Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի խորհրդի նիստ՝ հանրապետական կառույցների մասնակցությամբ

13.08.2014

Օգոստոսի 12-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ բավականին ընդգրկուն օրակարգով: Լսվելիք հարցերի զգալի մասը վերապահված էր հանրապետական մի քանի գերատեսչությունների: Նիստը նախագահող Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով այսուհետ պետական կառավարչական մարմինների, դրանց ստորաբաժանումների ղեկավարները պետք է պարբերաբար լինեն մարզերում, տեղում ծանոթանալու և գործնականորեն արձագանքելու ծագած խնդիրներին:
Օրակարգի առաջին և ծավալուն հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին և մարզպետը խոսքը տվեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին:
Շուրջ մեկժամյա ելույթի սկզբում նա ասաց, որ ՀՀ կառավարության 25.04.2013թ. թիվ 402-Ն որոշմամբ 2014թ. հոկտեմբերի 11-31-ը ՀՀ-ում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ), որը գյուղմթերքներ արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեսուրսների(գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղտեխնիկա, գյուղնշանակության շենք-շինություններ, մարդկային և նյութական ռեսուրսներ և այլն) վիճակագրական նպատակով անցկացվող հանրապետական համալիր միջոցառում է: Այն 10 տարին մեկ անց է կացվում համաշխարհային մասշտաբով ՄԱԿ-ի անդամ երկրներում և գերխնդիրը ամբողջ աշխարհում պարենային անվտանգության ապահովումն ու աղքատության հնարավորին հաղթահարումն է: Մեր երկրում այն անց է կացվում առաջին անգամ: Պարոն Մնացականյանը գյուղական համայնքների ղեկավարներին խնդրեց ամենայն աջակցություն ցուցաբերել հաշվառումն իրականացնող հանձնախմբերին: Նա ընդգծեց, որ միջոցառումը որևէ քաղաքական շահ չհետապնդող զուտ վիճակագրական պարտադիր գործառույթ է:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահը բավականին մանրակրկիտ պարզաբանեց ԳՀՀ գործընթացը և լիահույս է, որ Լոռու մարզը, ինչպես վերջին մարդահամարի պարագայում, աչքի կընկնի լավագույն արդյունքներով: Վերջում Ս.Մնացականյանը պատասխանեց թեմային առնչվող իրեն ուղղված հարցերին:
Ուշագրավ էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի զեկուցումը՝ նվիրված ձեռնարկություններին տրվող պետական աջակցությանը: Ըստ բանախոսի, ձեռնարկատիրական կառույցների գործունեությունը խթանելու, փոքր և միջին բիզնեսը զարգացնելու նպատակով հիմնադրամը պատրաստ է նրանց տրամադրելու բավականին շահավետ, մատչելի տոկոսադրույքով վարկեր, ինչպես նաև պատրաստ է 50 %-ով համաֆինանսավորել միջազգային ցուցահանդեսներում նրանց մասնակցության ծախսերը, նրանց համար կազմակերպել փիառ ակցիաներ և այլն: Հ. Միրզոյանը Լոռու մարզի ձեռներեցներին կոչ արեց սերտ համագործակցություն ծավալել հիմնադրամի հետ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ փրկարարական ծառայության փոխգնդապետ Արթուր Չատինյանի ելույթը նվիրված էր Լոռու մարզի քաղաքային համայնքների հրշեջ հիդրանտների համակարգի և գյուղական համայնքներում ջրավազանների շահագործման վիճակին և մարզում բնակչության ազդարարման համակարգի ներկայիս վիճակին ու դրանց հետագա զարգացմանը:
Ըստ բանախոսի մարզի համայնքներում բավականին բացթողումներ կան հիդրատների համակարգի կարգաբերման հարցում, որը հաճախ լուրջ խոչընդոտներ է հարուցում հրդեհաշիջման գործընթացին:
Այս հարցի վերաբերյալ Լոռու մարզպետը հավելեց, որ հիդրատների կարգաբերման գործում համայնքների հետ կարևոր անելիքներ ու պարտականություններ ունեն նաև մարզի ջրմուղ-կոյուղու համակարգի հիմնարկները:
Մարզի քաղաքային համայնքների կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման հիմնախնդիրներին էր նվիրված բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Արմեն Ղարագյոզյանի ելույթը: Ըստ նրա մարզի հիմնական ջրավազանը՝ Դեբեդ գետն իր վտակներով կեղտաջրեր կրող է՝ իր բացասական հետևանքներով: Դրանցում առկա քիմիական տարրերը բազմակի գերազանցում են թույլատրելի նորմաները: Աղտոտված գետերի ջրով ոռոգվում են ցանքադաշտերն, այգիներն ու բանջարանոցները՝ բացասական հետևանքներ թողնելով բանջարանաբոստային կուլտուրաների ու մրգերի որակի վրա: Որպես հիմնախնդրի փոքրիշատե լուծում, բանախոսը կոչ արեց քաղաքային համայնքների ղեկավարներին գործնական քայլեր ձեռնարկել մաքրման կայանները կարգի բերելու, վերագործարկելու ուղղությամբ:
Համայնքներում օգոստոսի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման և համայնքային հիմնարկներում աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքի վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ ընդհանուր առմամբ եկամուտների հավաքագրման դրական միտում կա՝ 107.5%: Սակայն դրա հետ մեկտեղ 51 համայնքներ զիջել են նախորդ տարվա տեմպերը:Արդյունքում՝սեփական եկամուտների հավաքագրման պլանը թերակատարվել է 26.5 մլն դրամով: Ըստ բանախոսի, եթե օգոստոսի 1-ի դրությամբ առաջընթաց վիճակում է գույքահարկի, տեղական տուրքերի հավաքագրումը, ապա լուրջ անհանգստության առարկա է հողի հարկի հավաքագրման վիճակը՝ընդամենը 86.1 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ դիրքերը զիջել են համայնքների 56 տոկոսից ավելին:
Մարզի խորհրդի նիստում լսվեցին նաև այլ օրակարգային հարցեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի տեղակալ Գևորգ Զոհրաբյանի հակիրճ զեկուցումը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երկաթուղային գծանցների (ճանապարհների մասով) վերանորոգման, հանդերձավորման և սպասարկման վիճակի ուսումնասիրության արդյունքների մասին էր: Լոռու մարզի բնության 8 հուշարձանների պահպանության մասին զեկուցեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, Լոռու մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնի միջև 2015-2017թ.թ. կնքվելիք համաձայնագրի մասին՝ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը,մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և 2015 թվականի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Լոռու մարզի խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-05 18:00:26