Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աբելյանցիների հյուրախաղերը Երևանում

28.09.2013

Սեպտեմբերի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» ողբերգության ներկայացմամբ, մեկնարկեցին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը:
Բացման արարողության սկզբում Հ Պարոնյանի անվան պետթատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը նախ, ի ցավ սրտի, հայ թատրոնի գործիչների և թատերասերների խոր վիշտը հայտնեց մեծանուն դերասան և հասարակական գործիչ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բեմարվեստի Նահապետի հիշատակը:
-Թատրոնը կյանքի արտացոլումն է, իսկ կյանքի շարունակական ընթացքը հիշատակների և ներկայի ամբողջականացումը լինելով՝ մեզ մղում է պահպանել և զարգացնել մշակութային ավանդույթները,- իր խոսքը շարունակեց արվեստագետը՝ ողջունելով վանաձորցիների հյուրախաղերը:
Արժևորելով Վանաձորի պետթատրոնի ստեղծագործական նվաճումները, այդ գործում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մեծ ներդրումը` բանախոսն առանձնահատուկ շեշտեց Վանաձորի պետթատրոնի նկատմամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից դրսևորվող հովանավորությունը ու հոգատարությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը հաղորդեց նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից հյուրընկալներին շնորհակալություն հայտնեց և հյուրախաղերին հաջող ընթացք մաղթեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, նշելով, որ Լոռու բնաշխարհում առանձնահատուկ վերաբերմունք է ձևավորվել թատերարվեստի նկատմամբ, որի վառ վկայություններից են Վանաձորի պետթատրոնի այս հյուրախաղերին մարզպետի հովանավորությունը, Ալավերդում կազմակերպվող, միջազգայինի միտվող ամենամյա թատերական փառատոները:
Իր, թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանի և թատրոնի ողջ կոլեկտիվի անունից ջերմ խոսք ասաց Վանաձորի պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը՝ իր շնորհակալությունը հասցեագրելով հյուրախաղերը կազմակերպած և հովանավորած ՀՀ մշակույթի նախարարությանը, Լոռու մարզպետարանին, Պարոնյանի անվան պետթատրոնին, բարերար տիկին Ռոզա Ծառուկյանին և, իհարկե, հանդիսատեսին:
Հանդիսատեսը ջերմ ծափերով, հիացմունքով ընդունեց «Արքա Լիր» ներկայացումը , որի ռեժիսորական լուծումները, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի (արքա Լիր ) ներկայացումը, Արամ Մխիթարյանի (Խեղկատակ), Հերիքնազ Բաղդասարյանի (Գոներիլ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի (Գլոստեր) և մյուսների կերպավորումները վառ դրսևորումներ են հայկական բեմում՝ Շեքսպիրյան բեմադրությունների պատմության մեջ:
Մինչև հոկտեմբերի 3-ը աբելյանցիները Երևանի հանդիսատեսին կներկայացնեն նաև «Աբգար Դպիր», «Չար ոգի», «Խանումի արկածները» և մանկական՝ «Լինում է, չի լինում» ներկայացումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53