Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու»

19.01.2018

 Հունվարի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների խոշորացված և Վանաձորի ու Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը և Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
-Համայնքների խոշորացման գործընթացից հետո, այս ձևաչափով առաջին անգամ ենք խորհրդակցություն անցկացնում, ուստի, պատահական չէ, որ քննարկվող հարցերի շրջանակները բավականին տարողունակ են, այս տարվա անելիքները՝ նույնպես,-իր ողջույնի խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, որը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա նշեց, որ հաշվետու տարում եկամուտների հավաքագրման գերակատարում կա գրեթե բոլոր հարկատեսակների գծով (բացառությամբ հողի հարկի) և համայնքների մեծ մասն ապահովել է 100 և ավելի տոկոս եկամուտների հավաքագրում: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին նման ցուցանիշներ ապահովելու կապակցությամբ և հանձնարարեց 2017թ. համեմատությամբ 2018թ.-ին բյուջեով պլանավորել ավելի շատ եկամուտներ:
-Սա բնավ չի նշանակում արհեստականորեն նվազեցնել կամ ավելացնել եկամուտները: Մենք ձեզնից պահանջում ենք իրատեսական բյուջեներ կազմել: Անձամբ ես հետևողական եմ լինելու համայնքային բյուջեների թե՛ եկամտային, և՛ թե ծախսային մասերին: 2018թ. միասնական ջանքերով տեղական ինքնակառավարման մակարդակն առավել բարձր հարթություն ենք տեղափոխելու,-ասաց Ա. Նալբանդյանը:
Համայնքների 5 – ամյա զարգացման ծրագրերի կազմման անդրադարձավ Զարգացման ծրագրերի, տուրիզմի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա համայնքների ղեկավարներին տեղեկացրեց, որ զարգացման 5-ամյա ծրագրերի առկայության դեպքում, պետք է կազմեն տարեկան աշխատանքային պլաններ, որով և կառաջնորդվեն ընթացիկ տարում, իսկ խոշորացված համայնքները շուտափույթ ձեռնամուխ լինեն 5-ամյա զարգացման ծրագրերի և այնուհետև՝ տարեկան աշխատանքային պլանների կազմմանը: Հ.Մկրտչյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել: Բաժնի պետն անդրադարձավ նաև՝ համայնքներում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին: Մասնավորապես՝ պետական և համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմանը (հստակ չափորոշիչների սահմանում ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ):
-Այս հանձնարարականի նպատակը ներդրումային ծրագրերի ապահովումն է: Եթե նախկինում գումարներ հայթայթելու խնդիր կար, ապա այժմ, վստահեցնում եմ ձեզ, ֆինանսավորման աղբյուրներն առկա են և միայն որակյալ ու իրատեսական ներդրումային ծրագրերն են պակասում: Ձեր համայնքների զարգացման թիվ մեկ պատասխանատուն դուք եք, ձեր փոխարեն ոչ ոք ներդրումային ծրագիր չի գրելու,- ի լրումն ասաց մարզպետը:
Նա անդրադարձավ նաև հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ մեծ ցանկության և աշխատանքի շնորհիվ, եթե ոչ մեկ, ապա երկու-երեք տարում հնարավոր կլինի հասնել բազաների վերջնական ճշգրտմանը:
Մարզպետը ևս մեկ անգամ խոսեց «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման կարևորության մասին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելուն, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքվելիք աղբահանության պայմանագրերի կարևորությանը:
Մարզպետը համայնքների ղեկավարաներին հանձնարարեց առաջիկայում հանրության առջև հանդես գալ 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Քննարկվեցին այլ հարցեր ևս, եղավ հարց ու պատասխան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38