Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելեց մանկական հաստատություններ

02.06.2014

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Լոռու մարզում նշվեց առանձնակի հանդիսությամբ: Համայնքների մեծ մասում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ ուրախ հանդեսներ, երգ ու պար, կավճանկարչություն, թատերական ներկայացումներ և այլն, որի գլխավոր դերակատարներն ու հանդիսատեսը, իհարկե, մանուկներն էին:
Տոնն առանձնապես գրավիչ էր մարզկենտրոն Վանաձորում: Մանկական զվարճալի միջոցառումներն ու տոնահանդեսները մեկնարկել էին դեռ նախօրեին, իսկ հունիսի 1-ին քաղաքի զբոսայգիներն ու Հայքի հրապարակը տոնական հանդերձանքի մեջ էին մինչ ուշ երեկո:
Օրվա առիթով մարզի մանկավարժական կոլեկտիվները, մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց մասնակցությունն ունեցան տարբեր մանկական հիմնարկություններում կազմակերպված միջոցառումներին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մայիսի 31-ի առավոտյան մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի և բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի մանկատուն: Ներկայում այստեղ բնակվում են 89 երեխաներ և մանկատան կոլեկտիվը ջանք չի խնայում հոգատարությամբ և մանկավարժական հմտություններով իմաստավորելու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված դեռահասների առօրյան: Մարզպետը շրջեց մանկատան հարկաբաժիններում, ծանոթացավ երեխաների խնամքի, կրթության ու հանգստի պայմաններին, մասնակցեց սաների տոնական համերգին: Ա. Նալբանդյանին հաճելիորեն զարմացրեց մանկատան ավտոնորոգման և կարի արհեստանոցներում երեխաների անկաշկանդ, արհեստավարժ աշխատանքը:
Այնուհետև մարզպետն ու ուղեկցողները մեկնեցին Գուգարք գյուղ, ուր Գայանե Վիրաբյանի խնամատար ընտանիքում արդեն 8 տարի բնակվում է մանկատան նախկին սան 16-ամյա Հակոբը: Առաջին իսկ տպավորությամբ նկատելի էր, որ տղան մերվել է իր նոր ընտանիքին, հարմարվել, դարձել է լիարժեք անդամ: Տիկին Գայանեի հավաստմամբ Հակոբը մասնակցում է տնային բոլոր աշխատանքներին, պատրաստակամ է կատարելու ընտանիքի ավագների հանձնարարությունները: Տղան սովորում է 11-րդ դասարանում պարապում է ծանրամարտով և տրամադրված է լավ մարզիկ դառնալու:Ա. Նալբանդյանը մտերմիկ զրույցի բռնվեց պատանու հետ, հետաքրքրվեց նրա առաջիկա նպատակներով, խոստացավ անհրաժեշտության դեպքում աջակցել ցանկացած հարցում:Հակոբը ամոթխած երախտագիտությամբ ընդունեց մարզպետի տոնական նվերը՝ սպորտային թանկարժեք հեծանիվը:
Օրվա երկրորդ կեսին մարզպետարանի ներկայացուցիչները այցելեցին «Խաչվող ուղիներ» ՀԿ, ծանոթացան կազմակերպության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, շրջեցին տոնականորեն զարդարված սենյակներով ու տաղավարներով: Ինքնատիպ մեթոդներով դեռահասներին մատուցվող կրթական ու դաստիարակչական պարապմունքներից զատ, ավագ տարիքի երեխաներին այստեղ հաղորդակցում են խոհարարի, դերձակի, վարսահարդարի, դեկորատիվ կոմպոզիցիաների, հեռուստալրագրողի մասնագիտական հմտությունների: Ի դեպ, կենտրոնի սաների կողմից ստեղծվող հեռուստահաղորդումներից մեկը հեռարձակվում է «Լոռի» հեռուստաընկերության եթերով: Քանի որ այս տարի լրանում է «Խաչվող ուղիներ» ՀԿ-ի գործունեության 10 տարին, մարզպետը բարձր գնահատելով կազմակերպության հիմնադիրների՝ Նարինե Ղազարյանի, Մհեր Դավոյանի,Կամո Եգանյանի ու գործընկերների աշխատանքը, ջերմորեն շնորհավորեց ՀԿ-ի հոբելյանը, պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց նախաձեռնություններին: Հրաժեշտին կենտրոնի նախագահ Նարինե Ղազարյանը սաների ձեռքի աշխատանքի ինքնատիպ նվեր մատուցեց մարզպետին:
Այցի ավարտին մարզպետ Ա. Նալբանդյանն ու ուղեկցողները եղան Հայ ավետարանչական ընկերակցության «Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնում»: Այստեղ ևս, հիանալի հնարավորություններ են ստեղծված դեռահասների խնամքի, կրթության ու դաստիարակության համար: Կենտրոնի համակարգող Իրինա Չախոյանը հյուրերին պատմեց իրենց գործունեության մասին, ցուցադրեց սաների աշխատանքները: Մարզպետն առաջին անգամն էր հյուրընկալվում կենտրոնում և դատարկաձեռն չէր. «Շող»-ին նվիրեց հեռուստացույց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38