Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակ ՝ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը

02.02.2018

 Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ «Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակի բացման հանդիսավոր արարողությունը։
Սա մարզի ղեկավարի կողմից Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու նախաձեռնության հերթական քայլն էր ըստ էության: Ինչպես հայտնի է, այդ նախաձեռնության շրջանակներում արդեն 17 «Սմարթ» դասասենյակ է գործում մարզում, և մարզպետ Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ այս տարվանից նախադպրոցական կրթության և դաստիարակության հաստատություններում ևս պետք է կյանքի կոչվի «Սմարթ» սենյակներ ունենալու գաղափարը:
Այս գաղափարի կրողն առաջինը դարձավ հենց այս հաստատությունը:
Բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, քաղաքական գործիչներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց հետո, իրենց գեղեցիկ պարային կատարմամբ հանդես եկան մշակույթի տան ժողովրդական պարի խմբակի սաները։ Այնուհետ հյուրերը շրջեցին երեխաներին հատկացված տարածքում, ծանոթացան ստեղծված պայմաններին, ձեռք բերված գույքին, ուսուցողական նյութերին և խաղալիքներին։ «Մշակութային և ինտելեկտուալ զարգացման» խմբակի ուսուցումը անց է կացվելու Կրթության և Գիտության նախարարության կողմից հաստատված, ինչպես նաև կրթության ու մշակույթի ոլորտի առաջավոր մասնագետների հետ քննարկումների արդյունքում մշակված ծրագրով։ Նախատեսված են նախադպրոցական տարիքին հատուկ համակարգչային տեխնիկային ծանոթանալու,մայրենի լեզվով խոսքի զարգացման, օտար լեզուների, մաթեմատիկայի, վարվեցողության, շախմատի, ինչպես նաև նկարչության, երգեցողության, պարի, ֆիզկուլտուրայի, ծեփի, ապլիկացիայի, խաղերի, հեքիաթների և մուլտֆիլմերի ժամեր։ Հյուրերը կարծիք հայտնեցին, որ այս նորաստեղծ կենտրոնը իր տեսակի մեջ առաջինն է մարզում։ Մարզի ղեկավարը ողջունելով այս նախաձեռնությունը՝ հույս հայտնեց, որ այն ընդօրինակելի կլինի նաև մյուս մշակութային օջախների և նախակրթարանների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09