Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ. «Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը։ Այդ գիտակցումով ու ձգտումով էլ շ

22.06.2017

Հունիսի 21-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ այս տարի ևս Բուժաշխատողի օրը նշվեց առանձնակի հանդիսավորությամբ: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ հնարավորություն է մեծարելու և շնորհավորելու մարզի բուժաշխատողներին, նրանց ուղղված երախտիքի խոսքեր հնչեցնելու:
Հանդիսությանը ներկա էին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, նախարարության պաշտոնյաներ, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բուժաշխատողներ, հյուրեր:
Մարզի բուժաշխատողներին իր օրհնությունը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը.
-Բժշկությունը ոչ թե լոկ աշխատանք, այլ ծառայություն է, նվիրում: Ես մաղթում եմ, որ դուք միշտ արժանավայել կերպով մատուցեք ձեր ծառայությունը մեր բնակչությանը,-ասաց նա:
Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև Առողջապահության նախարարը: Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար ՀՀ առողջապահույթան նախարար Լ. Ալթունյանի պատվոգրերին արժանացան Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Անուշ Ղալայանը (Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբույժ), Արմինե Դադոյան(Ստեփանավանի բժշկական կենտրոնի ներզատաբան),Աշոտ Դումիկյանը(«Տաշիրի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ), Նունե Ադամյանը (Սպիտակի բժշկական կենտրոնի թերապևտ), Օֆելյա Մկրտչյանը (Վանաձորի բժշկական կենտրոնի թերապևտ):

