Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Թատրոն-X»-ի կազմակերպիչները հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ

27.04.2013

Ապրիլի 10-ից մայիսի 2-ը հանրապետությունում անցկացվում է «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը՝ «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո: Այս տարի փառատոնին մասնակցում են հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր: Լոռու մարզից փառատոնին մասնակցում են Վանաձորի քաղաքապետարանի տիկնիկային և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոննները:
«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ներկայացումներից հետո տեղի են ունենում հրապարակային քննարկումներ:
Ապրիլի 26-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպում ունեցան «Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Լևոն Մութաֆյանը, հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանը, մամուլի քարտուղար Հովհաննես Թեքգյոզյանը հանձնաժողովի այլ անդամներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը:
Արա Խզմալյանը կարևորեց փառատոնի հատկապես մարզային փուլի կազմակերպումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ակտիվացնելու մշակութային կյանքը մարզերում: Նա շնորհակալություն հայտնեց Ա. Նալբանդյանին մշակույթի բնագավառին լուրջ ուշադրություն դարձնելու, հոգացավ վերաբերմունքի համար.
-Լոռին այն եզակի մարզերից է, որտեղ մարզի ղեկավարը թատերական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի,- ասաց Ա. Խզմալյանը: Նա մարզի ղեկավարին շնորհակալագիր հանձնեց «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար: Շնորհակալագրի արժանացավ նաև Արամ Ռևազյանը:
Ա. Նալբանդյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին Լոռու մարզի թատերական խմբերին փառատոնի մասնակիցների կազմում ընդգրկելու համար:
-Լոռու մարզն ինքնին մշակութային մարզ է՝ հարուստ մշակութային ավանդույթներով: Ալավերդում է անցկացվում «Թատերական Լոռի» փառատոնը, որը հավակնում է դառնալ միջազգային: Լոռու մարզպետարանը՝ որպես պետական կառավարում իրականացնող մարմին պատրաստ է աջակցել ցանկացած ողջունելի նախաձեռնության, որն առնչվում է մշակութային կյանքի զարգացմանը,-ասաց մարզպետը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև մշակույթի բնագավառում առկա խնդիրներին՝ վստահեցնելով, որ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու նպատակով:
Փառատոնի կազմակերպիչներին մտահոգել էր հատկապես Վանաձորի տիկնիկային թատրոնի դահլիճային պայմանները, որտեղ նրանք այցելել էին փառատոնի շրջանակներում տիկնիկային ներկայացում դիտելու նպատակով: Նրանք իրենց մտահոգությունները կիսեցին Ա. Նալբանդյանի հետ: Թեև թատրոնը համայնքային ենթակայության է, սակայն մարզպետը խոստացավ ուղիներ որոնել հարցին լուծում տալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36