Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություններ Լոռու մարզպետարանում

01.04.2014

Ապրիլի 1-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն էր հրավիրել փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, Տիգրան Բադոյանի, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի մասնակցությամբ: Ամփոփվեցին նախորդ ամսվա և այս տարվա առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման ցուցանիշները: Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտ ամսին հավաքագրվել է 110 մլն 785 հազար դրամ սեփական եկամուտ, որը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 105,4 տոկոսը, պլանի՝ 88,4 տոկոսը: Հավաքագրվել է նաև 33 մլն 989 հազար դրամ գույքահարկ (նախորդ տարվա՝ 133,1, պլանի՝ 80,5 տոկոսը) և 23 մլն 495 հազար դրամ հողի հարկ (նախորդ տարվա՝ 89,9, պլանի՝ 83 տոկոսը): Այդպիսով՝ այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրվել է 382 մլն 695 հազար դրամ սեփական եկամուտ (նախորդ տարվա՝ 106,3, պլանի՝ 105,9 տոկոսը), 157 մլն 338 հազար դրամ գույքահարկ (նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 128 տոկոս, պլանը կատարվել է 125,3 տոկոսով) և 69 մլն 352 հազար դրամ հողի հարկ (նախորդ տարվա՝ 83,8 տոկոսը, պլանի՝ 90,8 տոկոսը): Եթե մյուս հարկատեսակների գծով իրավիճակը բարվոք է, ապա հողի հարկի հավաքագրման ցուցանիշները մտահոգության առիթ են տալիս, քանի որ, ինչպես նշեց վարչության պետը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է մուտքագրվել 13 մլն 432 հազար դրամ, իսկ պլանի թերակատարվել է 7 մլն դրամով՝ նվազումը կազմելով 16,2 տոկոս: Մարզի ղեկավարը երևույթն անթույլատրելի համարեց, փոխմարզպետներին, ՏԻ և ՀԳՄ հարցերով, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերին հանձնարարելով խնդիրը անհատապես քննարկել մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ՝ առաջիկա ամիսներին շտկելով իրավիճակը: Ա. Նալբանդյանը հորդորեց վերլուծել թերակատարումների պատճառները, անհրաժեշտության դեպքում աջակցել համայնքների ղեկավարներին:
*
Մարզպետ Ա. Նալբանդյանի մոտ մեկ այլ խորհրդակցություն նվիրված էր ջրոռոգման խնդիրներին: Ներկա էին «Լոռի ջրանցք» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) տնօրեն Սամվել Ապրեսյանը, Ճոճկան, Շնող, Օձուն, Արևածագ համայնքների ղեկավարները, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության մասնագետները:
Պայմանագրային պարտավորությամբ նշյալ գյուղերի հողատարածքների ոռոգումը, որոշակի սակագների պայմաններում, իրականացվում է «Լոռի ջրանցք» ՋՕԸ-ի կողմից: Սակայն, շրջանցելով պայմանագիրը, Ճոճկանի ջրօգտագործողները կողմնակի աղբյուրներից ինքնակամ վերցրած ջուրը ցանքերին ու այգիներին են հասցնում ընկերությանը պատկանող ոռոգման ցանցով: Նման գործելակերպն, իհարկե, հողօգտագործողներին ձեռնտու է վճարումներից խուսափելու, գումարները տնտեսելու տեսակետից, սակայն նրանք, փաստորեն, շահագործում են ՋՕԸ սեփականությունը հանդիսացող ջրատար ցանցը: Մարզպետը համայնքապետերին և ՋՕԸ-ի տնօրենին առաջարկեց համատեղ քննարկման արդյունքում գտնել խնդրի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակ և լուծել վեճի առարկա դարձած հարցը:
Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն էլ արծարծեց շուրջ 17 հեկտար տարածքով նորաստեղծ պտղատու այգու ոռոգման խնդիրը, որը լիարժեք կարելի է իրականացնել «Լոռի ջրանցք» ջրօգտագործողների ընկերության պոմպակայանների գործածմամբ: ՋՕԸ տնօրենը իր պատրաստակամությունը հայտնեց նշված և առաջիկայում համալրվող այգիների ոռոգումը կազմակերպելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36