Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ բերքահավաքի ընթացքին

09.08.2017

 Մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում սկսվել է բերքահավաքը և մարզի ղեկավարը շտապում է դաշտեր՝ բերքահավաքի ընթացքին հետևելու և  առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Խնդիրն այն է, որ աշնան սաստիկ ցրտահարությունից հետո Ստեփանավանի տարածաշրջանում շուրջ 2000 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ էին վնասվել, և մարզի ղեկավարի միջնորդությամբ՝ կառավարության աջակցությամբ լրացուցիչ ցորենի և գարու սերմացու տրամադրվեց ֆերմերներին: Իրավիճակն իհարկե հնարավոր եղավ փոքր-ինչ մեղմել, իսկ արդյունքներն ակնառու են դառնում բերքահավաքի ընթացքում:

Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանը փոխմարզպետներ Հովհաննես Թադևոսյանի, Տիգրան Բադոյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի ուղեկցությամբ եղավ Վարդաբլուր և Գարգառ համայնքներում:  Վարդաբլուրում մարզի գլխավոր պաշտոնյան եղավ «Սերմնաբույծ» ՍՊԸ-ի ցանքատարածություններում: Այստեղ, ընդհանուր առմամբ, գոհ էին բերքահավաքի արդյունքներից:

-Իհարկե ավելի բերքառատ տարիներ ենք ունեցել, սակայն հաշվի առնելով նախորդ տարի աշնանը ստեղծված իրավիճակը և բնության հասցրած վնասները մեղմելու  մեր համառ ջանքերը, արդյունքներից ընդհանուր առմամբ, դժգոհ չենք,-ասում է մարզպետ Նալբանդյանը և հույս հայտնում, որ բերքահավաքի ավարտից հետո մարզում ընդհանուր պատկերը գոհացուցիչ կլինի:

Այցելություն կատարվեց նաև Գարգառ համայնք, որը հայտնի է իր ոչ ավանդական մշակաբույսերի մշակությամբ: Համայնքի ղեկավար Կարեն Զալինյանը նշում է, որ համայնքն արդեն շուրջ 10 տարի է՝ զբաղվում է բրոկոլիի և մի շարք այլ ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ, որոնք համայնքի համար դարձել են յուրօրինակ բրենդ, ինչով հպարտանում է ողջ գյուղը: Սպառման շուկայի խնդիր չունեն, քանի որ իրենց արտադրանքը պահանջված է և ունի մշտական գնորդներ: 0,5 հեկտար ցանքատարածությունից  այս տարի 10 տոննա բերք են ստացել:

Մարզի ղեկավարը նշում է, որ պետական աջակցությամբ մատչելի գներով մարզի գյուղատնտեսներին տրվող սերմացուն, պարարտանյութը և դիզվառելիքը մեծ աջակցություն է, սակայն այժմ գյուղատնտեսության նախարարությունը աջակցության այլ՝ առավել էֆեկտիվ, տարբերակներ է մշակում, որպեսզի արդյունքն առավել տեսանելի լինի: Մարզում գյուղատնտեսական ներդրումային ծրագրեր ևս մշակվում են: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ուղարկվել 17 գյուղատնտեսական ծրագիր, որոնց մի մասը, մարզպետի վստահեցմամբ, հավանության  կարժանանան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23