Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում էր

30.10.2017

 Լոռու մարզի և Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բարեկամությունն ու համագործակցությունը ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ գործակցության շրջանակներում ավանդական են դարձել փոխայցելությունները, Լոռի-Մարտակերտ բարեկամության կամուրջներ խորագրով տարբեր միջոցառումները:
Այս տարի ևս, հոկտեմբերի 26-28-ը, Լոռու մարզի պատվիրակությունը հերթական այցով Արցախում էր: Այցը կայացավ «Վալլեքս գրուպ» ընկերություների խմբի ղեկավարության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, «Վալլեքս խմբի» Հայաստանում գործող ընկերությունների աշխատակիցներ:
Այցի շրջանակներում պատվիրակության մի քանի անդամներ հոկտեմբերի 27-ին Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ հանդիպում ունեցան Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը, գործակցության նոր ոլորտների նախանշման կարևորությանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանն իր խոսքում կարևորեց Լոռու մարզի և Մարտակերտի շրջանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնեց ջերմ ընդունելության համար:
Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև Մարտակերտի վարչական շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ: Քննարկվեցին փոխհարաբերությունների սերտացման անհրաժեշտության հետ կապված կոնկրետ հարցեր: Երկուստեք կարևորվեցին փոխայցելություններն ու գործակցությունը նաև երկու վարչական շրջանների կրթօջախների, մշակութային օջախների միջև:
Լոռու մարզպետն այս անգամ ևս ձեռնունայն չէր եկել: Նա համակարգիչներ և տպող սարքեր նվիրեց Մարտակերտի թիվ 1 և 2 դպրոցներին և հեռուստացույց՝ Մատաղիսի մանկապարտեզին:
Այցելություն կատարվեց Ստեփանակերտի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողին՝ հարգելով հերոս նահատակների հիշատակը:
Մինչ Ստեփանակերտ հասնելը՝ Լոռու մարզի պատվիրակությունը եղել է Քարվաճառում՝ Թարթառի հովտում՝ Լոռեցի ազատամարտիկներին նվիրված հուշարձանի մոտ՝ նույնպես հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին:
Այցը հագեցած է եղել նաև մշակութային միջոցառումներով: Պատվիրակությունը եղել է Դադիվանքի վանական համալիրում, Գանձասարում, այցելություն է կազմակերպվել նաև Տիգրանակերտ քաղաք-թանգարան, Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Այա և Ապա» («Մենք ենք մեր լեռները») հուշարձան: Պատվիրակությունը եղել է Շուշիում, հիացել Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնի՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրաշք ճարտարապետությամբ:
Նրանք շրջայց են կատարել նաև «Վալլեքս» խմբի ընկերություններից «Բեյզ Մեթլս» ՓԲԸ-ին պատկանող Կաշենի արտադրական տարածքներում՝ ծանոթանալով կատարվող աշխատանքներին:
Եռօրյա այցից հետո պատվիրակությունը վերադարձել է հարուստ տպավորություններով, փոխհամագործակցության թարմացված ծրագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09