Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի խորհրդի նիստում

22.08.2017

 Օգոստոսի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետը տեղեկացրեց, որ նիստին ներկա է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը, որի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ցանկություն է հայտնել մարզխորհրդի անդամներին ծանոթացնելու 2009 թվականին հիմնադրված հիմնադրամի առաքելությանը, որը գյուղմթերքներ արտադրող բնակչության հետ փոխկապակցված ընկերություններին ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերով նպատակադրված է Հայաստանի գյուղական տարածքներում նպաստելու ձեռներեցության խթանմանը, բնակչության աղքատության նվազեցմանը:
Մանրամասն նեկայացնելով Հիմնադրամի ծրագրային գործառույթները, տնօրենը շահագրգիռ առաջարկներ արեց կաթի վերամշակմամբ, թռչնաբուծության, ջերմոցային տնտեսության, մրգերի, բանջարեղենի պահածոյացման և այլ ենթաոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ: Բանախոսին տրվեցին հարցեր, որոնք պարզաբանումներ ստացան:
Ապա մարզի խորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի՝ Լոռու մարզում ՙՙՄաքուր Հայաստան՚՚ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Լոռու մարզպետի տեղակալ, ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը գումարել է 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակների կազմակերպման և անցկացման հարցեր, տրվել հանձնարականներ: Հանձնաժողովի անդամները համայնքների ղեկավարների հետ շրջել են տարածքներում, գույքագրել ապօրինի աղբանոցները, համապատասխան կառույցներին տվել դրանց վերացման հանձնարարականներ: Եթե տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից Լոռու մարզում արձանագրվել էր 348 աղբատեղի, ապա առաջին համապետական շաբաթօրյակի արդյունքում, որին մասնակցել է 14000 քաղաքացի, 300 հիմնարկ-ձեռնարկություն, ներգրավվել 130 միավոր տեխնիկա, վերացվեց 340 աղբավայր: Մնացած 8-ը հիմնական գործող աղբավայրեր են: Բանախոսը նաև տեղեկացրեց, որ մարզային հանձնաժողովը սերտորեն համագործակցում է նաև ճանապարհային ոստիկանության և մարզի ոստիկանական ծառայության հետ: Վերջինիս կողմից հայտնաբերվել է ոչ սահմանված տեղերում աղբաթափության 46 դեպք, 10 դեպքի հեղինակները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Հ. Թադևոսյանի տեղեկացմամբ երկրորդ համապետական շաբաթօրյակը ևս անցել է բարձր ակտիվությամբ, ներգրավվել է 13500 մարդ, 250 կազմակերպություն, 125 միավոր տեխնիկա: Մաքրվել է նախկինում չհայտնաբերված կամ առաջին շաբաթօրյակից հետո առաջացած 200 աղբանոց: Նաև ասվեց, որ համայնքների ղեկավարներին է ներկայացվել map.transproject.am կայքէջը, ուր տեղադրված են յուրաքանչյուր համայնքի տարածքում հայտնաբերված, փակված կամ գործող աղբավայրերը, հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն և ներկայացնել տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Ի դեպ, տարծքներում կատարվող ուսումնասիրությունները և ձեռնարկված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով:
Մարզպետ Ա. Նալբանդյանը իր վրդովմունքն արտահայտեց այն իրողության վերաբերյալ, որ առաջին շաբաթօրյակից հետո, համայնքների ղեկավարության անհետևողականության հետևանքով, նոր աղբատեղիներ են առաջացել և խստիվ հանձնարարեց այսուհետ բացառել նման երևույթները:
Օգոստոսի 1-ի դրությամբ Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակը ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Ասվեց, որ թեպետ 2017 թվականի 7 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համայնքային բյուջեների եկամուտների 6.7% աճ է գրանցվել, սակայն ընթացիկ տարվա 7 ամսվա կտրվածքով նախատեսված պլանային մուտքերը թերակատարվել են 1.4%-ով, կամ պակաս է հավաքագրվել 53.2 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 93.7%-ով, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 6.9% աճել է ապահովվել:
Գույքահարկի հավաքագրումը 96.1% է, 2016թ. համեմատությամբ մուտքերն աճել են 5.3%-ով կամ 18.0 մլն. դրամով:
Նախորդ տարվա նկատմամբ այս ցուցանիշի նվազում ունեն 46 համայնքներ, որոնցից առավել մեծ՝ Ձորագյուղը՝ 62.7%, Թեղուտը՝ 60.4%, Փամբակը՝ 70.8%, Արդվին՝ 45.1%, Ծաղկաշատը՝ 52.5%, Հագվին՝ 66.9%, Ձյունաշողը՝ 36.1%, Ձորամուտը՝ 49.8%:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի պլանը կատարվել է 82.7%-ով, 2016թ.ի համեմատությամբ հավաքագրումը նվազել է 2.9 մլն. դրամով:Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 57 համայնք, իսկ 11 համայնք հողի հարկի մինչև 50% թերակատարում ունի:
Պատկերը գոհացուցիչ է տեղական տուրքերի գծով՝ 104.2%, կամ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ մուտքերն աճել են 3.2 մլն. դրամով: Սակայն նախորդ տարվա նկատմամբ դեռևս 35 համայնքներ հավաքագրման նվազում ունեն: Իսկ ահա Ազնվաձոր, Բովաձոր, Մղարթ, Արծնի համայնքներում գանձումներ ընդհանրապես չեն եղել:
Պետական տուրքի դեպքում գանձումը կազմել է 105.1%, նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը աճել է 20.0%-ով:
Անցած 7 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարները հավաքագրվել են ընդամենը 93.6%-ով, կամ 2016թ. համեմատությամբ 2.5 մլն. դրամի աճ կա: Նախորդ տարվա 7 ամիսների համեմատությամբ գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են՝ Գուգարքի տարածաշրջանում 15, Սպիտակի` 14, Թումանյանի՝7, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում 11-ական համայնքներում:
Բանախոսը տեղեկացրեց նաև, որ մարզի համայնքների համայնքապետարաններում, ՏԻՄ-երին ենթակա բյուջետային հիմնարկներում, ՀՈԱԿ-ներում աշխատողների աշխատավարձի գծով գծով պարտք չկա, բացառությամբ Վանաձորի (87.3 մլն. դրամ) և Հաղպատի ( 246.7 հազ. դրամ):

