Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև կնքվեց Համագործակցության պայմանագիր
06.10.2014
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 5-ին Լոռու մարզ էր ժամանել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Աջարիայի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Գեորգի Թավամաշվիլին, Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովը, Աջարիայի կառավարության արարողակարգի դեպարտամենտի ղեկավար Իրակլի Բերիձեն, Աջարիայի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Վարդանյանը և համայնքի «Աղբյուր» թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը: Նրանց Լոռու մարզպետարանում հյուրընկալեց մարզի ղեկավարը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Աջարիայի ԻՀ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք: Մարզի ղեկավարը, ջերմորեն ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և մարզ այցելելու համար: Նա կարևորեց բարեկամական սերտ հարաբերությունները պահպանող երկու վարչական միավորների հետագա գործացությունը՝ նշելով, որ արդեն տարիներ շարունակ մարզի մի քանի քաղաքներ համագործակցում են Աջարիայի մի շարք բնակավայրերի հետ, ինչն էլ ավելի է նպաստում գործակցության ամրապնդմանը տարբեր բնագավառներում:
Լոռու մարզպետին հյուրընկալության համար շնորհակալություն հայտնելով՝ Արչիլ Խաբաձեն նույնպես կարևորեց կողմերի միջև հետագա համագործակցության ամրապնդմանն ուղղված ձեռնարկումները:
Հիմք ընդունելով 2001թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված բարեկամության, համագործակության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի դրույթները, ինչպես նաև Լոռու մարզի և Աջարիայի ինքնավար հանրապետության միջև 2013թ. սեպտեմբերի 9-ին Բաթումում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության խորացման և ընդլայնման փոխադարձ հետաքրքրությունները, Լոռու մարզպետը և Աջարիայի կառավարության ղեկավարը ստորագրեցին Համագործակության պայմանագիր: Վերջինիս համաձայն կողմերը պարտավորվում են ուսումնասիրել համագործակցության զարգացման հնարավորությունները արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և տրանսպորիտի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, գիտության, տեխնիկայի, ինովացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, երիտասարդության հարցերի, շրջակա միջավայրի պահպանության, տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ նպաստելով և բարենպաստ պայմաններ ստեղծելով փոխշահավետ գործակցության համար:
Արթուր Նալբանդյանը և Արչիլ Խաբաձեն նաև նվերներ փոխանակեցին:
Պատվիրակության անդամները եղան նաև Վանաձորի քաղաքապետարանում՝ քննարկելով Բաթում և Վանաձոր քաղաքների միջև հետագա գործակցության զարգացման հեռանկարները:
Այցելություն կատարվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Նահատակաց պուրակ, ծաղկեպսակ դրվեց Երկրաշարժի և Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Հյուրերն այցի շրջանակներում Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղան Գյուլագարակ համայնքի շրջակա տարածքում գտնվող «Դենդրոպարկում», մասնակցեցին Լոռու մարզի ավանդական «Բերքի տոն» հանդիսությանը՝ հիանալով լոռեցու հյուրընկալությամբ, համտեսելով լոռվա ավանդական ուտեստները, բնության պարգևած բերքն ու բարիքը: Նրանք այնուհետև եղան ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին և Հաղպատ վանական համալիրներում, Միկոյան եղբայրների տուն-թանգարանում: Օրվա ավարտին Լոռու մարզպետի կողմից հյուրերի պատվին տրվեց պաշտոնական ճաշ:
Պատվիրակության անդամները մարզից մեկնեցին վառ տպավորություններով:



