Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

07.10.2013

Աշխատանքային խորհրդակցություն
Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա համառոտ ներկայացրեց հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացված գյուղական համայնքների երրորդ համաժողովում քննարկված հարցերը:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզից համաժողովին մասնակցած 10 համայնքների ղեկավարներն ու 5 ավագանու անդամները լավագույնս են ներկայացել թե՛ քննարկումներին, թե՛ մարզական ու ինտելեկտուալ խաղերին:
Բացի այդ, հոկտեմբերի 5-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Ջերմուկում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր: ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրել է 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, և հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվել է, որ կառավարությունը դիտարկում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվել է, որ 2014թ-ի համար ևս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:
Ա. Նալբանդյանը, ելնելով քննարկված հարցերից, հանձնարարականներ տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին:
Մարզի ղեկավարը նշեց նաև, որ նախատեսվում է մարզկենտրոններում հանրային սպասարկման կենտրոններ ստեղծել, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: Առաջարկվել է ծանոթանալ հայեցակարգի նախագծին և առաջարկություններ ներկայացնել: Առայժմ կքննարկվի տարածքի հարցը:
Մարզի ղեկավարը նշեց, որ աննախադեպ ձյունը մի շարք խնդիրներ է առաջացրել, ուստի անհրաժեշտ է ձմռան նախապատրաստական աշխատանքներն արագ կազմակերպել: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորման խնդիրը լուծված է և անհրաժեշտության դեպքում դպրոցները լիովին պատրաստ են ջեռուցում ապահովել:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում արձանագրված սիբիրյան խոցի (մաշկային ձև) կասկածանքով հոսպիտալացված երեք անձինք գտնվում են հսկողության տակ: Բացի այդ, առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութ հիվանդ: Վերջիններս ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Ս. Լամբարյանը տեղեկացրեց,որ հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ: Վարչության պետի տեղեկացմամբ՝ կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց միսն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Ս. Լամբարյանը վստահեցրեց,որ հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է միսը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներակայացրեց պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին տրվող պարարտանյութի, դիզվառելիքի և ցորենի բաշխման, գումարների հավաքագրման գործընթացը: Մարզի ղեկավարը հանձնարարեց գումարների հավաքագրումն արագ կազմակերպել և վճարումները կատարել բանկում՝ ներակայացնելով վճարման անդորագրերը:
Քննարկվեցին նաև քաղաքաշինության ոլորտին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09