Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական երկրորդ շաբաթօրյակն ավարտվեց. աշխատանքներ են իրականացվել շուրջ 120 տեղամասում

31.07.2017

 Հուլիսի 29-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկնարկեց երկրորդ համապետական շաբաթօրյակը:
Վաղ առավոտյան մարզի բոլոր քաղաքային համայնքներում կատարվեց տեխնիկական միջոցների ստուգատես, որից հետո տրվեց աշխատանքների մեկնարկը: Աշխատանքները կանոնակարգում էր «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծված մարզային հանձնաժողովը:
Լոռու մարզպետրանի աշխատակազմը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մաքրման աշխատանքներ իրականացրեց Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգում: Մարզի բոլոր համայնքների ղեկավարները շաբաթօրյակին մասնակցում էին իրենց աշխատակազմերի հետ միասին՝ օրինակ ծառայելով համայնքների բնակիչների համար:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանն, ամփոփելով երկրորդ համապետական շաբաթօրյակի արդյունքները, տեղեկացրեց, որ մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցել է ընդհանուր առմամբ 13.500 մարդ, 125 միավոր տեխնիկա, 250 կազմակերպություն՝ մարզային, համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական, առողջապահական հաստատություններ: Մաքրման աշխատանքներ են իրականացվել 120 տեղամասում:
Վանաձորում շաբաթօրյակին մասնակցել է 17 միավոր տեխնիկա, աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 8000 մարդ: Մինչ շաբաթօրյակի սկիզբը, առկա էր աղբի 22 տեղամաս, ընթացքում հայտնաբերվել է ևս 2-ը: Բոլոր տեղամասերը մաքրվել են:
Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև մարզի մյուս համայնքներում, առկա աղբավայրերը մաքրվել են:
-Բնակչության ակտիվությունը գոհացուցիչ էր: Նախորդ շաբաթօրյակի համեմատությամբ փոքր-ինչ սակավամարդ էր, ինչը պայմանավորված էր արձակուրդային սեզոնով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ շրջայցի ընթացքում ականատես եղանք նաև բակերի բնակիչների ինքնաբուխ աշխատանքներին, ինչը շատ ոգևորիչ էր,-ասաց Հ. Թադևոսյանը:
Օգտվելով առիթից՝ մարզպետի տեղակալը կոչ արեց մարզի բնակչությանը այսուհետ չնախատեսված վայրերում աղբ չկուտակել, հոգ տանել հարազատ բակի, փողոցի քաղաքի, մարզի ու երկրի նկատմամբ: Նա հիշեցրեց նաև, որ ասյուհետ խստագույնս գործելու է տուգանքի պրակտիկան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00