Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակույթի նախարարը Լոռու մարզում էր

16.10.2014

Հոկտեմբերի 15-ին Լոռին դիմավորեց ևս մեկ կառավարության անդամի: Այս անգամ աշխատանքային այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նախարարության մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ: Նրանց դիմավորեցին և ուղեկցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի վարչությունների ու բաժինների ղեկավարար աշխատողներ:
Նախարարն ու ուղեկիցներն առաջինը այցելեցին Սպիտակի մշակույթի տուն, ուր հանդիպեցին քաղաքային գրադարանի և տիկնիկային ստուդիայի անձնակազմերի հետ: Գրադարանը լավ տպավորություն թողեց նախարարի վրա, կահավորումը բավարար է, առկա են բոլոր պայմանները ընթերցողներին լավագույնս սպասարկելու համար: Բայց ահա կան խնդիրներ, որ խոչընդոտում են աշխատանքները լիարժեք կազմակերպելուն. իսպառ բացակայում է ջեռուցման կենտրոնացված համակարգը, խիստ ցածր է աշխատողների աշխատավարձը: Այս մասին ասաց գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:
-Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների վարձատրությունը զուտ համայնքային իշխանության խնդիրն է, այստեղ պետբյուջեից ֆինանսավորում ակնկալելը ճիշտ չէ: Աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է քաղաքապետարանի բյուջետային հնարավորություններով և դա արվելու է փուլ առ փուլ,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Հրաժեշտին նախարարը գրադարանին նվիրեց վերջին հրատարակությունների գրքեր:
Մշակույթի տանն է զետեղված նաև տիկնիկային ստուդիան: Ներս մտնելուն պես նախարարը, մարզպետը, ուղեկիցները հայտնվեցին, հիրավի, հեքիաթային աշխարհում: Տպավորությունն աներևակայելի էր. ստուդիայի երկու հարկաբաժիններում հյուրերին դիմավորեցին աշխարհի տարբեր երկրների հեքիաթասացների ու հայ հեղինակների հեքիաթների հերոսներին մարմնավորող բազմաթիվ տիկնիկներ, որոնց ներկայացումների շունչ տվողները փոքրիկ տիկնիկավարներն են: Ու այս ամենի կազմակերպիչն ու ոգեշնչողը ստուդիայի ղեկավար Արմենուհի Մելքոնյանն է: Տասնամյա կենսագրություն ունեցող տիկնիկային համույթը ներկայացումներ է տվել ոչ միայն Սպիտակում, այլև մայրաքաղաքում, այլ բնակավայրերում, մասնակցել փառատոների: Պարզվեց մշակույթի նախարարությունում քաջածանոթ են այս ստուդիայի գործունեությանը: Եվ պատահական չէր, որ նախարարը ստուդիայի ղեկավարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր: Հանդիպման վերջում ներկաները հիացումով դիտեցին նաև մի հատված փոքրիկների տիկնիկային ներկայացումից:
Այցելության հաջորդ կանգառը Սպիտակի գեղարվեստի դպրոցն էր, որը կրում է հայ գեղանկարչության երախտավոր Արտաշես Հունանյանի անունը: Այն շուրջ 35 տարվա կենսագրություն ունի, կրթել, գեղագիտական դաստիարակություն է տվել տասնյակ սերունդների: Ներկայում այստեղ սովորում է 60 աշակերտ: Հենակետային դպրոցում գործում են գծանկարի, քանդակի, գոբելենի, խեցեգործության, գունանկարի, կոմպոզիցիայի բաժինները: Դպրոցը մշտապես մասնակցել է քաղաքային, մարզային, միջմարզային ու հանրապետական մանկապատանեկան ցուցահանդեսների ու ստուգատեսների: Հաստատության սաների աշխատանքները ցուցադրվել են նաև Գերմանիայում, Բելառուսում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի արգասավոր