Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատանքային այցը Մեծ Պարնի

17.08.2017

Լոռու մարզի համայնքներում բերքահավաքի, նաև կառուցապատման աշխատանքների բուռն շրջան է: Մարզպետ Արթուր Նալբանդյանը պարբերաբար շրջագայում է գյուղական համայնքներում, ծանոթանում բերքահավաքի, շինաշխատանքների ընթացքին; Այսօր մարզի ղեկավարը փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի, քաղաքաշինության և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերի՝ Արմեն Ջանազյանի և Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ Մեծ Պարնի համայնքում էր: Աշխատանքային այցի առաջին կանգառը կառուցվող մանկապարտեզի շինհրապարակն էր: Տարեց-տարի առաջընթաց ապրող այս համայնքում կենսական կարևորություն էր ժամանակակից հնարավորություններով նախադպրոցական հաստատություն ունենալը: Համայնքի բյուջեով ավելի քան 130 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզի կառուցումը, բնականաբար, վեր էր համայնքի հնարավորություններից, ուստի հանրապետության կառավարությունը ընդառաջելով մարզի ղեկավարության միջնորդությանը, 2016 թվականից որոշակի ֆինանսական հատկացումներ է անում կառույցը ժամանակին շահագործման հանձնելու համար: Այս պահի դրությամբ արդեն շուրջ 40 մլն դրամի ներդրում է արվել: Առաջիկա երկու տարում պետական հատկացումները կկազմեն 135 միլիոն դրամ և Մեծ Պարնին ևս կունենա ժամանակակից հնարավորություններով և կահավորումով նախադպրոցական հաստատություն, ուր կարող են խնամվել և կրթվել 50 երեխաներ: Կառույցի հնարավորությունները ներում են ապագայում ավելի մեծաթիվ սաներ ընդունելու համար:
Համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը մարզի ղեկավարին ներկայացրեց նաև ընթացող բերքահավաքի նախնական արդյունքները:Ի դեպ, գյուղը մարզի այն եզակի համայնքներից է, ուր եղած ցանքատարածությունները մշակվում են լիովին: Քանի որ գարնան ցրտահարությունների հետևանքով 800 հեկտար կազմող հացահատիկի ցանքից 200 հեկտարն ամբողջությամբ շարքից դուրս էր եկել, պարնեցի երկրագործները խուճապի չմատնվեցին. դրա փոխարեն կատարվեց Լոռու մարզի համար նորություն հանդիսացող հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի ցանք: Սպասելիքները հուսադրող են, համայնքի ղեկավարի սպասելիքներով բերքահավաքի ավարտին կամբարվի հնդկաձավարի 80-100 տոննա աննախադեպ բերք: Գ.Պալյանը մեծ հույսեր է կապում նաև մշակվող կտավատի հետ, որի հենքի վրա գյուղում կգործի սառը մզման եղանակով մեծ պահանջարկ վայելող կտավատի ձեթի արտադրամաս, որի տեխնոլոգիական սարքավորումները շուտով տեղ կհասնեն: Համայնքի ղեկավարը, թերևս որոշակի մտահոգություններ ունի հատկապես հնդկաձավարի իրացման դժվարությունների վերաբերյալ: Մարզպետը տեղեկացրեց, որ այդ հարցի կապակցությամբ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ ունի ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ և ամենայն հավանականությամբ այդ հարցը ևս բարենպաստ լուծում կստանա:
Մեծ Պարնին նաև մարզի առաջատար անասնապահություն ունեցող համայնքների թվում է, պրպտուն գյուղապետի ուշադրության կենտրոնում է բարձրարտադրողական տեխնոլոգիաների ներդրումը հայրենի գյուղում:Դրան է նպատակաուղղված նաև սելեկցիոն մեծ հնարավորություններով նորատիպ անասնաբուծական կենտրոնի գործարկումը, որը, համայնքի ղեկավարի հավաստմամբ 3-5 տարի հետո Սպիտակի տարածաշրջանի գյուղերի համար դառնալու է բարձր մսատու և կաթնատու ցեղատեսակի անասունների բուծման կենտրոն, ուր մեծ արդյունավետությամբ կիրականացվեն նաև արհեստական սերմնավորման աշխատանքներ:
Մարզի ղեկավարի այցի ընթացքում արծարծվեցին նաև «Թռչկան» ջրվեժի հենքի վրա տարածաշրջանում ակտիվ զբոսաշրջություն ծավալելու հարցերը, որի ուղղությամբ ևս արդեն իսկ հուսադրող քայլեր են ձեռնարկվում: Համայնքի ղեկավարի ջանքերով 50 հազար եվրո արժողությամ ծրագիր է իրականացվելու:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդհանուր առմամբ գոհ էր այցելության արդյունքներից, պատրաստակամ՝ ցանկացած հարցում իր աջակցությունը ցուցաբերել համայնքի բոլոր հեռանկարային ձեռնարկումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53