Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարարը և Լոռու մարզպետը ծանոթացան սիրիահայ երեխաների առօրյային

17.07.2013

Լոռու մարզպետարանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական աջակցությամբ սիրիահայ 68 երեխաներ և 7 մանկավարժներ իրենց ամառային յոթնօրյա հանգիստն անցկացրին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
Հուլիսի 16-ին նրանց այցելեցին և ճամբարական առօրյային ծանոթացան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախարարության և մարզպետարանի աշխատակիցներ: «Ծիծեռնակ» ճամբարի մուտքի մոտ հյուրերին աղուհացով դիմավորեցին երեխաները: Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարմամբ հնչում էր տոնական երաժշտություն, ապա անցկացվեց հանդիսավոր տողան: Երեխաներն իրենց մանակավարժների ղեկավարությամբ ի ցույց դրեցին ձեռք բերած հմտությունները, հանդես եկան երգ ու պարով, ասմունքով: Նրանց իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Բարեմաղթանքի խոսք ասաց նաև Հրանուշ Հակոբյանը: Նա երախտագիտություն հայտնեց Լոռու մարզպետին նման նախաձեռնություն ցուցաբերելու և Լոռվա չքնաղ բնության գրկում սիրիահայ պատանիների ու աղջիկների հանգիստը կազմակերպելու համար: Տիկին նախարարը հույս հայտնեց, որ ի վերջո կկոտրվեն աշխարհի հայերին սիրիահայ, սփյուռքահայ կամ արցախահայ կոչելու կարծրատիպերը, և բոլորը կկոչվեն մեկ բառով՝ հայաստանցի:
Մարզի ղեկավարը ջերմորեն ողջունեց սիրիահայ պատանիներին և աղջիկներին, նրանց մանկավարժներին, կարևորեց այն, որ երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Լոռու մարզի հնագույն հուշարձաններին, ոգեղեն այն արժեքներին, որոնցով հարուստ է Լոռին, որոնցով հարստացվել է հայոց գրականությունը, արվեստը, ճարտարապետությունը:
-Լոռին, մասնավորապես Վանաձոր քաղաքը, սիրիահայերին ջերմորեն դիմավորել և նրանց համար մշտական բնակության պայմաններ է ստեղծել տակավին 1947 և 1962 թ.թ.: Հարյուրավոր ընտանիքներ՝ ներգաղթելով հայրենիք, բնակություն հաստատելով այն ժամանակ Կիրովական կոչվող քաղաքում, արժանապատվությամբ ու նվիրումով մասնակցեցին քաղաքի կառուցապատման ու շենացման գործին: Այնպես որ, թանկագին բարեկամներ, դուք այսօր հյուրընկալվել եք մի քաղաքում, որտեղ կա նաև սիրիահայ վարպետների կենարար աշխատանքի վաստակը,- ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանը կարևորեց նաև «Վալլեքս խմբի» ընկերությունների մասնակցությունը նախաձեռնության կյանքի կոչման հարցում:
Միջոցառման ավարտին գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Հորովել» երգի-պարի համույթի մենակատարները, պարի խումբը՝ պարի հրավիրելով նաև ճամբարակններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22