Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
07.08.2014
Օգոստոսի 6-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Երիցյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարիբեկյանը և Էդմոն Մարուքյանը: Լոռու մարզում Կառավարության ղեկավարին դիմավորեց և ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վարչապետի այցը մեկնարկեց մարզկենտրոն Վանաձորից, որտեղ նա ներկա գտնվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Հովիկ Աբրահամյանն ու ուղեկցողները շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան աշխատանքային պայմաններին և առկա հնարավորություններին: Վարչապետն իր գոհունակությունն արտահայտեց կենտրոնի պայմանների վերաբերյալ, հույս հայտնելով, որ աշխատանքներն առավել արդյունավետ կընթանան:
Լոռու մարզի փրկարարական վարչության հարակից տարածքում խմբվել էին Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները: Օգտվելով առիթից՝ նրանք կառավարության ղեկավարին ներկայացրին գործարանում ստեղծված դժվարին իրավիճակը, դժգոհություն հայտնելով գործարանի ղեկավարությունից՝ ամիսներ շարունակ աշխատավարձ չտալու, նորմալ աշխատանքային պայմաններ չստեղծելու վերաբերյալ: Նրանց հետաքրքրում էր նաև գործարանի ճակատագիրը: Հ. Աբրահամյանը, լսելով աշխատակիցներին, խոստացավ խորամուխ լինել հարցին և հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվեց Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց ծրագրի արդյունքներից:
Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 116 մլն 773 հազար դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ընկած ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ Կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18 մլն 997 հազար դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4 մլն 38 հազար դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգուցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, թարմացվել են էլեկտրահաղորդակցության ցանցը, պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքում էր: Վարչապետը նախ շրջայց կատարեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա եղավ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզում, մասնակցեց մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին ներկայացվեցին նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Այցի ավարտին կառավարության ղեկավարը շրջայց կատարեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում, ծանոթացավ ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:







