Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակից երգչախմբերի համերգը Վանաձորում
05.08.2014
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնը սփյուռքահայ գաղթօջախների երգչախմբերի մասնակցությամբ։ Ինչպես հայտնի է, փառատոնը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Մինչ Վանաձոր ժամանելը երգչախմբերը կանգ են առել Սպիտակ քաղաքում, համայնքի ղեկավարի հետ այցելել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան, ծաղիկներ դրել հուշակոթողին։
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնը մեկնարկեց Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի կատարմամբ։ Այնուհետև ելույթ ունեցան Թբիլիսիի «Մակար Եկմալյան» (գեղ. ղեկավար՝ Պավել Օգանեսով, խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան) և «Ներսես Շնորհալի» (գեղ. ղեկավար՝ Պ. Օգանեսով, խմբավար՝ Մարիամ Աբոզյան) երգչախմբերը, Թեհրանի «Զվարթնոց» (գեղ. ղեկավար՝ Էդիկ Թամրազյան), Հալեպի «Օվսաննա» (գեղ. ղեկավար՝ Շահե Քեշիշյան), Էստոնիայի Տարտու քաղաքի «Դվին» (գեղ. ղեկավար՝ Ժաննա Շահբազյան, խմբավար՝ Նադեժդա Պետրոսյան) և ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (գեղ. ղեկավար՝ Ադելինա Գրիգորյան) երգչախմբերը։ Սփյուռքահայ մեր հայրենակիցների կատարումները ջերմորեն ընդունվեցին հանդիսատեսի կողմից։ Համերգը եզրափակվեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի մանկապատանեկան ստուդիայի պարային խմբի կատարումներով։ Երգչախմբերին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ողջունեց և գեղարվեստական ղեկավարներին շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:



