Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը կոչ արեց լավ սովորել, լինել նպատակասլաց ու պատասխանատու աշխատանքի նկատմամբ

03.03.2017

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների այցելությունները մարզի գլխավոր վարչական կառույց շարունակվում են: Մարտի 3-ին մարզպետարանի հյուրերն էին Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների 15  աշակերտներ:

Դպրոցի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ նրանք եղան մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններում, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում՝ ծանոթանալով նրանց գործառույթներին և համապատասխան ոլորտներում իրականացվող ծրագրերին: Նրանք անկաշկանդ իրենց հուզող հարցերն ուղղեցին ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև դահլիճում մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը սլայդերի միջոցով ներկայացրեց մարզպետարանի կառուցվածքը, ոլորտառոլորտ իրականացվող գործառույթները, ծրագրերը, արտաքին համագործակցությունը և այլն:

Երեխաների համար ամենասպասված պահը մարզի ղեկավարի հետ հանդիպումն էր: Նա անկաշկանդ զրույցի հրավիրեց երեխաներին, հարցեր ուղղելու հնարավորություն ընձեռելով և առաջարկելով կիսվել տպավորություններով: Երեխաները նշեցին, որ բավականին տպավորված են այցից, հասցրել են իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ ստանալ: Առանձնացրին հատկապես Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, որը, որպես երեխաների իրավունքների պաշտպանություն իրականացնող ստորաբաժանում, ամենից շատն էր հետաքրքրել նրանց:

Երեխաների հարցերը, ուղղված մարզի ղեկավարին, բավականին հետաքրքիր էին:

-Պարոն  Նալբանդյան, ինչպիսի՞ աշխատանքային ուղի եք անցել:

-Ոչ մի ձեռքբերում մարդկանց հենց այնպես չի տրվում: Ինչ-որ բանի հասնելու համար ես շատ եմ աշխատել, եղել եմ նպատակասլաց ու չափազանց պատասխանատու: Ընդամենը 29 տարեկանում եղել եմ «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի փոխտնօրենը, 32 տարեկանում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի  «Թումանյանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենը, 34 տարեկանում ընտրվել եմ Ալավերդու քաղաքապետ՝ դառնալով ամենաերիտասարդ քաղաքապետը հանրապետությունում, ապա՝ 39 տարեկանում ինձ է վստահվել Լոռու մարզպետի պաշտոնը: Ես դարձյալ ամենաերիտասարդ մարզպետն էի: Ձեզ, որպես մարզի ղեկավար ու ձեր ավագ ընկեր՝ խորհուրդ եմ տալիս լավ սովորել, ունենալ մեծ պատասխանատվություն և սեր աշխատանքի նկատմամբ: Լավ կրթություն չստացած, մասնագիտություն չունեցող մարդը պոտենցիալ աղքատ է: Կրթված սերունդն է, որ պետք է ապահովի մեր երկրի կայուն զարգացումն ու առաջընթացը,-ասաց նա: Մարզպետը կոչ արեց նաև հաճախակի ռազմահայրենասիրական դասերի անցկացման նախաձեռնություն ցուցաբերել, ասենք՝ միասին հայրենասիրական ֆիլմեր նայել, երկրպագել մեր չեմպիոններին և այլն:

Երեխաները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես կարելի է քաղաքական գործիչ դառնալ:

-Խորհուրդ կտամ դառնաք լավ մասնագետ ձեր նախընտրելի ոլորտում, իսկ քաղաքականությամբ կզբաղվեք, երբ առավել հասուն տարիքի լինեք ու հստակ կողմնորոշում ունենաք,-ասաց Ա. Նալբանդյանը:

Նա հանգամանորեն ներկայացրեց նաև Լոռին Սմարթ մարզ հայտարարելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ կոչ անելով առաջարկություններով ևս մասնակից դառնալ գաղափարի իրագործմանը:

-Ուզում եմ, որ լավատես լինեք ու այսօվանից սկսած՝ մասնակից դառնանք սեփական երկրի բարեկեցիկ ապագայի կերտմանը,-հանդիպումը եզրափակելով՝ ասաց Ա. Նալբանդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14