Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի հաշվետվությունը

31.01.2017

Հունվարի 30-ին լսվեց մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի հաշվետվությունը, որը ներկայացրեց բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Հաշվետվությունը լսում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալներ Արսեն Դարբինյանը և Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:
Հ. Մկրտչյանի տեղեկացմամբ, ըստ Մարզային զարգացման ծրագրի, հաշվետու տարում պլանավորվել է 36,2 մլրդ դրամի ծրագիր:
Աշխատանքներ են տարվում Լոռու մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ: Ռազմավարության նպատակն է մշակել մեկ փաստատթուղթ, որը համահունչ է ՀՀ կառավարության տարածքային ռազմավարության ծրագրին և բխում է մարզերի զարգացման առաջնահերթություններից և հնարավորություններից՝ բարձրացնելու մարզերի մրցունակությունը, գործողությունները նպատակաուղղելու արտագաղթի կտրճատմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Աջակցություն է ցուցաբերվել Լոռու մարզի համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի կազմմանը:
Համախառն ներքին արդյունք: ՀՀ համախառն ներքին արդյունքը 2015թ. կազմել է 5,058.244մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում Լոռու մարզում կազմել է 237 մլրդ դրամ, աճը 2009թ.-ի համեմատությամբ՝ 204.7%։ ՀՆԱ-ի տեսակարար կշիռը հանրապետական ընդհանուր ցուցանիշում կազմել է 5%։ Մեկ շնչի հաշվով մարզի ՀՆԱ-ն 2015թ-ին կազմել է 1,041.807դրամ, որը զիջում է ՀՀ-ում ամենաբարձր ցուցանիշ ունեցող Սյունիքի մարզին շուրջ 1.8 անգամ, իսկ միջին հանրապետական ցուցանիշին՝ 1.6անգամ։ ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը պայմանավորված է հանրապետությունում առաջատար արդյունաբերական մարզ լինելու հանգամանքով։ՀՆԱ-ի աճը 2009-2015թ.թ.-ին մեկ շնչի հաշվով կազմել է 253.6% (ամենաբարձրը ՀՀ-ում), որը արդյունք է նաև բնակչության զգալի նվազմանը (19.1%)։
Արդյունաբերություն: Լոռու մարզում գրանցված ձեռնարկությունների թիվը 18.000, որից գործող՝ 495(արդյունաբերություն), խոշոր ձեռնարկությունները 9-ն են: Վերլուծություն է կատարվել 157 ձեռնարկությունների կտրվածքով: 2016թ. 9 ամսում մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է՝ 95.9 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 89.7 մլրդ դրամի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 113% (հանրապետականը՝ 107.1%), Տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում 9.3 % (4-րդ ցուցանիշը): Պատրաստի արտադրանքի իրացման ծավալը կազմել է 95.3 մլրդ. դրամ, իրացման աճի ինդեքսը՝ 101.2%, որից ԱՊՀ երկրներ՝ 649 մլն. դրամ (0.7%) և այլ երկրներում 59 մլրդ. դրամ (61.9%): Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է ԱՊՀ երկրներում իրացվող արտադրանքի ծավալները (80.1%) և բարձրացել այլ երկրներում իրացման ծավալները (100.4%):Մարզի արդյունաբերության հիմնական տեսակների ծավալները.
• հանքագործական արդյունաբերություն՝ 48.4 մլրդ դրամ, ծավալի աճը՝ 117% և տեսակարար կշիռը 50.5% (2015թ. 9 ամսում՝ 46.4%);
• մշակող արդյունաբերություն՝ 36.2 մլրդ դրամ, ծավալի աճը՝ 106.2% և տեսակարար կշիռը՝ 37.8% (2015թ. 9 ամսում՝ 43.2%);
• էլ.էներգիայի արտադրություն՝ 10.4մլրդ դրամ, ծավալի աճը՝ 125.6% և տեսակարար կշիռը 10.8% (2015թ. 9 ամսում՝ 9.4%);
• Ջրամատակարարում, թափոնների մշակում և այլ ճյուղեր 856.9 մլն դրամ, 107.3% և 0.9%, (2015թ. 9 ամսում՝ 0.9%):
 9 ամսում մարզի 26 արտադրական ձեռնարկություններ արտադրանք չեն թողարկել:
 Արտադրանքի ծավալի նվազում են ունեցել 39 ձեռնարկություններ:
 Էլ.էներգիա արտադրող 28 ձեռնարկություններից 5-ը բնեղեն արտահայտությամբ իջեցրել են արտադրության ծավալները:
Արտադրության ծավալի աճ են ունեցել թեթև, մեքենաշինական, փայտամշակման արդյունաբերությունները, նվազում՝ քիմիական, սննդի արդյունաբերությունները, մետալուրգիան և այլ ճյուղերը:Արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը մարզում կազմել է 6880 մարդ, 2015թ. նույն ժամանակաշրջանի աշխատողների թիվը նվազել է 13.4%-ով:
ՓՄՁ մասնավոր հատված: 14 ներդրումային ծրագրերի մշակում, ներդրումային ծրագրերի բազայի ստեղծում, համագործակցություն ՓՄՁ ԶԱԿ Վանաձորի մասնաճյուղի հետ, համագործակցություն Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ( աշխատանքի տոնավաճառի կազմակերպում մասնակիցների թիվը 29, միջազգային ծրագրերում ընդգրկվածություն),միջազգային համագործակցություն, այցեր մարզի ձեռնարկություններ:
