Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին մարզի հանրակրթական դպրոցների 20 մանկավարժներ
07.10.2014
Յուրաքանչյուր տարի Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Ուսուցչի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվում, մեծարվում են մարզի վաստակաշատ մանկավարժները, արժևորվում ու գնահատվում է նրանց վաստակը:
«Ուսուցչի օրն» այս տարի հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Զորյանական հյուրընկալ հարկի տակ մանկավարժներին շնորհավորեց ու ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
-Ձեր վաստակն անգնահատելի է, սիրելի ուսուցիչներ: Այսօր մանկավարժի ուսերին ծանր բեռ է դրված՝ կրթել ու դաստիարակել Հայաստանի Հանրապետության արժանի զավակներ, հայրենասեր հայորդիներ: Իմ խոնարհումն ու երախագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ձեր նվիրումի, անշահախնդիր աշխատանքի, վաստակի համար,- ասաց մարզի ղեկավարը՝ մաղթելով նրանց առողջություն, ընտանեկան երջանկություն:
Մարզպետը շնորհավորագրեր, դրամական պարգևներ ու ծաղկեփնջեր հանձնեց մարզի հանրակրթական դպրոցների 20 մանկավարժների, միաժամանակ նշելով, որ ընտրությունը բավականին բարդ է եղել, և խրախուսանքի արժանի են շատերը:
Ուսուցիչների համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել:





