Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

31.03.2014

Մարտի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Վերջին օրերի տեղացած առատ ձյան հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը ներկայացնելու նպատակով խորհրդակցությանը մասնակցում էր նաև Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը: Նա մարզի ղեկավարին հայտնեց, որ Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ-ում ստացվել են ահազանգեր 12 դեպքերի վերաբերյալ: Առատ ձյան և մերկասառույցի պատճառով մեքենաների խցանման 4 դեպք է գրանցվել՝ Սպիտակ-Գյումրի և Սպիտակ- Երևան ավտոճանապարհներին: Սպիտակի ՀՓՋ-ի կողմից դուրս են բերվել 15 ավտոմեքենաներ և 1 ավտոբուս, որի մեջ եղել են 32 ուղևորներ, այդ թվում 18 երեխաներ: Բոլորը տեղափոխվել են Սպիտակի ՀՓՋ, այնուհետև տեղավորվել YMCA կազմակերպությունում, ապահովվել տաք սննդով:
Նշված ժամանակահատվածում ձնաբքի և մերկասառույցի պատճառով Սպիտակ-Ապարան և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները պարբերաբար կարճ ժամանակով փակվել են, սակայն ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից ճանապարհները մաքրվել են, երթևեկությունը վերականգնել է: Հր. Անտոնյան վստահեցրեց, որ մարտի 31-ի առավոտյան բոլոր ճանապարհներն անցանելի են, խցանված և փակված ճանապարհներ չկան, թեև մերկասառույցի, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են: Նա հայտնեց նաև, որ առատ ձյան հետևանքով տեղի է ունեցել քարաթափման 3 դեպք՝ Սպիտակ-Գյումրի (2-րդ կմ-ում), Ալավերդի-Ախթալա (12-13 կմ) միջպետական ճանապարհների և Ալավերդի-Հաղպատ հանրապետական ճանապարհի վրա: Ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից ճանապարհները մաքրվել են, երթևեկությունը վերականգնվել է ամբողջությամբ: Էներգոհամակարգում գրանցվել են մի շարք վթարներ: Ժամը 9-ի դրությամբ բոլոր վթարները վերացվել էին, բացառությամբ Ծաղկաշատ համայնքի և Լուսաղբյուր համայնքի մի հատվածի:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ դժվարանցանելի են ճանապարհները դեպի Աթան և Ջիլիզա համայնքներ տանող հատվածներում. այստեղ ևս կատարվում են մաքրման աշխատանքներ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ներկայացմամբ` ուսումնասիրություններ են կատարվում, թեև, ըստ նրա, մարզի գյուղատնտեսությունը նախնական կանխատեսումներով էական վնաս չի կրի:
Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթասցը շարունակվում է, գումարները՝ հավաքագրվում: Որոշ համայնքներում, սակայն, խնդիրներ կան գարու սերմացուի պահանջարկի հետ կապված: Չնայած նախապես ներկայացված հայտերին՝ գյուղատնտեսները հրաժարվում են գնել գարու առաջին վերարտադրության սերմացուն՝ գերադասելով երրորդ վերարտադրության, սակայն գնային չնչին տարբերությամբ սերմացուն: Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորեց բացատրական աշխատանքներ տանել՝ նշելով,որ այսպիսի խնդիրների դեպքում կառավարությունը կարող է հրաժարվել նմանատիպ ծրագրեր իրականացնել:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մարտի 29-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ հավաքագրվել է 90 մլն դրամ սեփական եկամուտ, որը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 86, պլանի՝ 72 տոկոսը, 16,5 մլն դրամ հողի հարկ, նախորդ տարվա՝ 62,5, պլանի՝ 70 տոկոսը, 29,7 մլն դրամ գույքահարկ՝ նախորդ տարվա՝ 116, պլանի՝ 70 տոկոսը: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց անհատական աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների հետ՝ հավաքագրման ցուցանիշները կարճ ժամանակում բարելավելու նպատակով:
Մարզում մեկնարկում է 5-րդ հրատապ ծրագիրը, որում չեն ներառվի այն համայնքները, որտեղ անբավարար են հավաքագրման ցուցանիշները: Արմեն Ջանազյանը տեղեկացմաբ՝ արդեն կատարվում են նախագծանախահաշվային աշխատանքներ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով մարտի 31-ին հանրապետության կրթական հաստատություններում դասեր չեն անցկացվելու, օրը կլրացվի ապրիլի 5-ին: Ա. Նալբանդյանը հայտնեց, որ մինչ ուսումնական տարվա ավարտը մարզի ավագ և միջնակարգ դպրոցների 60 երեխաներ հնարավորություն կունենան լինելու ՀՀ Նախագահի նստավայրում: Մարզի ղեկավարը հանձնարարեց անաչառ ընտրություն կատարել՝ երեխաներ ընդգրկելով մարզի բոլոր տարածաշրջաններից:
Մարզում այս տարի կտեղադրվի 13 հակակարկտային կայան՝ 5-ը կառավարության կողմից, 8-ը՝ հրատապ ծրագրով: Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանին հանձնարարվեց կոորդինացնել դրանց հողհատկացման աշխատանքները:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09