Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

24.08.2013

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Վարդաբլուր համայնքից: Գյուղնախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերություն և ծանոթացել աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սեմացուի վերադարձելիության աշխատանքներին` հետևելով զտմանը, ախտահանմանն ու պարկավորմանը:
Նորաստեղծ ընկերության անդամները գոհ էին պետական աջակցության ծրագրերից, նրանց գնահատմամբ՝ իրենց աշխատանքն ավելի կազմակերպված է դարձել, տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներն արդեն կարգավորվում են՝ արտադրությունից մինչև իրացում:
Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն, և որպեսզի դրանք ավելի արդյունավետ և հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում:
Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են և հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է:
Նույն համայնքում նախարարը հետևել է նաև կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:
Տաշիրի տարածաշրջանում գյուղնախարարն այցելել է հացահատիկի դաշտեր, ծանոթացել ձեռք բերված նոր գյուղտեխնիկային, իսկ «Բոզոյան» ընկերությունում գնահատել հացահատիկի նորակառույց պահեստի հնարավորությունները և նրա սեփականատերերին առաջարկել զբաղվել նաև խոզաբուծությամբ, որը եկամուտի լրացուցիչ աղբյուր կլինի և դրան կծառայի նաև պատրաստի սպանդանոցը:
Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Տաշիրի տարածաշրջանի պանրի արտադրամաս, որտեղ ծանոթացել է արտադրության պայմաններին ու հզորություններին:
Ի դեպ, Լոռու մարզում բավականին աճ կա անասնաբուծության ոլորտի ցուցանիշներում: Ընդհանուր հաշվով տավարի գլխաքանակն ավելացել է 9,2 տոկոսով և կազմել 82 հազար գլուխ, որից կովերինը՝ 40 հազար գլուխ: Ոչխարների աճը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 3.5 հազարով: Նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզպետարանում անցկացրել է նաև խորհրդակցություն մարզի համայնքապետերի մասնակցությամբ:
Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահողեր մտել են շրջանառության մեջ, որից 1500 հա-ի վրա կատարվել է ցորենի ցանք:
Նախարարը գյուղապետերի ուշադրությունն ուղղել է նաև ապօրինի անտառահատումներին և հորդորել անտառի պահպանության հարցում անզիջում լինել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14