Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը

15.10.2014

Հոկտեմբերի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախարարության մի խումբ պաշտոնյաների հետ աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Սպիտակ քաղաքում: Նրանք այցելեցին քաղաքի «Վարպետաց թաղամաս»: Թաղամասը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո, պետական միջոցներով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրով: Այս տարի կառավարության համապատասխան որոշմամբ թաղամասի 9 առանձնատներ հատկացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ սոցիալապես անապահով, բազմազավակ անօթևան ընտանիքներին հատկացնելու նպատակով: Առայժմ, այդ բնակարաններից հատկացվել է միայն մեկը: Հյուրերը եղան սեփական բնակարան ունենալու երջանկությունը վայելող ընտանիքում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամներն իրենց երախտագիտությունը հայտնեցին նախարարին, մարզպետին նման հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի այցի նպատակն էր նաև ծանոթանալ Սպիտակում առաջիկայում կառուցվելիք ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնի համար առանձնացված տեղանքին, գնահատել ընտրված տարածքների նպատակահարմարությունը: Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ հյուրերը եղան առանձնացված մի քանի տարածքներում: Նախնական քննարկման արդյունքում առավել նպատակահարմար համարվեց «Վարպետաց թաղամասի», Սպիտակի հիվանդանոցի և համաբուժարանի հարևանությամբ գտնվող հողատարածքը:
Այնուհետև նախարարը Լոռու մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին, նա կարևորեց նմատիպ հանդիպումները, որոնք օգնում են խնդիրներին ծանոթանալ տեղում: Նախարարն ամփոփ ներկայացրեց սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ առավել լուրջ ուշադրություն է դարձվելու սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:
-Մեզ համար այսօր առանձնապես կարևոր է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքը: Ներկայում իրականացվում է շատ կարևոր քաղաքական բարեփոխում սոցիալական պաշտպանության ոլորտում, որը ենթադրում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական պաշտպանության ոլորտի, կրթական, առողջապահական համակարգի համատեղ աշխատանք,- ասաց նախարարը:
Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին:
Արտեմ Ասատրյանը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստին, որն անցկացվեց Լոռու մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում:
Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող ներառական կրթության առավելությունները, ձեռքբերումները և ներառական կրթության կազմակերպման ընթացքում ծագող խնդիրները ներկայացրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը: Նա նշեց, որ մարզում ներկայում ներառական կրթություն իրականացնող թվով 18 դպրոցներում սովորում է հաշմանդամություն ունեցող 436 երեխա: Համատեղ դասապրոցեսի կազմակերպումը, ըստ Է. Մացակյանի, նպաստել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը, մինչդեռ ներառական կրթություն ունեցող մի շարք դպրոցների համար ներկայում լուրջ խնդիր է համապատասխան պայմանների բացակայությունը, մասնագետ կադրերի պակասը և այլն:
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներին: Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը տեղեկացրեց, որ վարչությունում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր իրենց աշխատունակությամբ և աշխատանքային պարտաճանաչությամբ չեն զիջում մյուսներին: «Էբրիկոտ» ՍՊԸ տնօրեն Գայանե Խաչատրյանը ներկայացրեց Վանաձորի զբաղվածության կենտրոնի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որի արդյունքում հնարավոր է եղել ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովող փոքրիկ ձեռնարկություն: Այստեղ ներկայում աշխատում է 12 հաշմանդամ: Ընկերությունը զբաղվում է հուշամագնիսների, զարդատուփերի, զարդակախերի և նմանատիպ այլ իրերի արտադրությամբ, ունի սպառման շուկա և առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտադրությունը՝ հաշմանդամություն ունեցող այլ անձանց ևս ներգրավելով:
«Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» հիմնադրամի նախագահ Ժակլին Հեքիմյանը, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, տեղեկացրեց, որ հիմնադրամը արտերկրից ներկրում և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ անվճար օրթոպեդիկ պարագաներ է բաշխում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Լոռու մարզում իրականացվող աշխատանքներից՝ կարևորելով Լոռու մարզպետարանի մեծ դերակատարությունն այս հարցում: Օգտվելով առիթից՝ Ա. Ասատրյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ոսկե մեդալ» հանձնեց սպորտի վարպետ, 2014թ. խուլերի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (հունահռոմեական ոճ)և արծաթե մեդալակիր (ազատ ոճ) Սենիկ Սերոբյանին:
-Երիտասարդի հաջողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ հաշմանդամությունը դեռևս դատավճիռ չէ և մեծ ցանկության դեպքում տարբեր ասպարեզներում կարելի է հասնել լուրջ հաջողությունների,- ասաց Ա. Ասատրյանը:
Լոռու մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մի շարք մրցաշարերում հաջողություններ գրանցած, հաշմանդամություն ունեցող մարզիկներ Սերոբ Աբրահամյանին, Արթուր Հայրապետյանին, Համլետ Մեջլումյանին և Սերոբյաննների ընտանիքին:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը, զբաղվածության ապահովմանն աջակցելու համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ղազարյանը և «Էբրիկոտ» ընկերության նախագահ Գայանե Խաչատրյանը:
Հաջորդ կանգառը Վանաձորի մանկատանն էր: Հյուրերը հաստատության տնօրեն Արշալույս Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան պայմաններին: Նրանք եղան նաև սաների ուսուցման նպատակով մանկատան տարածքում գործող կարի և մեքենաշինական փոքրիկ արհեստանոցներում, ուր մանկատան սաները մասնագիտություն են սովորում, հետագայում նաև աշխատանք գտնում: Մանկատան երեխաները հյուրերի համար նաև փոքրիկ համերգային ծրագիր էին նախապատրաստել:
Այցելություն կատարվեց նաև Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Տնօրեն Հասմիկ Ներկարարյանը նախարարին ներկայացրեց հաստատությունում ստեղծված պայմանները, հյուրերը ծանոթացան նաև երեխաների առօրյային, իրականացվող խնամքին, ճաշացանկին և այլն:
Գնահատելով Լոռու մարզ կատարած աշխատանքային այցը՝ նախարարը նշեց, որ մարզում ձևավորված է բավականին կայացած սոցիալական համագործակցության ինստիտուտ:
-Այս առումով շատ եմ կարևորում մարզային իշխանությունների աշխատանքը: Կան բազմաթիվ տեղական նախաձեռնություններ՝ սոցիալական աջակցության, համագործակցության ցանցի ձևավորման ուղղությամբ: Նկատելի է սերտ համագործակցությունը պատկան մարմինների, սոցիալական պաշտապանություն իրականացնող, կրթական, առողջապահական հաստատությունների, ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչը ողջունելի, ընդօրինակելի ու գնահատանքի արժանի է,- իր խոսքում ասաց Ա. Ասատրյանը: Նախարարը նշեց նաև, որ մարզային այցելությունները նպաստում են առավել բարելավված սոցիալական ծառայություններ ունենալուն: Խնդիրներին տեղերում ծանոթանալն, ըստ նրա. առավել առարկայական ու տեսանելի են դարձնում դրանք, օգնում գտնել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21