Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՈՒՇԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

10.05.2017

 Ամեն տարի, Վանաձոր քաղաքում` Սուրբ Սարգիս եկեղեցուն կից, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ տոնվում է հայության համար կարևորագույն նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի հաղթանակի օրը:
Այս տարի Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 25-ամյակի միջոցառումներով դարձյալ պանծացվեց պատմական այդ իրողությունը:
Թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ և Վանաձորի հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների: Արարողությանը մասնակցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, խաչքարի բարերար «Մատինյանի նշխար» ՍՊԸ տնօրեն, գործարար Արմեն Սարուխանյանի ընտանիքը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, պատանի երկրապահներ, զինվորականներ և շարքային զինվորներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ուսանողներ, դպրոցականներ և բազում հյուրեր: Արարողությանը ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը` հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առթիվ: Իր հայրական օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և «Հորովել» երգի և պարի համույթի կատարումներով:
Միջոցառման ավարտին մարզի ղեկավարը և ներկաներն, իրենց խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14