Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱԿԱ-Լոռի համագործակցության շրջանակներում. Լուսաղբյուրում կգործի ոչխարաբուծական փորձարարական ֆերմա

27.03.2014

Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ Դ՛Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնալ խորհրդի և Լոռու մարզպետարանի միջև 2012թ դեկտեմբերին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում, համատեղ ֆինանսավորմամբ ծրագրեր են իրականացվում ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, ագրոտուրիզմի և անասնապահության՝ մասնավորապես ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ: Համագործակցության շրջանակներում ՊԱԿԱ-ի անասնաբուծության ռեգիոնալ տան հրավերով ոչխարաբուծության ոլորտի ուսումնասիրության նպատակով օրերս Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի գլխավորությամբ, հերթական այցով եղել է ՊԱԿԱ ռեգիոնում: Պատվիրակության կազում էին նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը, «Սպիտակի ֆերմեր» հկ ծրագրերի ղեկավար, ֆերմեր Արտաշես Կարապետյանը, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն, ֆերմեր Սամվել Հունանյանը և Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը:
Այցելության գրաֆիկը բավականին հագեցած է եղել: Պատվիրակության անդամներն այցելել են մի շարք ոչխարաբուծական ֆերմաներ, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաներով և մեթոդներով իրականացվող աշխատանքներին: Հատկանշական է, որ նորագույն մեթոդների կիրառմամբ՝ տեղի ֆերմերային տնտեսություններում հնարավոր է լինում ընդամենը 2-3 աշխատողով խնամել 700- 1000 գլուխ ոչխար: Այցելություն է կատարվել նաև տեղի գյուղատնտեսական քոլեջներից մեկի փորձարարական ֆերմա: Ուշադրություն է գրավել այն, որ քոլեում տեսական ու գործնական պարապմունքներն ընթանում են համակցված: Ձեռք բերված փորձը, ինչպես ասաց Լևոն Ասլանյանը, կկիրառվի Լոռու մարզում:
Համագործակցության ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում ստեղծվում է փորձարարական ոչխարաբուծական ֆերմա: Որպես ծրագրային ներդրում Լուսաղբյուրում ստեղծված կոոպերատիվի կողմից՝ արդեն իսկ հատկացվել է տարածք, անասնագոմ, շուրջ 100 հեկտար խոտհարք և 40 հեկտար ցանկատարածություն: Լոռու մարզպետի հանձնարարությամբ ներկայումս կատարվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ոչխարաբուծական ֆերմայի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներ: Հունիսին Լոռու մարզ կայցելեն ֆրանսիացի փորձագետները՝ տեղում ծանոթանալու ոչխարաբուծության զարգացման հեռանկարներին, հատկացված տարածքներին, տալու փորձագիտական գնահատականներ: Նրանք հանդես կգան առաջարկություններով, որին էլ կհետևեն համապատասխան գործողությունները:
Իսկ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի առջև խնդիր է դրված կարճաժամկետ մոդուլային ծրագրեր մշակել անասնաբուծության ոլորտի մասնագետների պատրաստման նպատակով:
Այցի ընթացքում մարզպետի խորհրդականը հանդիպել է նաև ՊԱԿԱ մարզային խորհրդի պատասխանատու անձանց հետ, քննարկել ծրագրային մի շարք այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53