Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր փառատոնը կմեկնարկի և կդառնա ավանդական

02.09.2013

Սեպտեմբերի 2-ի Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունն սկսվեց նոր ուսումնական տարվան և Գիտելիքի օրվան վերաբերվող անդրադարձով: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ.Սայադյանը զեկուցեց, որ ընդհանուր առմամբ մարզի բոլոր համայնքներում նոր ուսումնական տարին մեկնարկել է պատշաճ հանդիսավորությամբ, առանց էական խնդիրների, թեև որոշ համայնքների, հատկապես Տաշիրի տարածաշրջանի մի քանի գյուղերի դպրոցների շենքային պայմանները հեռու են բավարար լինելուց:
Այս առումով մարզպետ Ա. Նալբանդյանը ոլորտի պատասխանատուներին վերստին զգուշացրեց, որ փարատելով ծնողների արդարացի դժգոհությունները, գրենական պիտույքների ձեռքբերման հարցում պետք է բացառել կամայականությունները, հանրակրթական դպրոցներում օգտագործման թույլատրել միայն ԿԳ նախարարության կողմից լիցենզավորված պիտույքները:
Այնուհետ խոսք գնաց ընթացիկ բերքահավաքի մասին, որի վերաբերյալ մարզպետն իր գոհունակությունն արտահայտեց, կարևորելով նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների ավելացումն ու միջին բերքատվության աննախադեպ բարձր լինելու իրողությունը: Ա. Նալբանդյանը դա պայմանավորեց վերջին տարիներին կառավարության կողմից գյուղատնտեսական արտադրության նկատմամբ օրավուր աճող ուշադրությամբ, առավելապես ֆերմերներին բարձրորակ սերմացուների, մատչելի պարարտանյութերի ու վառելանյութի տրամադրման գործընթացով, որն այսուհետ ևս շարունակական է լինելու: Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետից պահանջեց առավել ջանացավ գտնվել և հետևողական լինել համայնքների կողմից սերմացուի, պարարտանյութի ու դիզվառելիքի պահանջարկի խստագույնս հիմնավորված հայտագրման ու կառավարություն ներկայացնելու հարցում, բացառել գյուղի որևէ տնտեսվարողի դժգոհությունը:
Ի դեպ, Ա. Նալբանդյանը մի հետաքրքիր նորամուծության մասին ակնարկեց: Հոկտեմբերի առաջին կիրակի օրը ավանդաբար նշվող «Բերքի տոն» տոնակատարությանը այսուհետև կավելանա ևս մեկը. նախնական պայմանավորվածությամբ սեպտեմբերի 15-20-ի ընթացքում (կոնկրետ օրը կճշգրտվի) Տաշիրում կմեկնարկի պանրի փառատոն, ուր իրենց արտադրանքը կներկայացնեն մարզի լավագույն պանրագործները: Մարզպետի համոզմամբ փառատոնը կլինի ավանդական՝ միջազգային տոնահանդես դառնալու հավանականությամբ:
Խորհրդակցությանը անդրադարձ եղավ նաև սոցիալական հիմնախնդիրներին; Մարզպետի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մարզի մի շարք համայնքների կարիքավոր ընտանիքների կողմից դպրոցահասակ երեխաներին նյութապես օգնելու մարզպետին ուղղված խնդրանքին, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ «Դիակոնիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Օժանդակություն ՀՀ քաղաքների և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրով առաջիկա օրերին մարզի մի շարք համայնքների ավելի քան 200 կարիքավոր դպրոցականների հագուստ, կոշիկ և գրենական պիտույքներ հատկացնելու վերաբերյալ:
Խորհրդակցությունում հակիրճ տեղեկություններ տրվեցին համայնքներում տեղեկատվական էլեկտրոնային համակարգերի արմատավորման, սեփական եկամուտների հավաքագրման, մարզի առողջապահական հիմնարկներում կատարված ստուգումների արդյունքների, քաղաքաշինական ծրագրերի ընթացքի և այլ հարցերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36