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում մարզի առողջապահական համակարգի աշխատողներին բարեմաղթեց քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ.
- Ուզում եմ երախտիքի խոսք հղել ձեզ և մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշերուզօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում: Առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր այս տոնական օրն անց են կացնում վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդների մահճակալների կողքին, շտապօգնության մեքենաներում, ինչպես նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության համար,- ասաց նա:
Մարզի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաև առկա խնդիրներին և ձեռքբերումներին` նշելով, որ անցած մեկ տարում մարզի առողջապահական շուրջ 20 հիմնարկներում վերանորոգումների, կահավորման, նոր սարքավորումներ ձեռք բերելու և նոր ծառայություններ ստեղծելու համար իրացվել է 180 միլիոն 788 հազար դրամ, որից շուրջ 22 միլիոնը՝ սեփական միջոցներով: Վերջին հինգ տարում սեփական միջոցներով ներդրումները կազմել են ավելի քան 240 միլիոն: Ծրագրերի իրականացումն ու բարենորոգումները հսկայական դրական ազդեցություն են ունենում մարզում առողջապահության խնդիրներն առավել բարձր մակարդակով լուծելու գործում: «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից Սպիտակի բժշկական կենտրոնում մարզային ակնաբուժական կենտրոնի ստեղծումը ոչ միայն Լոռու մարզի, այլև տեսողության խնդիրներ ունեցող այլ տարածաշրջաններում ապրող բազմաթիվ մարդկանց համար փրկօղակ է հանդիսացել: Ստեղծման օրվանից այստեղ կատարվել է շուրջ 450 վիրահատություն: Սպիտակ քաղաքում «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծվեց հոգեկան առողջության կենտրոն՝ նախատեսված 16 հիվանդների համար: Վանաձորի բժշկական կենտրոնին ՀՀ նախագահի հրահանգով տրամադրվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության երկու նոր մեքենա, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու ավելի որակյալ, հասանելի, անհետաձգելի շտապբուժօգնություն: Աստիճանաբար կթարմացվեն նաև մարզի շտապօգնություն իրականացնող ընկերությունների ավտոպարկերը: Շարունակվում են «Վանաձորի բժշկական կենտրոնի» շենքի կառուցման աշխատանքները, որի համալիրում ծննդատան կառուցումն ու բժշկական սարքավորումներով ապահովումը իրականցվում է «Տաշիր» հիմնադրամի կողմից: 2018թ. սկզբին կենտրոնը կբացի իր դռները և լայն հնարավորություններով ու ժամանակակից բուժսարքավորումներով բարձրակարգ բուժծառայություններ կմատուցի ոչ միայն Վանաձորի, այլև, հարկ եղած դեպքում, մարզի բնակչությանը: Ընթացքի մեջ են «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» համաբուժարանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները: Չնայած, որ տարեցտարի բարելավվում են մարզի գյուղական համայնքներում գործող ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի շենքային պայմանները, այնուամենայնիվ, շատ բուժկետեր դեռևս կարիք ունեն վերանորոգման, վերակառուցման կամ հիմնովին կառուցման: Հանրապետությունում սկսվել է էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրումը, որն ուղղված է ավելի մատչելի, թափանցիկ բուժօգնության ցուցաբերմանը, բուժօգնության որակի բարելավմանը, ռեսուրսների հասցեական օգտագործմանը: Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրումը հնարավորություն կտա նաև ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ:
-Այսօր տեղին եմ համարում բոլորիս անունից շնորհակալական խոսք ուղղել հանրապետության նախագահին և վարչապետին, առողջապահության նախարարությանը, տարբեր միջազգային բարեգործական կազմակերպություններին, բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր օժանդակել և մասնակցել են Լոռու առողջապահության զարգացմանն ու բարենորոգումներին,-ասաց Ա. Նալբանդյանն՝ իր խոսքը եզրափակելով այսպես.
-Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը։ Այդ գիտակցումով ու ձգտումով էլ շարունակելու ենք աշխատել:
Մի խումբ բուժաշխատողներ, ովքեր մարզային հանձաժողովի որոշմամբ, այս տարի լավագույնն էին ճանաչվել մի շարք անվանակարգերում, արժանացան կոչումների, շնորհակալագրերի և նվերների: Մրցանակները հանձնեցին մարզպետ Ա. Նալբանդյանը, փոխմարզպետներ Տիգրան Բադոյանը, Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Առողջապահության աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը:
«Ստացիոնարի լավագույն բժիշկ» կոչումը շնորհվեց Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ Իշխան Անտոնյանին, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ» կոչումը՝ Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Չոբանյանին, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր» կոչումը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի բուժքույր Անուշ Սաքանյանին, «Ստացիոնարի լավագույն բուժքույր» կոչումը՝ Տաշիրի բժշկական կենտրոնի բուժքույր Սվետլանա Մխոյանին, «Ամբուլատորիայի լավագույն բժիշկ» կոչումը՝ Ախթալայի առողջության կենտրոնի բժիշկ Կարեն Ազարյանին, «Առողջապահության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ» կոչումը՝ Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկ Սուսաննա Միկոյանին: «Առողջապահության համակարգին աջակցող բարեգործ կամ կազմակերպություն» կոչումը շնորհվեց «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպությանը (տնօրեն Նունե Եղիազարյան):
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Մարինե Կարապետյանը (Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ),
Հրաչյա Ազարյանը( «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի բժիշկ),
Կարինե Խանինյանը (Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի բուժքույր),
Գայանե Սահակյանը (Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի բուժքույր),
Անահիտ Մխիթարյանը(Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր),
Անահիտ Թադևոսյանը (Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բուժքույր):
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, առողջապահության բնագավառում բազմամյա աշխատանքային գործունեության և ներդրած զգալի ավանդի համար մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվել են նաև վաստակաշատ բժիշկներ Վարդուշ Նիազյանը (մանկաբույժ), Սամվել Խառատյանը (թերապևտ), Կասումիկ Մարտիրոսյանը (վիրաբույժ), Օֆիկ Սողոյանը (մանկաբարձ-գինեկոլոգ), Վերգինե Պետրոսյանը (թերապևտ), Ֆրունզիկ Հակոբյանը (վիրաբույժ) և Մարգարիտա Դիլբարյանը (մանկաբույժ): Նրանց մարզի ղեկավարը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը Առողջապահության աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը շնորհակալագրեր և նվերներ հանձնել են՝ անձամբ այցելելով նրանց բնակարաններ: Վաստակաշատ բժիշկներին նվիրված փոքրիկ տեսաֆիլմ ևս ներկայացվեց հանդիսատեսին:

Գեղարվեստական կատարումներով ներկաներին ողջունեցին «Հորովել»երգի-պարի պետական համույթի կատարողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36