Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.09.2013

Սեպտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում սկսվել է կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի բաշխման գործընթացը: Սպիտակի տարածաշրջանում՝ արդեն բաշխվել է 428, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ 65 տոննա: Առայժմ վճարվել է 4 մլն 500 հազար դրամ: Դիզվառելիքի բաշխման գործընթացը թեև դեռ սկսված չէ, բայց այդ նպատակի համար արդեն հավաքագրվել է 12 մլն դրամ: Դիզվառելիքի և պարարատանյութի պահանջարկ ներկայացրած բնակիչների ցուցակներն ամբողջությամբ ճշտված են:
Վարչության պետը ներկայացրեց նաև բերքահավաքի արդյունքները: Նա նշեց, որ 8300 հեկտարից հավաքվել է 26 հազար տոննա ցորեն, շուրջ 6 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարի: Հավաքվել է նաև 6000 տոննա գարի՝ 2195 հեկտարից, 8000 տոննա բանջարեղեն, 15 հազար տոննա կարտոֆիլ և այլն: Արդեն իսկ կուտակվել է 92 հազար տոննա խոտ: Մարզի անասնագլխաքանակի պահանջարկը բավարարելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 110 հազար տոննա: Խոտի կուտակման աշխատանքները շարունակվում են և Գ. Հակոբյանը վստահաբար նշեց, որ անհրաժեշտ քանակը կապահովվի: Ա. Նալբանդյանը վկայեց, որ մարզը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշերը գրեթե բոլոր մշակաբույսերի առումով:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները՝ սեպտեմբեր 16-ի դրությամբ. սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 22,9 գույքահարկինը՝ 25, հողի հարկի կատարողականը՝ 17 տոկոս: Սեփական եկամուտների գծով պլանից ետ են հիմնականում Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջանները, հողի հարկի գծով՝ Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի տարածաշրջանները:
Ա. Նալբանդյանը փոխմարզպետներին հանձնարարեց աշխատել կոնկրետ այն համայնքների հետ, որոնք թերանում են: Մարզի ղեկավարը նշեց նաև, որ համայքներում, ըստ ժամանակացույցի, սկսվել է 2014թ. բյուջեների քննարկման գործընթացը: Նա կարևորեց, որ քննարկումներն անցնեն թափանցիկ և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով՝ հանրության համար մատչելի:
Անդրադարձ կատարվեց նաև Անշարժ գույքի պետական կադաստրի նախագահի տեղակալի՝ օրերս մարզ կատարած այցին: Վերջինս մարզային գրասենյակում կատարել է քաղաքացիների ընդունելություն, լսել նրանց հուզող խնդիրները: Անդրադառնալով այցի մանրամասներին՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկացրեց, որ «Գեոդեզիա և քարտեզագուրմ» ՊՈԱԿ-ի կողմից չափագրման աշխատանքների համար սահամանված են հաստատուն գներ: Մարզի ղեկավարը հանձնարարեց գնացուցակները փակցնել թե՛ մարզպետարանում, թե՛ բոլոր գյուղապետարաններում՝ տեսանելի վայրերում:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ մարզկենտրոնում կատարվող փողոցների ասֆալտապատման աշխատանքները ավարտական փուլում են:
Ա. Նալբանդյանը համառոտ անդրադարձավ մարզի պատվիրակության՝ օրերս Աջարիա կատարած երկօրյա այցին: Նա տեղեկացրեց, որ ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որի շրջանակներում կյանքի կկոչվեն բազմաթիվ ծրագրեր: Երկու մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ակտիվ աշխատանքներ կիրականացնեն:
Քննարկվեցին նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր:
Խորհրդակցության ավարտին Ա. Նալբանդյանը մարզում զորահավաքի կազմակերպմանն աջակցելու համար շնորհակալագրեր հանձնեց մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանին, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանին, ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍԳ համակարգման բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38