Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Լոռու մարզում անցկացվող մշակութային միջոցառումներին

27.10.2014

Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները Լոռու մարզում, հատկապես այս տարի, առանձնացան աննախադեպ մշակութային միջոցառումներով: Հանդիսույթների շարքը եզրափակվեց հոկտեմբերի 26-ին՝ Ստեփանավանի քաղաքային այգում հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի քանդակի բացմամբ, Դսեղում անցկացված հանրապետական մանկապատանեկան ասմունքի փառատոնի մարզային փուլի անցկացմամբ և Ալավերդում անցկացվող «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի հանդիսավոր փակման արարողություններով: Առաջին երկու միջոցառումներն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախ այցելեց Ստեփանավան՝ մեծանուն դերասանի, սիրված հայի ծննդավայրը, ուր նախատեսվում էր բացել Սոս Սարգսյանի կիսանդրին՝ բեմի վարպետին մշտապես իր հայրենի քաղաքում ունենալու մեծագույն ցանկությամբ: Հանդսությունը բազմամարդ էր. ներկա էին պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, արտիստներ, մտավորականներ, մշակութասեր հասարակությունը: Հուզիչ միջոցառում էր կազմակերպվել Ստեփանավանի քաղաքային այգում: Համառոտ ներկայացվեց Սոս Սարգսյանի կենսագրությունը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ ներկայացրին թատերականացված տեսարաններ՝ մեկ տեղում համախմբելով Սոս Սարգսյանի բեմական կերպարներին: Արձանը բացելու պատիվը տրվեց Սոս Սարգսյանի տիկնոջը՝ Նելլի Սարգսյանին և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին:
Մեծանուն դերասանի արձանը նրա ծննդավայրում տեղադրվել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ու բարերար Արտավազդ Բարխուդարյանի հովանավորությամբ: Քանդակի հեղինակն է հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ մեծագույն սիրով է ստանձնել Սոս Սարգսյանի արձանը կերտելու առաքելությունը՝ փորձելով առավելագույնս իրական արտահայտել ժողովրդական արտիստի խառնվածքը: Ներկաները ծափողջույններով հավաստեցին, որ դա նրան հաջողվել է: Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նախաձեռնությունը ողջունեցին ու կարևորեցին նաև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, Նելլի Սարգսյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը: Միջոցառմանն, իր կատարումներով, առանձնակի շուք հաղորդեց Վանաձորի կամերային երգչախումբը:
Դսեղում՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում, հանդիսավորությամբ էր կազմակերպվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հանրապետական 8-րդ ամենամյա ասմունքի մանկապատանեկան փառատոնի Լոռու մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին(որը կտոնվի հաջորդ տարի): Մինչ փառատոնին մասնակցելը, Հովիկ Աբրահամյանը մարզպետի ուղեկցությամբ եղավ Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հնամենի եկեղեցում, ապա՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, ծաղիկներ խոնարհեց բանաստեղծի կիսանդրուն և հուշարձանին:
Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Լոռու մարզի 162 կրթօջախների 540 սաներ, որոնցից մարզային փուլ են անցել 50-ը։ Ժյուրիի կազմը բավականին հեղինակավոր էր՝ ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյան (նախագահ), լրագրող Մարիետա Մակարյան՝ փառատոնի պատասխանատու քարտուղար, անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահինյան, դերասաններ Ջուլիետա Բաբայան, Գարիկ Չեպչյան, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյան, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյան: Վերջինս նաև վարում էր հանդիսությունը:
Ներկաներին ողջունեց և միջոցառումը կարևորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը.
-Առիթն օգտագործելով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր այն մանկավարժներին, ովքեր մեր մատաղ սերնդին հայեցի բառ ու բան ուսուցանելով, միաժամանակ հոգ են տանում, որ իրենց սաները հայոց մեծերի տաղերի ոգին գեղարվեստորեն մատուցեն մեզ: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին, մրցութային հանձնախմբի անդամներին, և, իհարկե, Ձեզ, մեծարգո պարոն Աբրահամյան, որ այսչափ կարևորում և սատարում եք մատաղ սերնդի հայրենասիրական ու գեղագիտական դաստիարակությունը: Մեր մատաղ սերնդին հասցեագրված յուրաքանչյուր այսպիսի ազգաշահ գործ, մի-մի առողջ հունդ է գցում այն պարարտ հողին, որը մենք անվանում ենք Հայրենիք,- ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանը պատվոգրեր հանձնեց մարզային փուլում հաղթած այն դպրոցականներին, ովքեր իրավունք են նվաճել մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին։
11-ից 14 տարեկանների խմբում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Ասատրյանը, 2-րդ տեղ է զբաղեցրել Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արգամ Մովսիսյանը, 3-րդ՝ Վանաձորի թիվ 23 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Շահանե Միսկարյանը։ 15-ից 17 տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նունե Շեկոյանը, 2-3-րդ տեղերը հավասար միավորներով կիսել են Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Սադաղյանը և Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի աշակերտ Արմեն Վարդանյանը։ Ժյուրիի միաձայն որոշմամբ փառատոնի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ընձեռնվեց նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտուհի Անի Ավագյանին։ Ասոմունքով հանդես եկավ Նունե Շեկոյանը։
Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով, որ վարչապետի ֆոնդից մեկ միլիոն դրամ կհատկացվի փառատոնի Լոռու մարզային փուլի հաղթողներին։
-Այս փառատոնը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Այն մեր ժողովրդի ապագայի համար է, որի արդյունքներն այժմ էլ ակնհայտ են։ Մենք արձանագրել ենք լուրջ հաջողություններ, որոնք համատեղ աշխատանքի արդյունք են։ Համախմբվածություն պետք է լինի ցանկացած բնագավառում։ Մենք պետք է հպարտանանք մեր ներկայով ու ապագայով և բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք արդյունավետ և նպատակային,- ասաց Հ. Աբրահամյանը։
ՀՀ վարչապետն ու ուղեկցողները մարզից մեկնեցին վառ տպավորություններով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14