Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանում էր

26.09.2013

Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Սպիտակի տարածաշրջանում էր: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը,Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:

 Մարզի ղեկավարը եղավ  Արևաշող, Գոգարան, Սարահարթ համայնքներում՝ ծանոթանալով ՀՀ պետբյուջեի միջոցներով հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև  միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ իրականացվող  շինաշխատանքներին, ապա Սպիտակի քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: 

Արևաշող համայնքում Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ՝ 370 մլն դրամի շրջանակներում, հիմնանորոգվում է համայնքային ճանապարհը: Հարկ է նշել, որ ճանապարհի հիմնանորոգումը հանդիսանում է, ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից մեկը: Արդեն դեկտեմբերին շուրջ 2,5 կիլոմետրանոց  ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի:

Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքներից: Նա զրուցեց նաև շինարարների հետ ՝ հետաքրքրվելով աշխատանքային պայմաններից:

Ա. Նալբանդյանը ծանոթացավ նաև «Դանիել» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Արևաշողի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքներին: Շինարարությունն իրականացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (125 մլն. դրամ) և պետբյուջեի (35 մլն դրամ) համատեղ ներդրմամբ:

Հարկ է նշել, որ 2010-2013թ.թ. Արևաշող համայնքում պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են մի շարք կապիտալ շինաշխատանքներ. կառուցվել է խմելու ջրագծի քլորատունը (5,35մլն), մարզահրապարակ և ֆուտբոլի դաշտ (20մլն դրամ), համայնքի ջրամատակարարման համակարգը (70 մլն), հիմնանորոգվել է ոռոգման ջրավազանը (18 մլն դրամ), կառուցվել է մանկապարտեզ (պետական աջակցություն՝ 35 մլն դրամ, համայնքային ներդրում՝ 21,6 մլն դրամ):

Հաջորդ կանգառը Գոգարան համայնքում էր: Այստեղ, «Շինարար» ՍՊԸ-ի կողմից չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումների սրահի կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 29 մլն դրամ: Շենքն ավարտին հասցնելու համար շուրջ 13 մլն դրամի չափով կկատարվի նաև համայնքային ներդրում:

Սարահարթի համայնքային կենտրոնն արդեն շահագործման է հանձնվել: Մարզի ղեկավարն այստեղ ևս ծանոթացավ կատարված աշխատանքներին:  Համայնքային կենտրոնը կառուցվել է երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում (40մլն. դրամ): Շինաշխատանքներն իրականացրել է «Մ. Սիսակայան» ՍՊԸ-ն:

Նշված գյուղական համայնքներում մարզպետը  զրուցեց բնակիչների հետ, հաղորդակից դարձավ նրանց խնդիրներին: Բնակիչներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին՝ կարևորելով պետական աջակցությամբ համայնքներում իրականացվող ծրագրերը:

Օրվա երկրորդ կեսին մարզի ղեկավարը Սպիտակի քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց  տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվեց համայնքային բյուջեների 2013թ. անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման ընթացքը:

2014թ. հունվարի 1-ից նախատեսվող նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ կարևորվեց քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների նվազագույն աշխատավարձերի բարձրացման ֆինանսավորման խնդիրը: 

2014թ.  համայնքային բյուջեների կազմման աշխատանքներին անդրադառնալով՝ մարզի ղեկավարը  նշեց, որ անհրաժեշտ է կազմել իրատեսական բյուջեներ: Նա  կարևորեց հանրային քննարումների կազմակերպումը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, ինչը կհանդիսանա մասնակցային կառավարման կարևոր քայլերից մեկը:

Ա. Նալբանդյանը  տեղեկացրեց, որ 2014թ-ին դոտացիաներն առաջին անգամ հաշվարկվելու են` հիմնվելով բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա: Ինչպես հայտնի է, այս առումով որոշակի խնդիրներ են առաջացել, քանի որ որոշ գյուղական համայնքներում բնակչության թիվը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, բավականին նվազել է, իսկ համայնքներին տրվող դոտացիաները, ինչպես հայտնի է,  ուղիղ համեմատական են  բնակչության թվին:

Քննարկվեց նաև բերքահավաքի ընթացքը, աշնանացանի աշխատանքները, համայնքներին ՀՀ կառավարության աջակցությամբ մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի բաշխման և գումարների հավաքագրման գործընթացը:

Մարզի ղեկավարը կարևորեց նաև համայնքային կառավարման նպատակով համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացը: Նա նշեց, որ այն համայնքներում, որտեղ համակարգերն արդեն իսկ տեղադրված են, փաստաթղթաշրջանառությունը պետք է կատարվի բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչն   աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում:

Քննարկվեցին նաև «Բերքի տոն-2013» տոնակատարության կազմակերպման ընթացքի հետ կապված մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05