Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր աղբավայրի կառուցման դեպքում վարձավճարների բարձրացումն անխուսափելի կլինի

30.01.2014

Արդեն  շուրջ երկու տարի է, Տարածքայի կառավարման նախարարության,  Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների և ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ քննարկվում  է Գերմանական Զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարում» ծրագիրը, որն առաջարկում է մարզի տարածքում կառուցել նոր աղբավայր, կազմակերպել և իրականացնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան  աղբահանություն:

Հունվարի 31-ին Լոռու մարզի տարածքում աղբավայրի  տարածքի ընտրության առաջարկների քննարկման վերաբերյալ խորհրդակցություն կկազմակերպվի Տարածքային կառավարման նախարարությունում, իսկ մինչ այդ՝ հունվարի 29-ին, հարցը քննարկվեց Լոռու մարզպետարնում: Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վանաձորի և Սպիտակի համայնքապետարանների, մարզպետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչներ: 

Մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հարցի կարևորությանն ու հրատապությանը՝ նշելով, որ մարզում ներկայումս գործում  է ընդամենը մեկ լիցենզավորված աղբավայր՝ Ալավերդու աղբավայրը, որը ծառայում է քաղաքին և շրջակա մի քանի գուղերին: Մինչդեռ խնդիրն արդիական է ողջ մարզի համար: Ա. Նալբանդյանի խոսքով, Արջուտի աղբավայրն այլևս անկարող է  ծառայել մարզկենտրոնի բնակչությանը, Սպիտակի աղբավայրը նույնպես շահագործվում է սանիտարական նորմերին խիստ անահապատասխան, առավել անընդունելի իրավիճակ է գյուղական համայնքներում, որտեղ աղբահանություն գրեթե չի իրականացվում:

Ծրագրի իրականացման նպատակով, ինչպես ներկայացրեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների համակարգման բաժնի պետ Սեյրան Ծատուրյանը,  դիտարկվում են աղբավայրերի կառուցման երկու տարբերակներ՝ կենտրոնացված, այն է՝ նոր սանիտարական աղբավայր Քարաձոր և Ղուրսալի համայնքների տարածքում և փոխաբեռնման կայանների համակարգ Լոռու մարզի հեռավոր շրջանների և Դիլիջան քաղաքի համար և  ապակենտրոնացված, այն է՝ նոր սանիտարական աղբավայր վերոնշյալ տեղանքում և Լոռու մարզի հեռավոր շրջանների ու Դիլիջան քաղաքի համար փոխաբեռնման կայանների փոխարեն փոքր աղբավայրերի համակարգ: Նա նշեց նաև, որ եզրակացությունների արդյունքում 25 տարվա շահագործման ժամկետով կենտրոնացված տարբերակն առավել նպատակահարմար է:

 Խնդրի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացրին նաև Վանաձոր և Սպիտակի քաղաքապետերը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը, Հողաշինության բաժնի պետ Արտակ Օհանյանը, Ղուրսալիի գյուղապետ Մհեր Մինասյանը: Ն. Սարդարյանը նշեց, որ ծրագրի իրականացման դեպքում  աղբահանության  վարձավճարների բարձրացումն անխուսափելի կլինի, փոխարենը բնակչությանը կառաջարկվի որակյալ աղբահանություն:

 Այսպես թե այնպես՝ նոր աղբավայր կառուցելու խնդիրն, ինչպես վկայեցին քննարկման մասնակիցները, անխուսափելի է, այլապես լուրջ բնապահպանական խնդիրներ կառաջանան:

-Բնակչության շրջանում լուրջ բացատրական աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի հասկանալի լինի ծրագրի իրականացման կարևորությունը և հրատապությունը,- ասաց Ա. Նալբանդյանը:

Եթե  առաջարկություններն ընդունվեն և ծրագիրը հաջող ընթացք ունենա,  ապա  նոր աղբավայրի կառուցումը նախատեսվում է սկսել 2016-ին, այն շահագործման կահանձնվի 2019-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:37:21