Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Փոփոխության սերունդ». Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվեց անգլերենի ակումբ

08.11.2017

 Բրիտանական խորհրդի «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում բացվեց անգլերենի ակումբ: Արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավորությունների ու միջմշակութային հաղորդակցության լեզուն` նոր ձևաչափով ու մեթոդներով, այսուհետ ակումբի գործունեության տեսքով դառնալու է 9-16 տարեկան երեխաների բարեկամն ու սեփականությունը:
Մինչ ակումբի հանդիսավոր բացման արարողությունը ծրագրի պատասխանատուներին՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և անգլերեն ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հյուրերը տեղեկացրին, որ Բրիտանական խորհրդի «Փոփոխության սերունդ» կրթական ծրագիրն իրականացվում է «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի ֆինանսավորմամբ:
-Ակումբների գործարկումը երեխաներին հնարավորություն կտա բարելավել անգլերենի իմացությունը Բրիտանական խորհրդի կողմից տրամադրվող ավելի քան 50 գրքերի միջոցով: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել Բրիտանական խորհրդի «Սովորել անգլերեն պատմություններ կարդալու միջոցով» ծրագրից, որը կնպաստի լեզվի իմացության բարելավմանը և աշխարհճանաչողության զարգացմանը,-ասաց Արևիկ Սարիբեկյանը՝ հայտնելով նաև, որ անգլերենի ուսուցումից բացի ակումբներում կանցկացվեն դասընթացներ և քննարկումներ, որոնք երեխաների մոտ կզարգացնեն առաջնորդության և թիմային աշխատանքի հմտությունները, քննադատական մտածողությունն ու խնդիրների կարգավորման կարողությունը, որոնք համարվում են 21-րդ դարի առանցքային հմտությունները: Երեխաները կծանոթանան նաև սոցիալական ձեռներեցության հիմունքներին, ձեռք կբերեն գիտելիքներ բիզնեսի վերաբերյալ և կսովորեն, թե ինչպես կարող է գործարարությունն օգնել համայնքի զարգացմանը: Երեխաների հետ աշխատելու համար իրականացվել է նաև ուսուցիչների վերապատրաստում: Նրանք սովորել են հեքիաթասացություն, սոցիալական ձեռնարկատիրության դասավանդման հմտություններ` ձեռք բերելով երիտասարդ սերնդի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ հիմնական գիտելիքներ: Դասընթացն անցած ուսուցիչներից ոմանք այնուհետ կներգրավվեն ակումբի աշխատանքներում՝ ապահովելով դրանց արդյունավետ աշխատանքը:
Մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց, մարզը նման կարևոր ծրագրում ընդգրկելու համար՝ նշելով, որ «Սմարթ» մարզ դառնալու ծրագրի իրագործման ճանապարհին նմանատիպ ակումբների գործունեությունը մարզում շատ կարևոր է:
- Անձամբ ես և Լոռու մարզպետարանի աշխատակազմը կանենք հնարավորը, որպեսզի ակումբի գործունեությունը կայանա, քանի որ նմանատիպ կենտրոնների ստեղծումն առաջին հերթին նպաստում է մեր պատանիների ու աղջիկների զարգացվածությանը,-ասաց Ա. Նալբանդյանը:
.Ակումբի բացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի, ծրագրի ներկայացուցիչները, ովքեր ողջունեցին և շնորհավորեցին երեխաներին ակումբի բացման առիթով:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորեց կրթության համակարգում ժամանակին համընթաց քայլելու մարտահրավերը, որի շրջանակում առաջնային է դիտվում օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացության զարգացումը:
Հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ անգլերենի առաջին բաց դասը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:44:34