Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» (Global Teaching Labs) ձևաչափով դասընթացին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց շուրջ 40 դպրոցական

20.07.2017

 «Լույս» հիմնադրամը, համագործակցելով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ, Հայաստանում հյուրընկալում է «ՄՏԻ (MIT) գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը` կապեր հաստատելով աշխարհի գերազանցության կենտրոնների և Հայաստանի կրթական առաջատար հաստատությունների միջև: Հայաստանում արդեն երրորդ անգամ իրականացվեց «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» (Global Teaching Labs) ձևաչափով դասընթացը: «Գլոբալ ուսումնական լաբորատորիան» ուսուցման և դասավանդման նոր եղանակ է, որը ոգեշնչել է աշակերտների և ուսուցիչների ամբողջ աշխարհից:
Դասընթացն անցկացվեց հուլիսի 10-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որը համալրված է ուսումնական այս գործընթացի համար անհրաժեշտ լաբորատորիաներով: Վանաձորի դպրոցներից դասընթացին մասնակցեց շուրջ 40 դպրոցական:
Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է «շրջած դասասենյակի» կոնցեպտը: Այս մոտեցումը սովորողներին թույլ է տալիս օգտվել ՄՏԻ-ի (MIT) ուսումնական նյութերի առցանց հարուստ բազայից, որտեղից ստացած գիտելիքը նրանք կիրառում են գործնական լաբորատոր պայմաններում:
«Շրջած դասասենյակի» կոնցեպտը ենթադրում է դասարանային գործունեության այլ մեթոդ. աշակերտները տանն են յուրացնում առցանց տեղադրված տեսական նյութը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականում: Ուսումնական առարկաները տարբեր են ու ներառում են մաթեմատիկա և զարգացող տեխնոլոգիաներ, խորացված լաբորատոր փորձեր, օրիգինալ փաստաթղթերի վերլուծություն, բանավեճի կամ խոսքի մշակույթ, ընթացիկ իրադարձության քննարկում, խմբային վերլուծություն, նախագծի վրա հիմնված ուսուցում, հմտությունների զարգացում և այլն:
Սա ուսուցման ակտիվ մեթոդ է, որը զարգացնում է մտածական այնպիսի կարողություններ, ինչպիսիք են խնդիրների սահմանումը, համագործակցային հմտությունը, խնդիրների լուծումը: Աշակերտները լուծում են բարդ խնդիրներ, աշխատում են խմբերով, հետազոտություն են անցկացնում և ձևավորում նոր գիտելիք իրենց ուսուցչի և դասընկերների օգնությամբ:
Հուլիսի 19-ին դասընթացն ավարտած աշակերտներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ավարտական վկայականները: Նրանց շնորհավորելու էին եկել մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Լույսի» կրթաթոշակառուները, հյուրեր: Մարզի ղեկավարի և իր անունից «Լույսի» նախաձեռնությունները և մարզում իրականացված ծրագրերը ողջունեց Հ. Թադևոսյանը: Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց հիմնադրամին, ինչպես նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին մարզի դպրոցականներին ու երիտասարդներին կրթական բարձրակարգ ծրագրեր մատուցելու համար: Դասընթացի շրջանավարտներին շնորհավորեցին նաև Ժակլին Կարաասլանյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի խորհրդատու Պատվական Հախինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36