Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեց վաստակաշատ վետերանը

21.10.2014

Հոկտեմբերի 20-ին լրացավ Վանաձոր քաղաքի պատվելի այրերից մեկի՝ Հայրենական պատերազմի վետերան, պահեստի գնդապետ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Արտեմ Մանուչարյանի ծննդյան 90-ամյակը: Հոբելյարին շնորհավորելու, հայրենիքի պաշտպանի ու աշխատանքի վետերանի անուրանալի վաստակը մեկ անգամ ևս բարձրաձայնելու էին եկել Վետերանների մարզային խորհրդի փառքի սրահում հավաքված պատերազմի ու աշխատանքի վետերանները, Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վետերանների քաղաքային խորհրդի նախագահ Գարուշ Խաչատրյանի՝ հոբելյարին ուղղված ողջույնից հետո Արտեմ Մանուչարյանի անցած մարտական ու աշխատանքային փառավոր ճանապարհի մասին խոսեց Կոմկուսի Կիրովականի երկարամյա քարտուղար, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը` նրան բնորոշելով որպես Հայրենական պատերազմի անվեհեր զինվոր ու ստեղծագործ աշխատանքի երկարամյա ուղի, այդ թվում օրինապահ մարմիններում շուրջ երկու տասնամյակ անձնվեր ծառայություն անցած մտավորական: Արտեմ Մանուչարյանը Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանի, մարտական ու աշխատանքային տասնյակ մեդալների ասպետ է, իսկ 18 տարի միլիցիայի շարքերում աշխատելու տարիներին ցուցաբերած արիության համար արժանացել է «Կարմիր աստղ» շքանշանի: Նրա աշխատանքային կենսագրության արժանահիշատակ տարիներից էին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցնելը կուսակցության Ալավերդու քաղկոմում:
Պատերազմի վետերանի մարտական վաստակի գնահատականի վկայությունն է, որ 6 անգամ նրան հրավիրել են մասնակցելու Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթներին: Շուրջ 20 տարի Արտեմ Գրիգորիչը, ինչպես մտերմաբար դիմում էին նրան, եղել է Վանաձորի վետերանների խորհրդի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ: Միջոցառման մասնակիցները ակնածանքով ու ջերմությամբ էին մոտենում վետերանին, շնորհավորում, նվերներ ու ծաղիկներ հանձնում նրան:
Լոռու մարզպետի անունից վետերանին շնորհավորեց և շնորհակալագիր հանձնեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը:
Շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Վանաձորի պաշտպանական, մարզատեխնիկական կազմակերպության նախագահ Խաչիկ Բալայանը, Լոռու երիտասարդական հիմնադրամի ղեկավար Վահե Դոխոյանը:
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանի` հոբելյարին ուղղված շնորհավորական ուղերձներն ընթերցեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ գնդապետ Մարատ Մանուկյանը:
Վաստակաշատ վետերանին ջերմ խոսքեր ասացին, առողջություն մաղթեցին նրա կյանքի ու աշխատանքային ընկերները, սերնդակիցները, իրենց ասմունքով ու երգեցողությամբ հոբելյարին պատվեցին դպրոցականները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53