աշխատանքի գնահատականն էր, թերևս, Հասմիկ Պողոսյանի կողմից ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի հանձնումը գեղարվեստի դպրոցի տնօրեն Այծեմնիկ Սիմոնյանին: Նախարարը դպրոցին նվիրեց նաև 10 նկարակալ՝ նկարչական պարագաներով, ինչպես նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնագրությունների ոսկե ֆոնդի ձայնաերիզների հավաքածուն: Հյուրընկալողնեն իրենց հերթին նախարարին նվիրեցին սաների ստեղծագործություններից երկու աշխատանք:
Նույն օրը նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մարզկենտրոնում՝ քանդակագործ, գեղանկարիչ Սարգիս Ղարիբյանի (Սևոյի) արվեստանոցում հանդիպում ունեցան Վանաձորի գրողների, նկարիչների, մշակութային գործիչների և տարբեր մշակութային հաստատությունների տնօրենների հետ:
Ներկաները շրջեցին արվեստանոցում, ծանոթացան քանդակագործի ստեղծած բազմաթիվ քանդակներին, քաղաքի գեղանկարիչների գործերին, դիմանկարներին: Ս. Ղարիբյանն ասաց, որ այդ արվեստանոցը ոչ միայն ծառայում է իր աշխատանքների ցուցադրության համար, այլև վերածվել է մտավորականների հավաքատեղիի։ Նա իր շնորհակալության խոսքն ուղղեց մարզպետ Ա. Նալբանդյանին և քաղաքապետ Ս. Դարբինյանին՝ մշակույթի գործիչներին ու հաստատություններին մշտապես աջակցելու և հովանավորելու համար։
Մշակույթի նախարարը բարձր գնահատեց քանդակագործի աշխատանքը և այն մթնոլորտը, որն ստեղծվում է դրա շուրջը մշակութային միջավայր ձևավորելով։ Այնուհետ Հ. Պողոսյանը նշանակալի վաստակի համար մշակույթի նախարարության պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց Սարգիս Ղարիբյանին և քանդակագործ, բանահավաք Բոգդան Հովհաննիսյանին: Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը նախարարին նվիրեց թանգարանի 40-ամյակին նվիրված գիրքը և այդ առիթով բացված ցուցահանդեսի գեղանկարների ալբոմը: Իսկ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը նվիրեց Էդ. Կզարթմյանի 80-ամյակին նվիրված և «Մուսաների ծառաները» գրքերը։
ՙՙ «Մշո զարմ» գիտակրթական հկ-ի նախագահ Էդվարդ Խլղաթյանը Հ. Պողոսյանին նվիրեց «Մայրասարի ուխտավորը» գիրքը, իսկ Ս. Ղարիբյանը՝ դաշտային ծաղիկներով իր նատյուրմորտներից մեկը։
Հ. Պողոսյանը ունկնդրեց նաև ներկաների բարձրացրած հարցերը, խոստացավ հնարավորության սահմաններում լուծում տալ դրանց և ուշադրության կենտրոնում պահել Լոռու մարզի ու Վանաձորի մշակութային օջախներն ու մշակույթի նվիրյալներին։
Օրվա երկրորդ կեսին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ Հ. Պողոսյանը Վանաձորից մեկնեց Քոբայրի վանական համալիր, ապա Ալավերդի, ուր Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում հանդիպում ունեցավ քաղաքի մտավորականների, կրթօջախի մանկավարժների հետ։
Երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի դասատու Անահիտ Շահվերդյանը և Սարհարթի արվեստի դպրոցի տեսական առարկաների դասատու Կարինե Պողոսյանը պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: ՀՀ մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամից դպրոցին տրամադրվեց երաժշտական քանոն:
Հ. Պողոսյանն այցելեց նաև համայնքային գրադարան, ապա Ալավերդու մշակույթի տան դահլիճում մասնակցեց «Թատերական Լոռի-1914» միջազգային փառատոնի բացման հանդիսությանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:51:58