Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ

25.05.2017

 Մայիսի 24-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը տեղեկացրեց, որ կադրային փոփոխություննների, այլ օբյեկտիվ պատճառներով փոփոխություններ են եղել նաև հանձնաժողովի կազմում:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Ն. Սարգսյանը ներկաներին իրազեկեց հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության դաշտում տեղի ունեցող բարեփոխումների մասին՝ մասնավորապես երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման վերաբերյալ:
-Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2014-2019թ.թ. ընթացքում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ բավականին գործողություններ կատարված են: Այս անգամ ևս Լոռու մարզը հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման պիլոտային մարզ: Նպատակը յուրաքանչյուր երեխայի, առկա հնարավորությունների սահմաններում դեպի կենսաբանական, վերջինիս անհնարինության դեպքում՝ խնամատար ընտանիքներ ուղղորդելն է,-ասաց աշխատակազմի ղեկավարը: Նա իրազեկեց նաև, որ այս տարվա սեպտեմբերից մարզի բոլոր դպրոցներն անցնելու են ներառական համընդհանուր կրթության:
-Այս հարցերում ակնկալում ենք նաև ձեր ակտիվ աջակցությունը, քանի որ գաղտիք չէ, որ նշված բարեփոխումների իրականացման ճանապարհին խնդիրներն անխուսափելի են: Իսկ մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերելու յուրաքանչյուր երեխայի նկատմամբ՝ հանձնաժողովի անդամների աջակցությամբ՝ ասաց Ն. Սարգսյանը: Նա նշեց նաև, որ մարզպետարանը պատրաստ է իր հերթին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել:
Վ. Ջաղինյանը թվային վերլուծություն ներկայացրեց մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ, եթե 2016թ. հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 21.178, ապա 2017թ. հունվարի 1-ի դրությամբ 21.890 է:
Նա համառոտ տեղեկատվություն ներկայացրեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Հանձնաժողովի քարտուղարն առաջարկեց ազգային հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով առաջարկել մարզում գործող հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական այլ կազմակերպությունների ներկացուցիչների թեկնածություններ: Քվեարկության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց առաջարկել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ», «Մանկական կենտրոն» հկ-ների նախագահների թեկնածությունները:
Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2018թ. տարեկան ծրագրի մշակման աշխատանքներին՝ Վ. Ջաղինյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մինչև հունիսի 1-ը հանդես գալ ծրագրային առաջարկներով:
Հանձնաժողովի անդամ հանդիսացող «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը տեղեկատվություն տրամադրեցին 2016թ. իրենց կողմից իրականացված ծրագրերի, բարեգործական ակցիաների մասին՝ նշելով, որ ծրագրերը շարունակական են: «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ անդամ Մետաքսյա Միսկարյանը ներկայացրեց նաև մարզի հաշմանդամություն ունեցող անձանց 2017թ. մարզական հաջողությունները: Նպատակ ունենալով մարզում զարգացնելու հաշմանդամային սպորտը՝ «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» հիմնադրամը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն ձեռք բերեցին համագործակցելու համաձայնություն: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն իր հերթին մարզի ղեկավարի անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել այս հարցում:
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունները ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների կենտրոն ՔՀԶ» ՀԿ ֆինանսական ղեկավար Քրիստինե Ղևոնդյանը:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Հերմինե Գևորգյանը հանդես եկավ Զբաղվածության պետական գործակալության կողմից.2017թ. մայիսի 20-ից հունիսի 20-ը գործատուների հետ համագործակցության ակտիվացման միամսյակ հայտարարելու մասին հայտարարությամբ: Իսկ Վ. Ջաղինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (Ստրասբուրգ,Ֆրանսիա) ՀԿ-ի հետ համատեղ առաջիկայում կիրականացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորին¬գային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» երկամյա ծրագիրը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17