Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
25.08.2014
Օգոստոսի 25-ին Լոռու մարզպետարնի կառուցվածքային սատորաբաժանումների ղեկավարների, փոխմարզպետների, մարզպետի խորհրդականի և օգնականների մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Լոռու մարզպետի պաշտոնակատար փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Քանի որ օգոստոսը ընդունված սովորույթի համաձայն արձակուդների բուռն շրջան է և մարզպետարանի անձնակազմի ավելի քան մեկ երրորդը գտնվում են արձակուրդում, պարոն Դարբինյանը ստորաբաժանումների ղեկավարներին, փոխարինող պաշտոնատարներին հրահանգեց առավել լուրջ մոտեցում ցուցաբերել աշխատանքային կարգապահությանը, անթերի կատարել աշխատանքային պլանով նախատեսումները, բացառել մարզպետարան դիմած քաղաքացիներից կամ համայնքային և այլ ծառայություններից որևէ դժգոհություն:
Ապա ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց եկամուտների հավաքագրման իրավիճակը օգոստոսի 23-ի դրությամբ: Ամսվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 48, գույքահարկինը՝ 51. հողի հարկինը՝ 35 տոկոս է, որը, բնականաբար, անհանգստանալու տեղիք է տալիս, մանավանդ որ նշյալ բոլոր ցուցանիշների գծով անցած տարվա նույն ժամանակամջոցի նկատմամբ նահանջ է գրանցվել: Ընդհանուր առմամբ շուրջ 39 մլն դրամի պարտքեր են կուտակվել նշված հարկատեսակների գծով:
Մարզպետի պաշտոնակատար Ա.Դարբինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց առավել ակտիվացնել աշխատանքը համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հարկ եղած դեպքում նաև անհատ հարկատուների հետ, պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները անվերապահ կատարելու համար:
Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն իր խոսքում ասաց, որ մարզի հանրակրթական համակարգը լիովին պատրաստ է նոր ուսումնական տարին պատշաճ սկսելուն, որևէ դպրոցում ուսումնական գործընթացի հետ կապված էական խնդիր չի լինի: Խորհրդակցության մասնակիցներին նա հրավիրեց ամսի 29-ին մասնակցելու ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը՝ մարզկենտրոնի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը հակիրճ ներկայացրեց հինգերորդ հրատապ ծրագրերի ընթացքը: Փաստորեն ծրագրում ներառված բոլոր դպրոցներում էլ շինարարական, վերանորոգման աշխատանքներն ավարտված են և դրանք լիարժեք պատրաստ են ուսումնական տարվան: Թերևս 20 օբյեկտներից աննշան բացառություն կլինի Արևաշողի դպրոցը, որի շինաշխատանքների ծավալն անհամեմատ մեծ էր և ամենայն հավանականությամբ, այստեղ ուսումնական գործընթացը լիարժեք հունի մեջ կմտնի սեպտեմբերի 10-15-ին: Ա. Ջանազյանն իր գոհունակությունը հայտնեց նաև Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում 5-րդ հրատապ ծրագրով ընթացող փողոցաշինական աշխատանքների ընթացքից:
Բերքահավաքի աշխատանքներիվ գոհ էր գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Բացառությամբ մի քանի համայնքների, ուր էական կորուստներ եղան կարկտահարության հետևանքով, մնացած գյուղերում գոհացուցիչ բերք է ստացվել գրեթե բոլոր մշակաբույսերի գծով: Առավել լավ են հացահատիկի բերքի ցուցանիշները՝ միջին հաշվով 35 ցենտներ՝ հեկտարից: Վարչության պետը նաև զեկուցեց, որ բարեհաջող ընթացքի մեջ է նաև սոցիալական ծրագրով գյուղական համայնքների պակաս կարողունակ ընտանիքների հաշվառումը, որոնց 118 միլիոն դրամ գումարի օժանդակություն է ցուցաբերվելու գյուղմթերքների արտադրության գործում:Շահառուների ցուցակները կազմվում են գյուղապետարանների, ավագանիների, զբաղվածության տարածքային կենտրոնների, մարզպետարանի մասնագետների անաչառ ընտրությամբ: Վարչության պետը ներկայացրեց նաև օգոստոսի 26-ին ՀՀ գյուղատնտեության նախարարի Լոռու մարզ կատարելիք աշխատանքային այցի մանրամասները, համաձայն որի նախարարն ու ուղեկցողները Ամրակից համայնքում կհետևեն կարտոֆիլի բերքահավաքին, ապա կայցելեն Ստեփանավանի «Ալպյան» ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամաս և վերջում՝ Տաշիրի «Բոզոյան» ԱՊԸ-ին պատկանող հացահատիկի ցանքատարածություններ:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը խորհրդակցության մասնակիցներին իրազեկեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Լոռու մարզում կանխատեսվելիք ծրագրերի մասին: Հիմնադրամը, որ արդեն իսկ մեծածավալ աշխատանքներ է իրականացրել Արմավիրի մարզում, նպատակ ունի որոշակի ներդրումներ անել նաև Լոռու մարզում: Հիմնադրամի փորձագետների խնդրանքով մարզպետարանը նրանց է տրամադրել մանրամասն տեղեկանք գյուղական համայնքների դպրոցների, նախակրթարանների, դեղատների, համայնքային ենթակառուցվածքների վերաբերյալ, որի առարկայական քննարկումից հետո, ամենայն հավանականությամբ, ներդրումայնին գործնական քայլեր կձեռնարկվեն նաև մեր մարզի համայնքներում:



