Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան .«Անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը, որպեսզի աշխատանքն ինքնանպատակ չլինի». խորհրդակցություն մարզպետարանում

21.07.2017

Հուլիսի 21-ին մարզի ղեկավարը հրատապ խորհրդակցություն էր հրավիրել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Վանաձորի ներհամայնքային ճանապարհաշինական աշխատանքների հետագա ընթացքի քննարկման նպատակով: Խնդիրն այն է, որ SRP Schneider&Partner գերմանական կազմակերպությունը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում Համայնքային Ենթակառուցվածքի Ծրագիր (ՀԵԾ) II, փուլ 3-ի շրջանականերում, նախատեսում է առաջիկայում Վանաձորում և հարակից համայնքներում վերսկսելու ջրամատակարարման ցանցերի նորացման աշխատանքները: Ուստի անհրաժեշտություն էր առաջացնել հստակեցնել Լոռու մարզպետի առաջարկությամբ ՀՀ նախագահի խոստման համաձայն Վանաձորին հատկացվելիք 300 մլն դրամի շրջանակներում մարզկենտրոնում կատարվելիք ճանապարհների ցանկը, որպեսզի այնպես չստացվի, որ մարզպետարանի կողմից նախատեսված մարզկենտրոնի մի շարք փողոցների ասֆալտապատումից հետո, դրանք նորիրց քանդվեն՝ ջրամատակարարման ցանցերի նորացման նպատակով:
-Անհրաժեշտ է շատ զգոն լինել, հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը, որպեսզի աշխատանքն ինքնանպատակ չլինի, պետական միջոցների փոշիացում չկատարվի,-նշեց մարզպետ Նալբանդյանը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ներկայացմամբ, մարզպետարանին հատկացվելիք նշված միջոցների շրջանակներում նախատեսված է իրականացնել 12 ճանապարհաշինական ծրագիր, որոնց շուրջ 60 տոկոսը՝ համընդհանուր ասֆալտապատում և 40-ը՝ փոսային նորոգումներ: Նախագծանախահաշվային աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ մարզպետարանի կողմից համընդհանուր ասֆալտապատման ծրագրում ընդգրկված փողոցներից միայն Ներսիսյան փողոցում է նախատեսված ջրամատակարարման ցանցի նորացում կատարել, ուստի որոշում կայացվեց այստեղ առայժմ իրականացնել փոսային նորոգումներ, իսկ մնացած գումարը տեղափոխել դեպի ճանապարհաշինական մյուս ծրագրեր:
Մարզպետը մտահոգություն հայտնեց նաև Վանաձորի փողոցների բարեկարգման աշխատանքների տեմպերից՝ քաղաքապետին առաջարկելով հարցը մեկ անգամ ևս քննարկել մրցույթում հաղթող ճանաչված շինկազմակերպության տնօրինության հետ՝ աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր: Ա. Ջանազյանը տեղեկացրեց, որ ՀՀ մասսայական սպորտի զարգացման նպատակով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն» և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մարզահրապարակ Վանաձոր քաղաքում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջարկվել է Վանաձորում տարածք նախատեսել այդ նպատակով: Նախնական քննարկման արդյունքում առաջարկվեց Տիգրան Մեծ պողոտայի 14 և 12 շենքերի միջնահատվածում (Վանաձորի հարկային տեսչության հարևանությամբ) գտնվող այգին: Առաջիկայում այս ծրագիրը ևս կհստակեցվի:
Վանաձորի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանի ներկայացմամբ, ՀՀ կառավարության կողմից Վանաձորի քաղաքապետարանին առաջարկվել է 20 մլն դոլարի շրջանակներում քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրեր նեկայացնել: Ըստ բաժնի պետի, մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված մարզկենտրոնի ենթակառուցվածքների արդիականացմանը, ճոպանուղու կառուցմանը և այլն, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կուղարկվեն մինչև հուլիսի 27-ը և հավանության արժանանալու դեպքում՝ կֆինանսավորվեն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14