Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասուլիս նվիրված 2017թ. առաջին կիսամյակի արդյունքներին, առաջիկա խնդիրներին

29.09.2017

 Սեպտեմբերի 28-ին մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը նվիրված 2017 տնտեսական տարվա անցած ժամանակամիջոցի արդյունքներին, ընթացիկ և կանխատեսված ոլորտային ծրագրերին:
Լրագրողների առաջարկությամբ մարզպետը նախ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզի տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ընթացքի, ձեռքբերումների և բացթողումների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:
Նախ ասվեց, որ այս տարվանից գործողության մեջ է դրվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Լոռու մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, որը առաջիկա ութ տարիների գործունեության գլխավոր ուղենիշն է լինելու: Ապա մարզպետը ամփոփ ներկայացրեց արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի, շինարարական աշխատանքների, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին ապրանքաշրջանառության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ընթացիկ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ համադրությամբ: Թեև նախորդ տարվա նկատմամբ այս ոլորտներում փոքր-ինչ նահանջ է գրանցվել, բայց մարզի ղեկավարը լիահույս է, որ հատկապես արդյունաբերական արտադրության բնագծում տարեվերջին անպայման առաջընթաց ցուցանիշներ են գրանցվելու, ընդ որում Թեղուտում առաջին անգամ կարդյունահանվի մոլիբդենի խտանյութ:
Ցավոք, գյուղատնտեսության ոլորտում տարեսկզբի լավ մեկնարկը որոշակի չափով խաթարվեց խիստ անբարենպաստ եղանակների պատճառով և առանձին մշակաբույսերի գծով ակնկալված բերքը չստացվեց:
Հատկապես գոհացուցիչ է վիճակը արտաքին ապրանքաշրջանառության, ապրանքների արտահանումների և ներմուծումների ուղղությամբ: Նախորդ տարվա արդյունքները կգերազանցվեն նաև շինաշխատանքների ծավալների առումով:
Մարզի ղեկավարը անդրադարձավ նաև ՀՀ կառավարություն ներկայացված թվով 25 ներդրումային ծրագրերին, որոնցից առայժմ ֆինանսավորվել է երկուսը: Սպասվում է, որ առաջիկայում մի քանիսը ևս կարժանանան կառավարության հավանությանը:
Մարզկենտրոնի արդյունաբերական առաջընթացի, նոր աշխատատեղերի ապահովման հարցում Ա. Նալբանդյանը բավականին մեծ հույսեր է կապում հատկապես իրանական «Ռադ-Սանե Վաշամիր» ՍՊԸ-ի կողմից կոմպոզիտային գազաբալոնների արտադրության,ինչպես նաև ագրոհամալիրի գործարկման հետ, ուր ընդհանուր առմամբ շուրջ 130 մլն դոլարի ներդրում է նախատեսվում՝շուրջ 1000 աշխատատեղի ապահովմամբ: Մոտ օրերս Վանաձորի նախկին արդյունաբերական հանգույցի տեղում (Դարպաս գյուղի մոտ) հանդիսավոր պայմաններում տեղի կունենա անչափ կենսական կարևորության ձեռնարկության հիմնարկեքը: Եկող տարվանից, չին գործընկերների հետ համագործակցությամբ, արտադրության ընդլայնման նոր հեռանկարներ ունի Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Մարզի ղեկավարը առանձնակի ոգևորությամբ անդրադարձավ պետական և մասնավոր ներդրումներով մարզում ծավալված քաղաքաշինական,կառուցապատման աշխատանքներին(Վանաձորի առողջապահական համալիր, հիվանդությունների կանխարգելման կենտրոն, Ստեփանավանի համաբուժարան, Վանաձորի թիվ 18 թիվ 7, Ախթալայի թիվ 2 դպրոցներ, Տաշիրի համայնքային կենտրոն, նախակրթարաններ Ալավերդում և Սպիտակում և այլն): Հսկայածավալ աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոմայրուղու հիմնակառուցման ուղղությամբ: Ներկա պահին շարունակվում է կառավարության կողմից 298 մլն դրամի ներդրմամբ մարզկենտրոնի փողոցների ասֆալտապատումը:
Ապա մարզպետը պատասխանեց լրագրողների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին: Մասնավորապես խոսք գնաց համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված իրարամերժ կարծիքների, անհանգստությունների շուրջ:
-Համայնքների խոշորացումը ինքնանպատակ, կամայական գործ չէ, ոչ միայն մեզանում, այլև աշխարհի շատ առաջադեմ երկրներում արմատավորված պրակտիկա: Գաղտնիք չէ, որ առանձնապես փոքր համայնքների սուղ բյուջեն 90 տոկոսով ծառայում է որպես աշխատակազմի աշխատավարձ և ընդամենը դրա չնչին մասն է ուղղվում համայնքի կարիքների սպասարկմանը: Միջազգային շատ կազմակերպությունների կողմից որևէ համայքում ներդրումային ծրագիր իրագործելու համար նախատեսվում է 10-15 տոկոսի չափով մասնակցային ներդրում: Ինչ ներդրում կարող է ունենալ 5-6 մլն դրամ բյուջե ունեցող համայնքը, ասենք 20 մլն դրամ արժողությամբ ջրագծի կառուցման անհրաժեշտության դեպքում: Իսկ խոշորացված համայնքը իր ֆինանսական հնարավորություններով ի զորու է աստիճանաբար մյուս գյուղերում ևս կենսախնդիր հարց լուծել: Ես լիովին կողմնակից եմ համայնքների խոշորացման քաղաքականությանը,-ասաց Արթուր Նալբանդյանը:
Մարզպետը սպառիչ պատասխաններ տվեց նաև սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների վերամիավորմանը, երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանով ապահովմանը, Վանաձորի քաղաքապետարանի գործունեության գնահատականին, առաջիկա համայնքային ընտրություններում համայնքապետերի թեկնածության նկատմամբ մարզպետի դիրքորոշմանը վերաբերող և լրագրողների կողմից հնչեցված տարաբնույթ այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00