Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

16.06.2014

Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա անդրադարձավ նախորդ շաբաթ Տարածքային կառավարման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված մի շարք կարևոր հարցերի: Մարզի ղեկավարը կարևորեց այս տարվա աշնանը մարզում անցկացվելիք գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառման գործընթացի հստակ, բարձր մակարդակով կազմակերպումը: Ա. Նալբանդյանը նշեց, որ գործընթացն էական նշանակություն կունենա գուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագրի կազմման և ոլորտի զարգացման համար:
Մարզի ղեկավարը ՏԻՄ և ՀԳՄ հարցերով, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններին հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներ, հաշվառման հարցաթերթիկներն ստանալուց անմիջապես հետո նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար մարզպետարանի մի շարք վարչությունների և բաժինների ևս տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Ա.Նալբանդյանն անդրադարձավ մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների ընտրության մրցույթներին՝ նշելով, որ գործընթացը պետք է շարունակվի պատշաճ մակարդակով:
Հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ մարզպետը պահանջեց բացառել կրթական և առողջապահական հիմնարկներում պատասխանատուների կողմից խնդիրներ առաջացնելը, աշխատավարձերի ուշացումները՝ պահանջելով հարցը կարգավորել օր առաջ: Մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը վստահեցրեց, որ մարզպետարանի ենթակայության կրթական հաստատություններում այս առումով խնդիրներ չեն առաջա, քանի որ դպրոցները հիմնականում տարիֆիկացիաները կազմելիս ազատ գումարներ են նախատեսել, բացի այդ, մարզպետին իրավունք է վերապահված անհրաժեշտության դեպքում գումարների վերաբաշխում կատարել: Մարզի ղեկավարը հանձնարարեց լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու, թե որ դպրոցներում են ներգրավված շաբաթական ընդամենը 5-7 դասաժամ ծանրաբեռնվածությամբ աշխատող ուսուցիչներ: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը ևս նշեց, որ հուլիսի 1-ից նախատեսվում է պոլիկլինիկական հատվածին տրվող գումարների կկրկնապատկում, ուստի այս առումով ևս աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ խնդիրներ չեն ծագի:
Մարզպետը նշեց, որ հանրապետության մարզային սոցիալական ծառայություններում և առողջապահական հիմնարկներում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում պետբյուջեին մեծ չափերի վնաս է հասցվել: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ արդյունքների վերջնական ամփոփումից հետո մարզում խախտումներ թույլ տված հիմնարկների տնօրենները կենթարկվեն կարգապահական տույժի՝ պարտավորեցնելով վերականգնել պետբյուջեին հասցրած վնասը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի ընթացքին՝ նշելով, որ նախահաշվային աշխատանքներն ավարտված և համապատասխան պայմանագրերը կնքված են շինկազմակերպությունների հետ: Առաջիկա օրերին կսկսվեն շինաշխատանքները: Մարզպետը հորդորեց կրթական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներն արագ և որակով կազմակերպել՝ մինչև սեպտեմբերի 1-ը դրանք շահագործման հանձնելու նպատակադրությամբ: Ա. Ջանազյանը վստահեցրեց, որ կրթական հաստատություններում նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ բացառությամբ Արևաշողի դպրոցի, որտեղ հիմնանորոգում է նախատեսվում: Այսուամենայնիվ, վարչության պետը վստահեցրեց, որ դասապրոցեսը չի խաթարվի, քանի որ աշխատանքները կկազմակերպվեն մասնաշենք առ մասնաշենք:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները: Հունիսի 13-ի դրությամբ հավաքագրվել՝ 36 մլն դրամ սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 28 տոկոսը, 28 մլն գույքահարկ՝ պլանի 35 տոկոսը և 5մլն 900 հազար հողի հարկ՝ պլանի 15,4 տոկոսը: Ա.Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց լինել համայնքներում, պարզել հավաքագրման թերացման պատճառները, անհարժեշտության դեպքում հանդիպել բնակիչների հետ, իսկ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը՝ շրջաբերականներ ուղարկել համայնքներ՝ առաջարկելով ծանուցագրերի միջոցով համայնքների բնակիչներին իրազեկել պարտքերի մասին, իսկ 500 հազար և ավելի պարտք ունենալու դեպքում՝ դիմել դատարան:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին Ջերմուկում անց կկացվի Գյուղական համայնքների 4-րդ համաժողովը, որն ավանդաբար կազմակերպվում է՝ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների հրատապ խնդիրների քննարկման նպատակով: Նա համապատասխան վարչություններին հանձնարեց զբաղվել կազմակերպչական հարցերով՝ մարզի ներկայությունը համաժողովում պատշաճ մակարդակով ապահովելու համար:
Խորհրդակցության ընթացքում հանգամանորեն քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00