Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման հավատով

03.11.2017

 Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանանախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարած պատվիրակությունը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված արդիական հարցեր:
ՌԴ մեկնումից առաջ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնախմբի անդամները ՀՀ Ազգային ժողովի իրենց մի խումբ գործընկերների, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելեցին նաև Լոռու մարզի ռուսաբնակ Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղեր: Ռուսաստանցի խորհրդականներին և ուղեկիցներին դիմավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը: Պատվավոր հյուրերին ֆիոլետովցիները աղ ու հացով, ծափողջյուններով դիմավորեցին գյուղի միջնակարգ դպրոցում: Կրթարանի բազմամարդ մարզադահլիճում գյուղի բնակչության անունից հայ ժողովրդի անկեղծ բարեկամ ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին և ուղեկիցներին ողջունեցին դպրոցի տնօրեն Արամ Ղազարյանը և համայնքի երկարամյա ղեկավար Ալեքսեյ Նովիկովը, նվիրելով դպրոցի սաների կողմից արված գեղանկար:
Պարոն Ռիժկովը դրվատանքի խոսք ասաց համայնքի բնակիչներին, որոնց նախնիները ավելի քան 170 տարի առաջ Ռուսաստանի Տամբովի նահանգից հեռանալով, հանգրվան են գտել հայկական հողում, պահպանելով իրենց ազգային ավանդույթներն ու ներկայում էլ ազնվորեն աշխատում և ապրում են բարեկամ հայ ժողովրդի հետ: Նա առանձնակի երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդի նախորդ ու ներկա սերունդներին, ովքեր բարյացկամորեն են հյուրընկալել ռուսական հեռավոր երկրամասից հանգամանքների բերումով Հայաստանում բնակություն որոնող ռուս ժողովրդի մի մասունքին, տվել ապրելու և արարելու լիարժեք հնարավորություններ:
Բնակիչների հետ անմիջական զրույցի ընթացքում Նիկոլայ Իվանովիչը ծանոթացավ գյուղի բնակիչներին հուզող խնդիրներին, խոստացավ հնարավորինս աջակցել կենցաղային որոշ հարցերի լուծմանը: Պատգամավորության կողմից նա հուշանվեր հանձնեց դպրոցի կոլեկտիվին:
Ապա հյուրերն ու ուղեկիցները մեկնեցին գլխավորապես ռուսաբնակ Լորմոնտովո համայնք, այցելեցին Հայաստանի տարածքաին զարգացման հիմնադրամի և Լոս անջելոսի «Հայրենիք» միության միջոցներով անցած տարի կառուցված հոյաշեն մանկապարտեզ, ծանոթացան նախակրթարանի պայմաններին: Փոքրիկ հյուրասիրության ընթացքում 80 տոկոս ռուսներով, ինչպես նաև հայերով ու եզդիներով բնակեցված գյուղի առօրյայի, հաջողությունների ու առկա խնդիրների մասին պատմեց համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը:
Այցի ավարտին ռուսաստանցի հյուրերը շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ա. Նալբանդյանին ջերմ ընդունելության համար՝ այսուհետ հայ-ռուսական բարեկամության էլ ավելի ամրապնդման ակնկալությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56