աշխատանքները:
«Ազատություն» ռադիոկայան, Նարե Ստեփանյան
-Դուք համամիտ եք, բնապահպանների այն տեսակետին, որ ժամակավար աշխատանքի համար «Թեղուտը» ապարդյուն բնապահպանական խնդիրներ առաջացրեց տարածքում:
-Քաջածանոթ լինելով «Վալլեքս» ընկերությունների խմբի գործունեությանը՝ վստահեցնում եմ, որ ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում նոր մշակույթ է բերել Հայաստանի Հանրապետություն և մինչև վերջերս, մասնագետներն իրենք էին վստահեցնում, որ ընկերության կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերն ու միջոցառումները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Թե հիմա ինչ նոր խնդիրներ են ծագել, պարզ կդառնա վերջնական ուսումնասիրություններից հետո:
«Լոռու մարզ» թերթ, Մանվել Միկոյան
-Մարզկենտրոնում նախորդ տարի մի շարք բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, մասնավորապես, հիմնանորոգվեցին և ասֆալտապատվեցին մի քանի փողոցներ, սակայն քաղաքի զբոսայգիներում, մեղմ ասած, անմխիթար վիճակ է տիրում: Վանաձորը զբոսաշրջային կենտրոն դառնալու ծրագրի շրջանակներում, ինչպե՞ս պետք է լուծվի զբոսայգիների ճակատագիրը:
-Ձեր նշած խնդիրներն, իհարկե, առկա են, բայց ի լուր Ձեզ և մեր հանրությանը ուզում եմ տեղեկացնել, որ այս տարվանից սկսած՝ Վանաձոր համայնքի զարգացման ծրագիրը մեկնարկելու է Ասիական բանկի կողմից 25 մլն դոլարի ներդրումային ծրագրի շրջանակներում: Բարեկարգվելու են Վանաձորի բոլոր հիմնական փողոցները, հրապարակները, այգիները և Վանաձորը վերականգնելու է իր երբեմնի կանաչ, բարեկարգ ու հյուրընկալ քաղաք լինելու համբավը: Վանաձորի քաղաքապետարանը մշակել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն է ներկայացրել նախնական նախագծային տարբերակները:
Մեկ այլ ներդրումային ծրագրի շրջանակներում Վանաձորի զարգացման տեսլականում մենք դիտարկում ենք նաև Մայմեխի ստորոտում կառուցվելիք ճոպանուղին և ձմեռային սահուղիները: Սրա մեկնարկը նույնպես նախատեսում ենք այս տարի: Միայն առաջին փուլում մեզ անհրաժեշտ են լինելու 3500 մարդ/օր հյուրանոցային պայմաններ, իսկ այսօր մեր առավելագույն հնարավորությունները 1800-2000 մարդ/օր է: Այսինքն՝ այս ծրագրերի իրականացումն իր հետ կբերի նաև նոր ներդրումներ, սպասարկման ոլորտի աշխուժացում, ենթակառուցվածքների բարելավում: Մի խոսքով՝ հեռահար զարգացման շղթա կապահովի տարածաշրջանի, ինչու չէ նաև՝ մարզի համար: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ Վանաձորում ներդրումային բում է սպասվում:
«Առավոտ» թերթ, Տաթևիկ Ղազարյան
-Վանաձոր-Բագրատաշեն՝ Մ6, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների որակից արդեն իսկ դժգոհություններ կան վարորդների կողմից: Ու՞մ կողմից են վերահսկվում այդ աշխատանքները:
-Ճանապարհի կառուցման պատվիրատուն և վերահսկողը հանդիսանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է և խոսել որակի մասին, երբ աշխատանքները դեռևս ընթանում են, ճիշտ չէ: Այս ճանապարհի կառուցումը գտնվում է անմիջապես ՀՀ նախագահի վերահսկողության ներքո, և նախարարությանը հանձնարարվել է խստորեն վերահսկել որակը: Այս ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2019թ.-ին:
«Հենարան» էլեկտրոնային թերթ, Գոհար Մովսիսյան
-Համայնքների խոշորացումը, Ձեր դիտարկմամբ, արդյունավետ գործընթաց էր:
-Ցանկացած նոր գործի սկիզբ դժվար է ընդունվում, այդ թվում նաև՝ այս գործընթացը: Բազմիցս այդ մասին խոսելու առիթներ ունեցել եմ: Ես միանշանակ կողմ եմ համայնքների խոշորացման գործընթացին: Սա հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների կառավարումը առավել արդյունավետ դարձնել: Այս կերպ համայնքներում առկա ռեսուրսները կենտրոնացվում են և ուղղվում նպատակային ծրագրերի իրականացմանը: Մենք տարիներ հետո կգիտակցենք, թե ինչ լուրջ բարեփոխումներ ենք իրականացրել այս ուղղությամբ:
Ընթացքում հնչեցին նաև այլ հարցեր, տրվեցին հստակ պատասխաններ:
Ասուլիսի ավարտին մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին ակտիվ համագործակցության համար և վստահեցրեց, որ 2018թ.-ին ևս Լոռու մարզպետարանը շարունակելու է բաց և թափանցիկ աշխատաոճը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00