Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը

17.10.2017

 Վանաձորի զարգացման ծրագրերի քննարկման նպատակով հոկտեմբերի 16-ին Վանաձորում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին պաշտոնատար այրեր, քաղաքի տնտեսվարողները, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին և առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ: «Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության և մյուս խնդիրները:
Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաև Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու և մարզադաշտին հարող տարածքներ, որտեղ ներդրումային տարբեր ծրագրեր է նախատեսվում իրականցնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36