Ներդրումային ծրագրեր: 2016թ. մշակվել է շուրջ 14 ներդրումային ծրագիր, որից Վանաձոր՝ 5, Ալավերդի՝ 5, Սպիտակ՝ 3, Ամրակից՝ 1 ծրագիր: Ներկայացված ծրագրերից 2-ը գործող, 3 մասնակի գործող կազմակերպությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր են։ Ծրագրերի հաջողության դեպքում 1035 նոր աշխատատեղ կունենաք: 2016թ.-ի առաջին կիսամյակում ներկայացված 7 ներդրումային ծրագրերից 3-ն արժանացել են հավանության արգենտինահայ բարերարների կողմից՝ չորացված մթերքների արտադրություն Սպիտակի տարածաշրջանում, լվացքակալների արտադրություն՝ Կույրերի միավորում, «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ի զարգացման ծրագիր:
ՏՏ ոլորտ: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմադրամի կողմից Վանաձորում բացվեց Տեխնոլոգիական կենտրոնը հանրապետության նախագահի անմիջական մասնակցությամբ։ Ծրագրային աժեքը կազմել է ավելի քան 6մլն դոլար, այդ թվում՝ շինարարական աշխատանքներ և վերազինում։ 2016թ.-ին ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ: 2016թ.-ին կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական դասընթացներին և սեմինարներին մասնակցել են շուրջ 2000 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ։ Ձեռներեցության զարգացման նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ուսանողների, ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ` տեխնոլոգիական թիմեր ստեղծելու ուղղությամբ: Առաջին անգամ Հայաստանում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարել է նաև Ինժեներական, Մաքուր և բարձր տեխնոլոգիաների, Էներգիայի նոր աղբյուրների մշակման և էներգախնայողության ոլորտների աքսելերացիոն ծրագիր՝ տեղական գյուտարարների, ճարտարագետների և ուսանողների համար: Աքսելերացիոն ծրագիրը հաջողությամբ անցած թիմերը հետագայում հնարավորություն կստանան մասնակցել առաջիկայում կազմակերպվող ճարտարագիտական, բարձր և մաքուր տեխնոլոգիաների ոլորտների դրամաշնորհային ծրագրերին։ Ծրագրին մասնակցում են թիմեր ոչ միայն Վանաձորից, այլ նաև հանրապետության մյուս քաղաքներից: 2015թ.-ից մեկնարկվեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) կողմից նախաձեռնված Սմարթ կենտրոնի ստեղծման աշխատանքները (Սմարթ ստեղծագործարանների հիմնում 10 համայնքներում՝):2016թ.-ին միայն կրթական ոլորտում ներդրումները կազմել են 39.6 մլն դրամ: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ մարզում մեկնարկվեց «ՍՄԱՐԹ» դասասենյակների ստեղծման աշխատանքները։ Առայժմ աշխատանքներ են տարվում մարզի 12 դպրոցներում կենտրոններ ստեղծելու ուղղությամբ, սակայն 2017թ.-ին դպրոցների թիվը կավելանա:
Տեղեկատվական համակարգեր: Ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվել Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին փաստաթղթաշրջանառության Mullbery համակարգի աշխատանքների կազմակերպման, մարզպետի և աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում են եղել Լոռու մարզպետարանի lori.mtad.am պաշտոնական կայքի և Համայնքների պաշտոնական կայքերի արդիականացման ուղղությամբ:
Զբոսաշրջություն: Տարեկան կտրվածքով մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2014թ.-ի դրությամբ աճել է 3 անգամ (2016թ.-ին շուրջ 90 հազ մարդ): Առկա են շուրջ 67 հյուրանոցային տնտեսություններ՝ հնարավորությունները՝ 1600 -2000 մարդ/օր: 2016թ.-ին ծառայություններից օգտվողները՝ 21,7%: «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի կոզմից 2016թ. երկրորդ կիսամյակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.կապ է հաստատվել արտասահմանյան նոր գործընկերների հետ (ավելի քան 60 գործակալություն), կազմակերպվել է 12-օրյա քայլարշավ երիտասարդ զբոսաշրջիկների համար, հյուրընկալվել են զբոսաշրջիկների խմբեր, այդ թվում Ֆրանսիայի Նիմ քաղաքից, կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Տաթևի վանք, Խնձորեսկ, Նորավանք, Վրաստան, իրականացվել է «Լրատու» տեղեկատվական թերթիկի պարբերաբար տպագրում, քայլարշավային թերթիկի կազմում, տարածում, բացահայտվել են զբոսաշրջային նոր ռեսուրսներ ((3 հյուրատուն Դսեղում, 1-ը՝ Հագվիում), Սանահինի «Հայի տուն» զբոսաշրջության կենտրոն, «Դսեղի այցելուների կենտրոն»):
«Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Վրաստանի միջև, 2016թ. երկրորդ կիսամյակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.պատրաստվել և տրվել են տպագրության զբոսաշրջային փաթեթների մասին պատմող բուկլետներ, քարտեզ և ուղեցույց,Վանաձոր, Դսեղ, Մարգահովիտ համայնքներում իրականացվել են 20 օր տևողությամբ հեծանվային վարժանքներ հեծանվային մշակույթի զարգացման և տարածման նպատակով, կազմակերպվել է երեք օր տևողությամբ Հայաստան-Վրաստան-Հայաստան փորձնական տուր ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հեծանվային ուղեկցորդների մասնակցությամբ:
Արտաքին կապեր: Շարունավել է Լոռի-Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոն համագործակցությունը: Մարզպետի գլխավորությամբ Լոռու պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոն՝ մասնակցելու EUROMED կազմակերպության կողմից Նից քաղաքում տեղի ունեցած «Քաղաքների ցանց» ապակենտրոնացված համագործակցության ֆորումին: Երկու մարզերի ղեկավարները քննարկել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության հետագա ուղղությունները, նախանշվել է մշակութային տուրիզմը և ՏՏ ոլորտը՝ Լոռու մարզ-ՊԱԿԱ համագործակցության գերակա ոլորտներ: Մեկ այլ համագործակցություն է սկսվել՝ Լոռու մարզի և Շվեդիայի հանրապետության Ուփսալայի նահանգի իշխանությունների միջև։ Մարզպետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի հանրապետություն, որի ընթացքում ստորագրվել համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Լոռի-Շանսի համագործակցության շրջանակներում, երկար լռությունից հետո պաշտոնական աշխատանքային 3-օրյա այցով Լոռու մարզ էր ժամանել Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի պատվիրակությունը: Այցի ընթացքում կազմակերպվեց քննարկում երկու մարզերի միջև համագործակցության հնարավորությունների հստակեցման ուղղությամբ:
Այցեր: 2016թ. Վրաստանի հանրապետության Ռուստավի քաղաքում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EaPTC ծրագրի «Հայաստան-Վրաստան համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի» 4-րդ պաշտոնական հանդիպումը: «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում փոխայց է կատարվել Ֆիլիպինների հանրապետություն:Մասնակցություն է ցուցաբերվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին և այլն:
Միջազգային համագործակցության շրջանակներում մարզում շուրջ 40 կազմակերպություն տարբեր բնագավառներում իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր, որոնցից հիշատակելի են՝ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամ՝ 53.2 մլն դրամ ծրագրեր, «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» 181.7մլն դրամ, «Դիակոնիա» շուրջ 67մլն դրամ, ԱՄՆ զարգացման գործակալություն ծրագիր՝ 161.6մլն դրամ, GIZ-ի կողմից մարզի Ալավերդի և Թումանյան համայնքներում ստեղծվել են տեղեկատվական կենտրոններ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, «Փրկեք երեխաներին», ՄԱԿ-ի արդյունաբարական զարգացման հիմնադրամը վերջին 2 տարիներին շուրջ 64 մլն դրամի վարկ է տրամադրել 10 սկսնակ ձեռներեցների, ԵՄ ֆինանսավորմամբ վերջին 3 տարում CISP և ՀԵԿԱ կազմակերպությունների միջոցով դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել և այլն։Բաժնի պետը ներկայացրեց նաև 2017թ. անելիքները:
Ամփոփելով բաժնի հաշվետվությունը և դրվատելով բաժնի անցած տարվա գործունեությունը, մարզպետ Ա. Նալբանդյանը հատկապես կարևորեց 2017-2025թ.թ. մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նախանշված բնագծերի իրականացումը:
-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացրած հեռանկարային ծրագրում ներառված 17 ներդրումային ծրագրերից, կարծում եմ, առնվազն 5-ից 7-ը կարժանանան ՀՀ կառավարության հավանությանը և ամեն ինչ պետք է արվի այսօրվանից դնելու դրանց բարեհաջող իրացման հիմքերը: Այս հարցում անչափ կարևոր է բաժնի նախաձեռնողականությունը մարզի զարգացման գործընթացում մասնավոր ներդրողին ևս շահագրգռելու, ուղղորդելու համար,- ասաց մարզի ղեկավարը:
Որպես մարզի առաջընթացի գերակա խնդիր՝ մարզպետը մեկ անգամ ևս կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների աննախընթաց զարգացման անհրաժեշտությունը, վստահ լինելով, որ դրա բարերար պտուղները կերևակվեն արդեն 3-5 տարի հետո և անկասկած Լոռու մարզն իր ծանրակշիռ բաժինը կունենա հանրապետական հաշվեկշռում: Անդրադառնալով մարզում զբոսաշրջության զարգացման ռազմավարական հեռանկարներին՝ մարզպետը որպես բաժնի և ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների համար առաջնահերթ համարեց զբոսաշրջիկին ազգային, Լոռու ավանդական կենցաղագրական, մշակութային պատմությունն ու ժառանգությունը, նաև ներկան ինքնատիպ գրավչությամբ ներկայացնելու խնդիրը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53