Օրակարգային հաջորդ հարցով՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում Լոռու մարզում իրականացվող աշխատանքների մասին էր ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի զեկուցումը:
Նա ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և կրթության և գիտության նախարարությունների երեխաների պաշտպանության ոլորտում նախաձեռնած լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ՝ ուղղված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում հաստատություններին այլընտրանք համարվող նոր ծառայությունների ստեղծման և զարգացման միջոցով:
Ասվեց, որ մինչև 2018թ. ամառ նախատեսվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ և կրթության և գիտության նախարարության շուրջօրյա խնամքի հաստատությունները և հատուկ դպրոցները վերակազմակերպել այլընտրանքային ծառայություններ տրամադրող կառույցների և մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնների, հանրապետությունում հզորացնել խնամակալությունը և հոգաբարձությունը, խթանել որդեգրությունը, զարգացնել խնամատար ընտանիքի ինստիտուտը և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունները՝ ստեղծելով համայնքահեն կենտրոններ:
Ապա բանախոսը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն երեխաների պաշտպանության և ներառական կրթության բնագավառում համալիր բարեփոխումների ծրագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացված աշխատանքների և իրենց կողմից համապատասխան նախարարություններին արված առաջարկությունների մասին, անդրադարձավ ոլորտում կատարվող օրենսդրական բարեփոխումներին:
Մարզխորհրդի նիստն ամփոփվեց պարգևատրումներով: Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մարզի 8 համայնքների ղեկավարներ պարգևատրվեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ոսկե հուշամեդալով և շնորհակալագրով, ևս 6 համայնքների ղեկավարներ՝ Լոռու մարզպետի շնորհակալագրով: Պարգևները հանձնեցին և բոլորին հետագա բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53