Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ» մարզ գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում

19.05.2017

 Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներում վերջիններիս կողմից տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին շարունակվում են «Սմարթ» դասասենյակների կառուցման ու կահավորման աշխատանքները: Նրանցից 5-ը Վանաձորում շահագործման հանձնվեցին ամսվա սկզբին և արդեն լիարժեքորեն գործում են: Այսօր մարզպետ Ա. Նալբանդյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվեցին Ստեփանավանի թիվ 1, 6 և Ալավերդու թիվ 12 դպրոցների «Սմարթ» դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունները:
Այսպիսով, ինչպես և նախորդ տարեվերջին խոստացել էր մարզի ղեկավարը, Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու գաղափարը քայլառքայլ կյանքի է կոչվում:
Պաշտոնատար անձինք ծանոթացան դպրոցներում ստեղծված պայմաններին: Շինաշխատանքներն իրականացրել էին «Տիտանյան եղբայրներ», «Տրիտոն» ՍՊԸ-ները: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության վերահսկողությամբ դասասենյակները բարձրաճաշակ վերանորոգված ու կահավորված էին: Վերանորոգման աշխատանքների արդյունքում իրականացվել էր լամինանտե հատակների կառուցում, մետաղապլաստե պատուհանների և ՄԴՖ-ով երեսապատված մետաղական դռների տեղադրում, կատարվել էին ներքին հարդարման աշխատանքներ, ներքին լուսավորության, ջեռուցման և օդափոխության համակարգերի կառուցում:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գործուն աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ դասարանները հագեցվել էին ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նախապես իրականացվել էր նաև ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում: Դպրոցներից յուրաքանչյուրում երեխաները՝ ՏՏ ոլորտում ունեցած իրենց գիտելիքները, «Սմարթ» դասասենյակների, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները յուրովի մատուցեցին մարզի ղեկավարին և հյուրերին:
Ա. Նալբանդյանն իր խոսքում բարձր գնահատեց ՏՏ ոլորտի զարգացումը մարզում՝ նշելով, որ այն մոտ ապագայում մարզի տնտեսության զարգացման կարևոր նախապայմանը կարող է դառնալ:
-Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք ոլորտը մարզում զարգացնելու համար,-ասաց նա՝ նշելով, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Դեբեդի գեղատեսիլ կիրճում կառուցվող «Սմարթ» կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, առաջիկայում Վանաձորում կառուցվելիք «Թումո» կենտրոնն այս գաղափարի իրականացման ամբողջական շղթայի մաս են կազմում, իսկ այս ոլորտում բարձրակարգ մասնագետներ պետք է պատրաստվեն հենց աշակերտական նստարանից:
Նա ողջունեց նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից «Սմարթ» դասասենյակների կառուցումը մարզի մի շարք դպրոցներում:
Տնօրենները, մանկավարժները և աշակերտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ա. Նալբանդյանին հրաշալի նախաձեռնության ու այն կյանքի կոչելուն աջակցելու համար: Իսկ մարզի ղեկավարը պահանջեց, որ դասարանների ընձեռած հնարավորություններից օգտվի դպրոցի ցանկացած աշակերտ և ուսուցիչ: Նա նշեց նաև, որ առաջիկայում «Սմարթ» դասասենյակներ ունեցող դպրոցների միջև մրցույթներ կկազմակերպվեն երեխաների գիտելիքները ՏՏ ոլորտում ստուգելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00