Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.04.2017

Ապրիլին 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Օրակարգի առաջին հարցը ՀՀ վարչապետի՝ համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի վերանայման և համայնքներում այս նպատակով հանրային լսումների կազմակերպման վերաբերյալ հանձնարարականի մասին էր:
-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելությունների ընթացքում համայնքների բնակիչները հարցեր են բարձրացրել, որոնք ընդգրկված չեն եղել իրենց համայնքների զարգացման ծրագրերում, բացի այդ, ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ նմանատիպ ծրագիր է մշակվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ծրագրերը վերանայելու և հանրային լսումներ կազմակերպելու: Նպատակը ռեալ իրատեսական ծրագրեր ունենալն է, որով համայնքը կկարողանա առաջնորդվել առաջիկա 5 տարիներին,- ասաց Ա. Նալբանդյանը: Նա փոխմարզպետներին հանձնարարեց ներկա լինել հանրային քննարկումներին, անդրադառնալ առկա բոլոր խնդիրներին:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ նախորդ շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նա տեղեկացրեց, որ մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատակիցներ՝ փոխմարզպետների հետ եղել են մարզի՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներում՝ զորակցելով և դրամական աջակցություն ցուցաբերելով նրանց: Նա անդրադարձավ նաև այլ հանձնարարկանների կատարմանը՝ նշելով, դրանք կատարվել են սահմանված ժամկետներում:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց մարզպետի հանձնարարությամբ մարզի թվով 12 դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին «Սմարթ» դասասենյակների վերանորոգման և կահավորման ընթացքը՝ նշելով, որ աշխատանքները ավարտական փուլում են: Մարզպետը կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց մինչև շաբաթվա վերջ ներկայացնել «Սմարթ» դասասենյակների ստեղծման երկրորդ խմբում ընդգրկվելիք դպրոցների ցանկը:
Համայնքներում հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլ ամսվա 145 մլն 824 հազար դրամ պլանի դիմաց ապրիլի 7-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 12,5, հողի հարկինը՝ 5,2, գույքահարկին՝ 18,1 տոկոս:
Մարզի ղեկավարն իր դժգոհությունը հայտնեց որոշ համայնքների ղեկավարների վատ աշխատանքից՝ նշելով, որ հողի հարկի հավաքագրումը պատշաճ չի իրականացվում.
-Այն համայնքների ղեկավարները, որոնք անբավարար հավաքագրում կկատարեն, համապատասխան վերաբերմունքի կարժանանան մեր կողմից,- ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզի միջհամայնքային ճանապարհների իրավիճակի և վերականգնման առաջնահերթությունների ժամկետների, չգազաֆիկացված համայնքների վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին տեղեկատվություն ներկայացրեց Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նա հայտնեց, որ միջհամայնքային ճանապարհների վերաբերյալ վարչությունը հստակ տեղեկատվություն ունի, ինչ վերաբերում է գազաֆիկացմանը, ապա մարզում առկա է չգազաֆիկացված 6 բնակավայր և 24 համայնք: Այդ համայնքների, գազաֆիկացման դեպքում ակնակալվող բաժանորդների թվի, գազաֆիկացման ծրագիր իրականացնելու արդյունավետության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կազմման փուլում է: Հանձնարարականը ժամկետների մեջ կամփոփվի և կներկայացվի ՀՀ վարչապետին:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ, պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող գարնանացան ցորենի և գարու սերմացուն մարզպետի հանձնարարությամբ առաջնահերթությամբ բաշխվում է այն համայնքներին, որտեղ աշնանացան ցորենի շուրջ 1000 հեկտարի ցրտահարություն է տեղի ունեցել:
-Եթե գարնանացանը ժամանակին և պատշաճ կերպով իրականացվի, կարծում եմ, ցրտահարության պատճառած վնասները հնարավոր կլինի մեղմել և նորմալ բերք ակնկալել,-ասաց Ա. Նալբանդյանը:
Ստացվել է նաև 507 տոննա պարարտանյութ, որը բաշխվել է 15 համայնքի, օրերս կստացվի ևս 600 տոննա, որը կբաշվի 23 համայնքի: Նրա տեղեկացմամբ, գարնանացանի աշխատանքները սկսված են հիմնականում Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում:
Մարզպետը ևս մեկ անգամ զգուշացրեց. պարարտանյութը և սերմացուն բաշխել միայն գումարները հավաքագրած համայնքներին՝ իհարկե հաշվի առնելով նաև համայնքների բնակլիմայական պայմանները:
Մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը ներկայացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանականերում Լոռու մարզի համայնքներում իրականացված աշխանքները: Նա հայտնեց, որ բաժնի աշխատակիցները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ երկու աշխատանքային խմբով ուսումնասիրություններ են իրականացրել մարզի տարածքում և գույքագրել բոլոր աղբավայրերը: Արդյունքում մարզում գույքագրվել է 300 աղբավայր: Չնայած սրան, ըստ բաժնի պետի, վերջին շրջանում դրական միտում է նկատվում, քանի որ համայնքները ջանում են կենտրոնացված աղբահանություն իրականացնել:
-Սա անթույլատրելի ցուցանիշ է մի մարզի համար, որտեղ ընդամենը 107 համայնք կա: Վստահ եմ, որ համայնքների մի մասը սեփական ուժերով կարող է վերացնել տարիներով կուտակված աղբը, մյուսներին անհարժեշտ կլինի աջակցություն ցուցաբերել,-ասաց մարզպետը:
Բաժնի պետի տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում ծրագրվում է յուրաքանչյուր տարածարջանի համար սահմանել կենտրոնացված աղբավայր: Ի լրումն՝ Ա. Նալբանդյանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներին՝ զբոսաշրջության սեզոնին ընդառաջ շաբաթօրյակներ սկսելու վերաբերյալ:
Ամառային զորակոչի ընթացքը ներկայացրեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53